Մատչելիության հղումներ

Մշակութային բազմազանության շքերթը դիտարկել էին որպես միասեռականության քարոզ


«Խոսել կարծրատիպերի, տարբեր մշակույթների եւ մշակութային բազմազանության մասին». ըստ երեկ աղմուկ բարձրացրած բազմազանության օրվան նվիրված շքերթի մասնակիցների սրանք էին շքերթի նպատակները:

Մասնակից կազմակերպությունների ներկայացմամբ, շքերթի եւ նախատեսված ցուցահանդեսի նպատակը մարդկանց մշակութային բազմազանությանը ծանոթացնել էր:

«Կոնկրետ մեր կազմակերպությունը ներկայացրել էր փախստական կանանց Իրաքից, ովքեր ունեն տարբեր հիմնախնդիրներ, որպեսզի իրենց խոսքը ասեին: Ուզում էինք, որ այդ կանայք ներկայացնեին իրենց խնդիրները, եւ փորձեինք ինչ-որ լուծումներ գտնել, որ էլչհանդիպեն իրենց խոսքով «մուսուլման» եւ «թուրք» պիտակավորումներին», - ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանը:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2002 թվականին մայիսի 21-ը հայտարարել է մշակութային բազմազանության օր՝ զարգացման եւ երկխոսության նպատակով:

«Կարծում եմ, որ այս միջոցառումը ապշեցուցիչ ապատեղեկատվության հետեւանքով վերածվեց քաոսի: Որոշ հայտարարություններ էին այստեղ-այնտեղ, թե սա գեյ-շքերթ է, որը աբսուրդի գագաթնակետն է», - նշեց Գոհար Շահնազարյանը: Նա կոչ արեց լրատվամիջոցներին հանել վերագրերից այդ արտահայտությունը:

Կազմակերպիչները նշեցին, որ հրավիրել էին ներկայացուցիչների տարբեր ազգային փոքրամասնություններից, սակայն մի մասը հեռացել էին` տեսնելով ագրեսիվ տրամադրված տասնյակ երիտասարդների:

Երեկ մշակութային բազմազանության շքերթին դեմ հանդես եկած հրապարակախոս Վահե Անթանեսյանը նշեց, որ իրենք այդ շքերթը դիտարկել են որպես միասեռականություն քարոզող շքերթ:

«Այնտեղ առկա էին միասեռականների դրոշակը ծիածանի գույներով, կար ԼԳԲՏ հապավումը, դա միասեռականության քարոզ էր », - ասաց «Նախնյաց հետքերով» հասարակական կազմակերպության նախագահ Արման Մխիթարյանը:

Հակաակցիայի կազմակերպիչները նշում էին, որ իրենց ուղղված սադրանքներ են եղել:

Իրենց կողմից էլ հնչում էին «մահ ոսոխին», «դուք հայ չեք» կոչեր: Երբ կազմակերպիչները ներս անցան Նկարիչների միություն, դրսում հավաքված երիտասարդները շարունակում էին բղավել, թե «մեկա դուրս եք գալու».

«Որ դուրս գային, էլի շրջապատելու էինք նրանց եւ տանեինք Թամանյանի արձանի մոտ, եթե իրանք կգնային, որպեսզի փողոցում միամիտ քայլող ձեր բարեկամները չտեսնեին նրանց պաստառները, որպեսզի ձեր երեխեն նրանց հանկարծ չկպչեր», - ասացին բանախոսները:

Թե՛ բազմազանության շքերթի, թե՛ հակաշքերթի կազմակերպիչները միմյանց մեղադրում էին սադրանքների, արտասահմանից ֆինանսավորվելու, երկիրն ապակայունացնելու մեջ:

Ըստ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի` «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը» եւ այս իրավունքը սահմանափակվում է միայն օրենքով:


XS
SM
MD
LG