Մատչելիության հղումներ

logo-print
Հինգ տարի առաջ կազմավորված Ազգային թատերական ստեղծագործական միավորումը թատերական գործիչներին այսօր հրավիրել էր քննարկման` «Մասնագիտական հեռանկարի փակուղում» թեմայով:

Քննարկման հիմքում միավորման նախաձեռնությամբ անցկացվող «Թատրոն X» փառատոնի հնգամյա դիտարկումներն ու արդյունքներն էին:

«Մեկ ամսվա ընթացքում [փառատոնի շրջանակներում] 30 ներկայացում նայել եւ յուրաքանչյուր ներկայացում քննարկել… Այս մեր դիտարկումները հստակ ցույց տվեցին, թե հայ արդի թատրոնը ինչ խնդիրներ ունի եւ ինչ նվաճումներ», - ասաց Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը:

Բոլոր բանախոսները` Արա Խզմալյանը, թատերագետ Լեւոն Մութաֆյանը, բեմադրիչներ Ռուբեն Բաբայանը, Վահան Բադալյանը, ինչպես նաեւ քննարկմանը մասնակցած այլ դերասանները, ռեժիսորները, բազմաթիվ հարցեր բարձրացրին. ովքե՞ր են ընդունվում թատերական բուհեր, ինչո՞ւ լավ ընտրություն չի կատարվում, ինչո՞ւ անգամ շնորհալի երիտասարդները տեղ չեն գտնում թատրոններում, ինչպես գոյատեւել չնչին ֆինանսավորման պայմաններում եւ այլն եւ այլն:

«Մենք ունենք լուրջ չլուծված խնդիրներ, որոնց պատասխանատուները միայն այսօրվա ստեղծագործողները եւ կրթական հաստատությունների այսօրվա ղեկավարները չեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արա Խզմալյանը: - «Սա տասնամյակների պատմություն ունի… Ես ամենեւին չեմ ուզում, որ մեր այս հավաքը ընկալվի որպես ընդդիմադիր կեցվածք Մշակույթի նախարարության հանդեպ: Որովհետեւ, ի վերջո, Մշակույթի նախարարության աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Բայց կարծում եմ, որ հենց Մշակույթի նախարարությանը պետք են հարցերի բարձրացումը եւ դրանց լուծման եղանակների քննարկումը»:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով` շատ լավ է, որ դեռ խնդիրներ կան. - «Երբ խնդիր չկա, ուրեմն կյանք էլ չկա»:

Մանկական գեղագիտական կենտրոնի «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի համոզմամբ` անհրաժեշտ է համակարգային մոտեցում. - «Նույնիսկ հեղափոխական փոփոխությունների կարիք կա, որովհետեւ մենք շատ ենք հետ գնացել եւ խճճվել ենք մեր հետ գնացածի մեջ: Կարծում եմ, որ պետք է զրոյից սկսել»:

Իսկ թատերագետ Լեւոն Մութաֆյանը ցավով շեշտեց. - «Նոր մեզ համար հայտնաբերում ենք 20-րդ դարի 50-60-ական թվականները, ինչը խոսում է մեր գավառայնության, թատերական ընթացքից հետ մնալու մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG