Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին նախագահին հորդորում է չստորագրել սահմանադրական փոփոխությունները


Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար
Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար
Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահին հորդորում է չստորագրել երկրի խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնք, ինչպես նշում էին մեկնաբանները, ապահովում են հենց Իվանիշվիլիի քաղաքական գործունեությունը:

Վրաստանի խորհրդարանը սահմանադրական փոփոխությունները ընդունեց մայիսի 22-ին, ինչից հետո Իվանիշվիլին բաց նամակով դիմել է երկրի նախագահին:

Նա հայտարարել է, որ չի պատրաստվում «Սահմանադրությունը վիրավորելու եւ պետությունը քանդելու գնով» օգտվել քաղաքական իրավունքներից, որ նրան տալիս են սահմանադրական փոփոխությունները` հնարավորություն ընձեռելով մասնակցել ընտրություններին` չունենալով Վրաստանի քաղաքացիություն:

«Դիմում եմ Ձեզ` չստորագրել սահմանադրական փոփոխությունները: Այդպիսով Դուք կփրկեք երկրի պատիվն ու սահմանադրական հիմքը», - մայիսի 22-ի բաց նամակում գրել է Իվանիշվիլին` միաժամանակ նշելով, որ պատրաստ է նորից դիմում գրել երկքաղաքացիություն ստանալու նպատակով:

«Եթե Դուք հաշվի չառնեք իմ խորհուրդը եւ չհրաժարվեք սահմանադրական փոփոխություններից, ապա ես հակապետական գործողությունների մասնակիցը չեմ դառնա, չեմ օգտվի սահմանադրական փոփոխություններով ինձ ընձեռված հնարավորությունից եւ չեմ մասնակցի խորհրդարանական ընտրություններին», - հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Նա նշել է, որ կշարունակի հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությունը այն շրջանակներում, որ սահմանում է Վրաստանի Սահմանադրությունը երկրում բնակվող արտասահմանցու համար:

Վրաստանի իշխանությունները միլիարդատեր Իվանիշվիլիին անցյալ տարի զրկեցին երկրի քաղաքացիությունից անմիջապես այն բանից հետո, երբ նա հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու մտադրության մասին։ Քաղաքացիությունից զրկելու պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ նա միաժամանակ նաեւ Ֆրանսիայի ու Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Իվանիշվիլին հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից ու դիմեց Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար, բայց նրան մերժեցին:

Իվանիշվիլին «Վրացական երազանք» կուսակցություն է հիմնել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Վրաստանի քաղաքացիությոն չունեցող Իվանիշվիլիի մասնակցությունը հնարավոր է դարձել սահմանադրական փոփոխություններով, որոնք նման իրավունք են վերապահում Վրաստանում բնակող Եվրամիության անդամ երկրի քաղաքացուն:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մայիսի 20-ին ասել էր, թե սահմանադրական փոփոխությունները հիմքից կզրկեն դավադրությունը, որի նպատակն է ընտրությունները ոչ լեգիտիմ համարելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG