Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի․ «Մենք գագաթնաժողովից ստացանք մեր ուզածը»


ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Չիկագո, 21-ը մայիսի, 2012թ․

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Չիկագո, 21-ը մայիսի, 2012թ․

Չիկագոյում ավարտվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի օրակարգում առանցքայինը Աֆղանստանում պատերազմն ավարտելու եւ միջազգային ուժերի մեծ մասը մինչեւ 2014-ի տարեվերջ դուրս բերելու խնդիրն էր։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չիկագո չի մեկնել` գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սատարող ձեւակերպում ներառելու պատճառով։ Նրա փոխարեն գագաթնաժողովում Հայաստանը ներկայացրել է արտգոծնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ասել է, որ Հայաստանը շարունակելու է աջակցել Աֆղանական գործողությանը։

Բաքվում դիվանագիտական նվաճում են անվանում Չիկագոյի գագաթնաժողովը։

Մինչդեռ, Հարավային Կովկասի նախագահներից առնվազն մեկը չափազանց խանդավառված է խոսում գագաթնաժողովի մասին․ Վրաստանը տարիներ շարունակ հետեւողականորեն աշխատում է մոլորակի ամենահզոր ռազմական միությանը` ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ։

Անցած տարիների ընթացքում միայն հավաստիացումներ են տվել առ այն, որ Վրաստանն ի վերջո մի օր կարող է միանալ ՆԱՏՕ-ին, սակայն դա պայմանավորել են բազմաթիվ «եթեներով». եթե Վրաստանը պայքարի կոռուպցիայի դեմ, դառնա դեմոկրատական, իրագործի անհրաժեշտ բարեփոխումները, բանակի մակարդակը բարձրացնի պահանջված աստիճանի։

Թբիլիսին անընդհատ ընդգծել է, թե կատարում է բարեփոխումները, զինվորների մեծ թվաքանակով է մասնակցում Աֆղանստանի օպերացիային։ Այդպես, կարծես, հարեւանները Արեւմուտքին ինչ-որ տեղ նախատելով հարց են տալիս, թե՝ «այսքանից հետո էլ ի՞նչ եք ուզում»։

Հիմա Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ասում է, որ իր երկիրը Չիկագոյում ստացել է այն, ինչ ակնկալել է։

«Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հաջորդ գագաթնաժողովը կդառնա ընդարձակման գագաթնաժողով։ Եվ դա միայն նրա կարծիքը չէ, այդ հարցում արդեն կա կոնսենսուս»,- ասել է Սահակաշվիլին, ավելացնելով, որ ինքը երբեւէ այդքան համոզված չի եղել անդամակցության հարցում, որքան Չիկագոյի հավաքից հետո։

«Հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2014-ին։ Վրաստանն ունի շատ լավ հնարավորություններ։ Եթե մեր առաջընթացը շարունակվի, իսկ ես չեմ կասկածում, որ մենք շատ լավ վիճակում կլինենք, այդ դեպքում հաջորդ գագաթնաժողովում չափազանց դժվար կլինի բացատրել, թե ինչու Վրաստանը չի ընդունվում ՆԱՏՕ»,- ասել է Սահակաշվիլին։

Հանդիպելով ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակ հետապնդող Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի եւ Վրաստանի արտաքին գործոց նախարարների հետ, պետքարտուղար Քլինթոնն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ակնկալում է, որ այդ երկրներում կիսում են ՆԱՏՕ-ի արժեքները, փորձում են եւ կարող են հասնել ՆԱՏՕ-ի չափանիշներին եւ օգնում է, եթե համոզվում է, որ կա առաջընթաց, քանի որ դա հենց ՆԱՏՕ-ի շահերից է բխում։

«Մենք հասկանում ենք, որ դա բազում մարտահրավերներով երկարատեւ գործընթաց է, բայց այն մեզ անհրաժեշտ է, մենք պարտավոր ենք չմոռանալ, որ մեր վերջնական նպատակը առավել հզոր եւ ամուր, առավել արդյունավետ ՆԱՏՕ-ն է»,- ասել է պետքարտուղար Քլինթոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG