Մատչելիության հղումներ

logo-print

Հայկական ժառանգության այգի եւ Ցեղասպանության զոհերի հուշարձան` Բոսթոնի կենտրոնում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ Բոսթոնում մասնակցել են քաղաքի սրտում գտնվող՝ Հայկական ժառանգության այգու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` միջոցառմանը, որին մասնակցել են հազարավոր բոսթոնցիներ, Ցեղասպանության հուշարձանի բացումը խորհրդանշող ժապավենը կտրել են Էդվարդ Նալբանդյանը, Մասաչուսեթսի նահանգապետ Դեւալ Փաթրիքը, կոնգրեսական Էդ Մերքին, Բոսթոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն, Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ Ջիմ Գալստյանը, ԱՄՆ-ի Արեւելյան ափի հոգեւոր առաջնորդները:

Նահանգապետ Փաթրիքը, կոնգրեսական Մերքին, քաղաքապետ Մենինոն իրենց ելույթներում կարեւորել են նահանգի հայության ներդրումը Բոսթոնի, Մասաչուսեթսի եւ Միացյալ Նահանգների զարգացման եւ բարգավաճման գործում: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության ոգեկոչման, ճանաչման եւ դատապարտման կարեւորությանը՝ ողջունելով Ցեղասպանության հուշարձանի բացումը Բոսթոնի կենտրոնում:

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Մասաչուսեթսի նահանգային եւ Բոսթոնի քաղաքային իշխանություններին` հայկական համայնքի նախաձեռնությանը սատարելու եւ իրականացմանն օժանդակելու համար, Մասաչուսեթսի հայ համայնքային կառույցներին՝ Հայկական ժառանգության այգու եւ Ցեղասպանության հուշարձանի գաղափարն առաջ քաշելու եւ միահամուռ ջանքերով այն կենսագործելու համար:

«Նրանք, ովքեր հույս էին տածում, որ ժամանակը մոռացության կմատնի ցեղասպանության հրեշավոր հանցագործությունը, խորապես սխալվել են։ Այսօր, գրեթե 100 տարի անց, հազարավոր մարդկանց ներկայությունն այս հուզիչ արարողությունը՝ դրա վառ ապացույցն է», - իր ելույթում ասել է, մասնավորապես, Էդվարդ Նալբանդյանը։

«Ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացման ճանապարհ են հարթում։ Անկախ աշխարհաքաղաքական եւ այլ շահերից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար պայքարի ցեղասպանության դատապարտման եւ դրա կանխարգելման համար։ Այդ միասնականության բացակայության պատճառով է, որ մարդկությունն ականատես է լինում ցեղասպանությունների իրագործման նոր փորձերի», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը` շարունակելով. - «Մեր միասնական ջանքերը սկսում են արդյունքներ տալ։ Շուրջ մեկ դար Թուրքիայում փակի տակ գտնվող քննարկումը բացվում է»:

«Կցանկանայի հույս հայտնել, որ այս այգին կդառնա մի վայր, մի ուխտատեղի, որտեղ կգան ոչ միայն ցեղասպանության զոհերի ժառանգները, այլ նաեւ այդ հանցագործությունն իրագործողների ժառանգները, եւ միասին ծաղիկներ կդնեն անմեղ զոհերի հիշատակին», - ասել է Նալբանդյանը։

Բոսթոնում Հայաստանի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարները այցելել են նաեւ Սուրբ Երրորդության եկեղեցի, Հայկական մշակութային եւ կրթական կենտրոն եւ Հայկական թանգարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG