Մատչելիության հղումներ

Մարզպետը «տեսականորեն անհնար» է համարում Կոտայքի մարզը ԲՀԿ-ին տալը


Armenia -- Governor of Kotayk region Kovalenko Sahgaldian, undated

Armenia -- Governor of Kotayk region Kovalenko Sahgaldian, undated

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մայիսի 25-ին չվճարվող տասնօրյա արձակուրդի է մեկնում եւ, ինչպես տեղեկացնում են կառավարությունից, նրա բացակայության ընթացքում Կոտայքի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է փոխմարզպետ Վալերիկ Բակլաչյանի վրա:

Հանրապետական մարզպետի արձակուրդը համընկնում է ՀՀԿ-ի գործադիր մարմնի առաջիկա նիստի օրերի հետ, երբ նախնական տեղեկություններով` քննարկվելու են կոալիցիա կազմել-չկազմելու, նոր կառավարության ձեւավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ հստակեցվելու է այն պատգամավորների ցանկը, ովքեր նոր գումարման խորհրդարանում զբաղվելու են պատգամավորական գործունեությամբ:

Հանրապետականի համամասնական ցուցակի 69-րդ հորիզոնականը զբաղեցնող Կովալենկո Շահգալդյանը տեղեկացրեց, որ ինքը ինքնաբացարկ է հայտնել` մարզպետի աշխատանքը շարունակելու ակնկալիքով, իսկ այս լարված շրջանում իր 10-օրյա բացակայությունը մարզպետը պայմանավորեց «շատ կարեւոր, անձնական խնդիրներով»:

Կովալենկո Շահգալդյանի գլխավորած Կոտայքի մարզը հանրապետության միակ մարզն է, որտեղ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով հաղթել է ԲՀԿ-ն՝ 68904 ձայնով. իշխող ՀՀԿ-ն ԲՀԿ-ից ավելի քան 18 հազարով պակաս քվե է այստեղ ստացել: Ուստի այս օրերին շրջանառվում են լուրեր, որ նոր գումարման խորհրդարանում նախորդից 10 մանդատով ավելի ներկայություն ապահոված ԲՀԿ-ն ցանկանում է ՀՀԿ-ի հետ հուշագիր կամ համաձայնագիր ստորագրելու պարագայում Կոտայքի մարզպետի պաշտոնն էլ վերցնել: Ներկայումս տաս մարզպետներից երկուսն են ԲՀԿ-ականներ:

«Բարեբախտաբար, թե դժբախտաբար, այդպիսի տեղեկատվություն չունեմ: Դա երկրի ղեկավարի որոշելիք հարցն է կոալիցիոն հուշագրով: Ինչ կորոշեն, մենք էլ այդ որոշումը հիմք կհամարենք եւ այդ որոշման դրույթները կաշխատենք իրականացնել», - ասաց Շահգալդյանը:

Կոտայքի մարզպետն ասաց, թե իրեն ոչ ոք ոչինչ չի ասել իր պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ:

«Եթե ես զգամ, որ արդեն ինձ սպառել եմ, այդ պաշտոնում այլեւս անկարող եմ, այլեւս ունակ չեմ, ինձ ասել պետք չէ, ես ինքս կհեռանամ: Բայց այսօր այդպիսի իրադրություն չկա, շարունակում եմ պաշտոնավարել, երկար եմ պաշտոնավարելու», - ասաց նա:

Շահգալդյանը հայտարարեց, որ իր համար անընդունելի է «Ծառուկյանի ազդեցության մարզ» կամ «Ծառուկյանի մարզ ձեւակերպումը»:

«Կոտայքը Հայաստանի տաս մարզերի մեկն է, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Մարզը որեւէ մեկի սեփականությունը կամ տիրույթը չէր կարող լինել, այդ թվում եւ իմ», - ասաց մարզպետը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է մարզպետը պայմանավորում Կոտայքի մարզում ՀՀԿ-ի պարտությունը եւ կուսակցության ղեկավարությունը հնարավո՞ր է իրեն պատժի դրա համար, Շահգալդյանը պատասխանեց. - «Ինչի՞ համար պատժեն… Մենք հո՞ պատերազմական վիճակում չենք: Մենք ընդամենը մրցել ենք, ոչ թե պատերազմ էր: Մենք կոալիցիոն գործընկերներ ենք եւ փորձել ենք մեր ուժերը մեկ անգամ եւս փորձարկել: Մենք տարանք այնքան ձայներ, որքան ունեինք Կոտայքի մարզում համակիրներ»:

Դիտարկմանը, թե փաստորեն Ծառուկյանն ավելի շա՞տ համակիրներ ուներ մարզում, Շահալդյանը պատասխանեց. - «Էհ…, եթե դրանք էլ գումարենք այն բազմաթիվ ձեռնարկությունները, որ Ծառուկյանը ունի այս տարածքում, եւ այդքան աշխատողներ, բնականաբար, ինչ-որ ձեւով առավելություն պիտի ստանար»:

Իշխող ՀՀԿ խոսնակ, հանրապետական խոսնակ Էդուարդ Շարմազանովը փոխանցեց, որ մարզպետների փոփոխության հարց իրենց մոտ չի քննարկվել` միաժամանակ հավելելով, որ «քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ», եւ հաշված օրեր անց ամեն ինչ ավելի հստակ կլինի: Իսկ այն լուրերին, որ ԲՀԿ-ն ցանկանում է վերցնել Կոտայքի մարզպետի պաշտոնը, Շարմազանովն այսպես արձագանքեց. - «Ուզելը քաղաքական կատեգորիա չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG