Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ թեեւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասել է, որ իրենք պատրաստ են Հանրապետականի հետ նոր կոալիցիա կազմել, սակայն երկու քաղաքական ուժերն էլ սպասում են, թե ինչ ընթացք կստանան բանակցությունները Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստանի» միջեւ, որպեսզի նոր կոալիցիայի կազմի վերաբերյալ վերջնական, ընդհանուր որոշում կայացվի:

Բիշարյանն ասաց, թե ներկայումս նոր իշխող քաղաքական կոալիցիայի ձեւավորման շուրջ բանակցություններ են ընթանում միայն ԲՀԿ-ի հետ:

«Քանի որ այս պահին նաեւ ԲՀԿ-ի հետ կան բանակցություններ, ինչպես ողջ մամուլն է այդ մասին խոսում, այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու մասին խոսակցություններ չկան, ստացվում է այնպես, որ ՕԵԿ, ՀՀԿ եւ ԲՀԿ շրջանակներում է կոալիցիա ձեւավորվելու քննարկումները գնում: Այս բանակցությունների գործընթացը ավարտվելուց հետո, ես կարծում եմ, որ երեք քաղաքական ուժի դեմքով կձեւավորվի կոալիցա», - ասաց Բիշարյանը:

Այն հարցին, թե նոր կոալիցիայի կազմի վերաբերյալ ե՞րբ վերջնական որոշում կկայացվի, ե՞րբ կավարտվեն բանակցությունները, Հեղինե Բիշարյանը հակիրճ պատասխանեց` շուտով:

Հաջորդ հարցին` եթե բանակցությունները ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ դեռեւս ընթացքի մեջ են, իսկ ի՞նչ պայմանավորվածություն է կայացել ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ, Բիշարյանը պատասխանեց. - «Պետք ասեմ, որ քննարկումներ կան, եւ այդ քննարկումների գործընթացում մեզ կարծես թե որոշակի մասով հասկանալի է դառնում, որ մենք գնում ենք ձեւավորվելու կոալիցիա: Մեր մասով կարծես թե բավականին ձեւավորվում է կարծիքը, որ, այո, մենք հետագայում արժի, որ կոալիցիա կազմենք եւ գնանք միասին աշխատելու»:

«ՕԵԿ-ը այս պահին ինչ-որ նոր առաջարկ կառավարության պորտֆելների հետ կապված չի անում կամ այդպիսի քննարկում տեղի չի ունենում, քանի որ դեռ պետք է ձեւավորվի խորհրդարանը: Հետո երբ կառավարությունը կձեւավորվի, բնականաբար, առաջարկությունները կքննարկվեն», - մանրամասնեց Բիշարյանը:

Բիշարյանը նաեւ հայտարարեց, թե չի բացառվում, որ կառավարությունում ՕԵԿ-ի նախարարական պորտֆելները ավելանան:

«Ոչինչ չեմ բացառում, անկեղծ ասած, ավելանալու, պակասելու կամ ընդհանրապես փոփոխության հետ կապված», - ասաց նա:

Ներկայիս կառավարությունում ՕԵԿ ունի նախարարական երեք պորտֆել` Արմեն Երիցյանը արտակարգ իրավիճակների նախարարն է, Մանուկ Վարդանյանը` տրանսպորտի եւ կապի, իսկ Սերգո Կարապետյանը գլխավորում է գյուղատնտեսության նախարարությունը:

Այս տարի մարտի 3-ին կայացած ՕԵԿ-ի 10-րդ համագումարում, ուր, փաստորեն, որոշվեց, թե կուսակցությունը ինչպես է հանդես գալու մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե կուսակցությունը ունի 150 հազար անդամ: Մինչդեռ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ը ստացավ 83 123 ձայն, այսինք` իր անդամների թվից ավելի քիչ: Հարցին, թե ինչպե՞ս կբացատրի դա, Բիշարյանը պատասխանեց. - «Ես պետք է ասեմ, որ բավականին լուրջ ընտրակաշառքի գործընթաց է տեղի ունեցել, եւ ուղղակի մեր հայրենակիցները չեն դիմացել այդ գայթակղությանը: Սա, իհարկե, ցավալի է, ողբերգություն է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG