Մատչելիության հղումներ

Չիկագոյում հայկական խնդիրները չեն շրջանցվել


ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը Անկարայում, ապրիլ, 2009թ.
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը Անկարայում, ապրիլ, 2009թ.
Թեեւ Հայաստանի նախագահն այդպես էլ չմեկնեց Չիկագո` մասնակցելու ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին, այնուհանդերձ, հայկական խնդիրները համաժողովի ընթացքում չեն շրջանցվել:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն իր ամերիկացի պաշտոնակցի` Բարաք Օբամայի հետ բանակցությունների ժամանակ մի շարք թեմաների հետ մեկտեղ անդրադարձել է նաեւ հայ - թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարներին:

«30 րոպե տեւած հանդիպման ընթացքում Օբաման եւ Գյուլը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը, հայ - թուրքական հարաբերություններն ու Կիպրոսի խնդիրը», - գրում է պարբերականը` այլ մանրամասներ չհաղորդելով:

Օբամա - Գյուլ քննարկման գլխավոր թեման, սակայն, եղել է ամերիկյան անօդաչու հետախուզական սարքերի վաճառքը Թուրքիային:

«Դա մեր վարչակազմի օրակարգում է, սակայն գործարքը ես չեմ կարող միայնակ իրականացնել», - ըստ դիվանագիտական աղբյուրների, Գյուլին դիմելով նշել է Միացյալ Նահանգների նախագահը` հատուկ ընդգծելով, որ Թուրքիային անօդաչու սարքերի վաճառքն անհնարին է առանց Կոնգրեսի աջակցության:

Հիշեցնենք, որ մի շարք կոնգրեսականներ արգելափակել են անօդաչու սարքերի վաճառքը պաշտոնական Անկարային:

Չիկագոյի համաժողովի շրջանակներում երկուշաբթի օրն առաջին անգամ հանդիպել են նաեւ Թուրքիայի ղեկավարն ու Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ֆրանսիական հանրապետության նոր ղեկավարից Թուրքիայում առկա սպասելիքները բավական հակասական են: Մի կողմից, թուրքական իշխանությունները հույս ունեն, որ Անկարայի հետ իր սառը հարաբերություններով հայտնի Սարկոզիից հետո նրա հաջորդն ավելի կառուցողական դիրքորոշում կորդեգրի: Մյուս կողմից, թուրքական կողմի աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ Օլանդը ընդամենը մեկ ամիս առաջ` ապրիլի 24-ին մասնակցեց ֆրանսահայության` Փարիզում կազմակերպած միջոցառումներին:

Ըստ թուրքական աղբյուրների` Գյուլի եւ Օլանդի հանդիպումը փոքր-ինչ լարված մթնոլորտում է անցել:

Հանդիպման ավարտին կայացած ասուլիսի ժամանակ Գյուլը բանակցությունների մասին որոշ մանրամասներ է հաղորդել:

«Ես հարցրեցի Օլանդին` ո՞րն է Ֆրանսիայի պրոբլեմը Թուրքիայի հետ։ Ի՞նչ խնդրի շուրջ են մեր բախումները: Կա՞ արդյոք մի հարց, որ ստիպում է դիտարկել միմյանց որպես թշնամիներ», - նշել է Գյուլը` հիշեցնելով նաեւ, որ վերջին 20 տարիներին Ֆրանսիայի նախագահներից եւ ոչ մեկը ոտք չի դրել Թուրքիա:

«Վատ չէր լինի, եթե մենք կարողանայինք մեր հարաբերություններում նոր էջ բացել», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Որոշ թուրքական աղբյուրների պնդմամբ` Գյուլի հետ հանդիպման ընթացքում Ֆրանսուա Օլանդը նշել է, թե «նախկինում եղած թյուրիմացությունները չպետք է ստվերեն այսօրվա հարաբերությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG