Մատչելիության հղումներ

Մայիսի 23-ի մամուլ


«Երկիր» օրաթերթի խմբագիրը գրում է. - «Ինչ է առաջին հերթին անում «հոգատար» ծնողը, երբ ուզում է, որ հիվանդ երեխան չլացի. նոր, զվարճալի հետաքրքրություն է գտնում նրա համար, որով, իհարկե, հիվանդությունը չի բուժում: Հանրությունը հիմա այդ երեխայի կարգավիճակում է: Հենց սկսեց լացել ընտրակաշառվելու արդյունքում ստացած վնասվածքի ցավից, հենց սկսեց հասկանալ` ինչպես խաբվեց ու օգտագործվեց, «հոգատար» մայրը նրա ձայնը կտրելու համար հետաքրքրություն գտավ` դեմ տվեց միաժամանակ երկու նոր, չտեսնված թամաշա. կոալիցիա ձեւավորելու շուրջ սկսված շոուն եւ միասեռականության դեմ ֆաշիստական «անողոք պայքարի» տրագիկոմեդիան: Սկզբունքայնության եւ թեթեւամտության, «ազատամտության» եւ ազգայնականության դիմակայության գավառական այս թատրոնում, որտեղ առաջնայինն ու երկրորդականը, արժեքայինն ու արհեստականը խառնվել են իրար, հանրությունը տարվել է լավ բեմադրված ներկայացումներով, որոնք կզբաղեցնեն նրան, քանի դեռ խաղացանկը չի փոխվել»:

«Ժողովուրդ»-ը գրում է. - «Հետընտրական Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը ցույց տվեց, որ մի բան է ընտրություններ կեղծելը, մեկը մյուսից ձայներ փախցնելն ու դիտորդներին կաշառելը, մեկ այլ բան` այդ ամենի արդյունքում ձեռք բերած իշխանական կարկարդակը կիսելը: Արդեն 17 օր շարունակ ներիշխանական բանակցություններն այդպես էլ արդյունք չեն տալիս` ՀՀԿ-ին ոչ մի կերպ չի հաջողվում «կոտրել» ԲՀԿ-ին` նրան ստիպելով ստորագրել 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու համաձայնագրի տակ կամ առնվազն կրկնել այս բազմիցս թարմացված կոալիցիոն հուշագիրը: Փորձագետների զգալի մասը վստահ էր, որ այս հարցը վերջապես կլուծվի Սերժ Սարգսյանի` մայիսի 15-ի մոսկովյան այցից հետո: Սակայն, ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը, սպասված հանգուցալուծումը տեղի չունեցավ: Ըստ որոշ պնդումների` պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց առանձնազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ` վերջնականապես ճշտելու համար իր հետագա անելիքները»:

«Առավոտ»-ը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Լրագրողը հարցնում է. - «Իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում շրջանառվող այն լուրերը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խնդիր է դրել, որպեսզի վարչապետի պաշտոնն իրեն տրվի»: Պատասխան. - «Ես չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այնքան միամիտ են, որպեսզի մեր առջեւ նման խնդիր դնեն: Թե' վարչապետը, թե' ԱԺ նախագահը լինելու են ՀՀԿ-ից»: Հարց. - «Իսկ գործող վարչապետի փոփոխության հարց քննարկվե՞լ է»: Պատասխան. - «Գործող վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել… Քանի որ ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում որեւէ վերջնական որոշում չկայացվեց, հետեւաբար ամսի 24-ի նիստում կքննարկվի այն հարցերի շրջանակը, որը նախորդ նիստում էր: Ես չեմ բացառում, որ ապագա քաղաքական զարգացումների հետ կապված որոշումներ ընդունվեն, ինչպես նաեւ չեմ բացառում, որ այդ նիստից հետո՝ մինչեւ մայիսի 31-ը, եւս մեկ նիստ հրավիրվի»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք. - «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կձեւավորեն կոալիցիա, թե ոչ` պարզ կդառնա արդեն առաջիկա օրերին: Բայց արդեն այսօր ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը վերածվել է կատարյալ աբսուրդի: Եթե ցանկացած նորմալ երկրում ընտրությունների արդյունքում որեւէ ուժ բացարձակ մեծամասնություն ստանար, կոալիցիա ձեւավորելու մասին չէր էլ մտածի, հակառակը` մյուս ուժերը կձգտեին համագործակցել այդ ուժի հետ եւ կոալիցիա կազմել: Իսկ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է: Տպավորությունն այնպիսին է, թե ՀՀԿ-ն ընտրություններում «հաղթելուց» հետո խուճապի մեջ է ընկել եւ սրան-նրան հրավիրում է, որ իր հետ կոալիցիա կազմեն: Հարց է ծագում` իսկ ինչո՞ւ է իրար խառնվել Հանրապետականը: Եթե իսկապես վայելում եք ժողովրդի վստահությունը` գնացեք հանգիստ կառավարություն կազմեք, ինչո՞ւ եք «խորհրդակցություններ անցկացնում բոլոր ուժերի հետ, բացի ՀԱԿ-ից»: Պատասխանը պարզ է. որովհետեւ իրենք էլ շատ լավ գիտեն, որ իրենք իրականում չեն ստացել այդ 44 տոկոսը»:

Խոսելով Չիկագոյում Հայաստանի վերաբերյալ ընդունվելիք բանաձեւի վերաբերյալ` քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Ժամանակ» թերթի հարցազրույցում ասում է. - «Այստեղ որեւէ նորություն չկա, միայն կարելի է ասել, որ այս բանաձեւը շատ ավելի լղոզված է, անորոշ, բայց ընդհանուր փիլիսոփայությունը նույնն է, եւ դա է պատճառը, որ կարծում եմ, որ պետք է տեսնել, թե էլ ինչ քաղաքական պատճառներ են եղել, որոնցից ելնելով Սերժ Սարգսյանը չի գնացել Չիկագո»: Հարց. - «Իսկ կարո՞ղ ենք այդ քաղաքական պատճառներից մեկն էլ համարել այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ չի գնացել Չիկագո»: Պատասխան. - «Իհարկե, այդ խնդիրն էլ էական է: Հայաստանի անվտանգության հիմնական խնդիրները լուծվում են Ռուսաստանի Դաշնության եւ ԱՊՀ երկրների հետ, եւ բնական է, որ Չիկագո չգնալը ինչ-որ տեղ կապված է Պուտինի չգնալու հետ: Այդ կապը, իհարկե, կա, քանզի ի վերջո, եթե մի համակարգի հետ եք ապահովում ձեր անվտանգությունը, ապա այդ համակարգը ներկայացնողի կարծիքը նման պարագաներում, իհարկե, նշանակություն ունի: Կարծում եմ, հենց դա է հիմնական պատճառը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG