Մատչելիության հղումներ

Թատերական գործիչները քննարկում են թատրոնի խնդիրները


Ապրիլին կայացած «Թատրոն X» 5-րդ հանրապետական փառատոնին մասնակցեցին մոտ 30 թատերախմբեր Երեւանից, մարզերից ու Արցախից: Ուսումնասիրելով ողջ թատերական դաշտը, փառատոններն ու թատերական խմբերի գործունեությունը նաեւ «Թատրոն X»-ի շրջանակներում, ոլորտի պատասխանատուները եկել են այն եզրակացության, որ արդի հայ բեմական արվեստը մի շարք խնդիրների առջեւ է կանգնած, որոնց մասին, ըստ Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանի, այսօր չի խոսվում:

Այսօր ոլորտից մասնագետներ` ռեժիսորներ, թատերագետներ, դերասաններ ու բեմադրիչներ հավաքվել էին Կամերային թատրոնում խնդիրները վերհանելու ու լուծման տարբերակներ գտնելու համար: Իսկ օրակարգում երեք խնդիրներ էին` ռեժիսուրա, բեմական խոսք եւ անկախ թատերական խմբեր:

«Գրեթե տոտալ իմաստով մենք խնդիր ունենք ռեժիսորական արվեստի հետ: Դերասանները բեմում բարձիթողի վիճակում են, ինքնահոսի մեջ են, եւ չկա այն օտարված, մասնագիտորեն գրագետ հայացքը, որը դերասանին կասի` սա այսպես մի արա, բեմական փոխհարաբերություններ չկան: Երկրորդը, որ ես լսում եմ բեմական խոսք, միայն նեգատիվ վերաբերմունք է առաջանում: 30 ներկայացումների մեջ պակասը տրամաբանված, ընկալված եւ ընկալելի խոսքի բացակայությունն էր եւ երրորդը` անկախ թատերախմբերը լքված են, մոռացված են, մենք նրանց մասին շատ քիչ ենք խոսում եւ աջակցությունն այնքան չէ, որքան պետք է»,- նշում է Խզմալյանը:

Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն այսօր լուրջ խնդիրներ է տեսնում նաեւ դերասանական կրթության մեջ:

«Այն շատ պասիվ վիճակում է գտնվում: Մենք չունենք վառ դեմքեր, անհատականություններ, աստղեր, իսկ աստղ նշանակում է մարդ-դերասան-անհատականություն, ում համար հանդիսատեսը գալիս է թատրոն: Այդ անհատականությանը դաստիարակելու պրոցեսն է պետք սկսել», - ասում է նա:

Բադալյանի խոսքով` թատրոնն այսօր ունի նաեւ հայ դրամատուրգիայի խնդիր. - «Կա հայ դրամատուրգիա, կան գրողներ, բայց ինչո՞ւ չի բեմադրվում: Կարծում եմ, մի քիչ արհեստական մոտեցում կա դրամատուրգիայի նկատմամբ: Մեր դրամատուրգները մեր այսօրվա կյանքի մասին չեն խոսում: Այսինքն ստույգ պրոբլեմի մասին բաց խոսելու կարիք կա եւ դա միանշանակ այսօրվա մարդուն կհետաքրքրի»:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի եւ դերասանի վարպետության ամբիոնի վարիչ Ռուբեն Բաբայանի համոզմամբ էլ, թատրոնում անհատականությունները ծնվում են ոչ թե կրթության շնորհիվ, այլ Աստծո կամոք. - «Եղել են եւ կան անհատներ, ուրիշ հարց է, որ կրթական համակարգը Հայաստանում, իմ խորին համոզմամբ, ճիշտ չի կառուցվում», - ասում է նա:

Արա Խզմալյանը նշում է, որ, այս խնդիրներում մեղքի մեծ բաժինը Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտինն է, սակայն ողջ մեղքը բարդել այսօրվա ղեկավարության կամ դասախոսական կազմի ուսերին Խզմալյանը ցանկություն չունի:

«Սրա պատասխանատուն նաեւ նախորդ ղեկավարներն են, պատմական հանգամանքները, դժվար տարիները եւ մենք այսօր ունենք մի մեծ բացթողում հենց այս ասպարեզում», - ասում է նա:

Ռուբեն Բաբայանը նշում է, որ ինստիտուտում բարեփոխումներ արվում են, սակայն այն հիմնական հարցը, որ կրթական պրոցեսի հիմքում լինի ուսանողը, ինստիտուտն, այնուամենայնիվ, չի լուծում:

«Ովքեր են դաս տվողները, ի՞նչ ենք սովորեցնում, մենք տալիս ենք գիտելիքներ, թե մենք սովորեցնում ենք ուսանողին սովորելու ձեւը, որպեսզի նա կարողանա գիտելիքներն ինքնուրույն ձեռք բերել: Պետք է սովորեցնել, որ մարդը կայֆ ստանա սովորելուց, այդ ժամանակ կրթական համակարգն իսկապես կկոչվի կրթական», - ընգծում է Բաբայանը:

Հարցին, թե ո՞ւր կտանեն այս քննարկումները, Խզմալյանը պատասխանեց. - «Մենք կկազմենք առաջարկությունների փաթեթ եւ կներկայացնենք համապատասխան օղակներին. դա կլինի եւ մշակույթի նախարարությունը, եւ Թատերական ինստիտուտը, ու կփորձենք պարբերաբար անդրադառնալ այս հարցերին, սա մի քննարկմամբ լուծվող բան չէ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG