Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը շարունակում է մեծ հույսեր ունենալ, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կվերսկսվի, եւ պաշտոնական Վաշինգտոնը այդ նպատակով շարունակում է իր աշխատանքը Թուրքիայի հետ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

Հարցին, թե որեւէ հեռանկար կա՞ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար, Հեֆերնը պատասխանեց. - «Իհարկե… մենք մեծ հույսեր ունենք, որ [հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման] գործընթացը կվերսկսվի եւ չի կապվի որեւէ այլ հարցի հետ: Մենք շարունակում ենք աշխատել Թուրքիայի հետ եւ դրդում ենք նրան ճիշտ քայլեր կատարել»:

Անդրադառնալով այն հարցին, թե պաշտոնական Վաշինգտոնը ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման համար, Հեֆերնը ասաց. - «Մենք հաճախ հանդիպում ենք հայ ու թուրք ղեկավարների հետ եւ շարունակում ենք դրդել նրանց [նորմալացնել երկկողմ հարաբերությունները]: Մենք նաեւ շատ գոհ ենք, որ Հայաստանի նախագահը կամք դրսեւորեց արձանագրությունները առաջ մղելու համար եւ դրանք Ազգային ժողովից ետ չկանչեց: Հույս ունենք, որ Թուրքիան ճիշտ քայլ կանի»:

Հիշեցնենք, որ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին ավելի քան երկուս ու կես տարի առաջ` 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում` երկու երկրների արտգործնախարարների կողմից: Սպասվում էր, որ այնուհետեւ արձանագրությունները պետք է վավերացնեն երկու երկրների խորհրդարանները, որպեսզի փաստաթղթերը մտնեն ուժի մեջ, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել:

Պաշտոնական Երեւանը բազմիցս է հայտարարել (այդ թվում` Հանրապետության նախագահի մակարդակով), որ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն, առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը բացառվում է:

Արձանագրությունների ստորագրումից մոտ կես տարի անց` 2010 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց` քանի որ «Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել», պաշտոնական Երեւանը կասեցնում է արձանագրությունների վավերացման ընթացակարգը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG