Մատչելիության հղումներ

Բաքվում մեկնարկում է «Եվրատեսիլ»-ը


Բաքվի Crystall Hall համալիրը, որտեղ անցկացվելու է «Եվրատեսիլ - 2012»-ը
Բաքվի Crystall Hall համալիրը, որտեղ անցկացվելու է «Եվրատեսիլ - 2012»-ը
Երեքշաբթի օրը Բաքվում մեկնարկում է «Եվրատեսիլ» միջազգային 57-րդ փառատոնը։

Ադրբեջանի մայրաքաղաքն այդ պատվին է արժանացել 2011 թվականի մրցույթում Էլդար-Նիգար զույգի հաղթանակի շնորհիվ։

Այսօր տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչը, մայիսի 24-ին` երկրորդը։ Կիսաեզրափակիչ փուլերի արդյունքում երկու խմբերից 10-ական երկիր կանցնի եզրափակիչ, որը տեղի կունենա շաբաթ օրը` մայիսի 26-ին։

«Եվրատեսիլ»-ին մասնակցելու հայտ էր ներկայացրել 42 երկիր, այդ թվում` Լեհաստանը եւ Հայաստանը։

Լեհաստանը դեռ 2011 թվականի դեկտեմբերին է հաղորդել չմասնակցելու մասին` նշելով, որ լեհական հեռուստատեսությունը ցանկանում է լավ նախապատրաստվել 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լուսաբանմանը։

Իսկ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը այս տարվա մարտի 7-ին է հայտնել մասնակցությունից հրաժարվելու մասին։ «Որեւէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու», - ասված էր Հանրայինի հայտարարությունում։

Հետագայում Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, թե Հայաստանը այդ որոշման համար կտուգանվի։ Միության լրատվամիջոցների հետ կապերի վարչության ղեկավար Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը ասել է, որ միությունը Հայաստանին պարտավորեցնում է վճարել մասնակցավճարը եւ դրա 50 տոկոսի չափով էլ` տուգանք։ Բացի այդ, միությունը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը պարտավորեցնում է ուղիղ եթերում ցուցադրել եզրափակիչ փուլը` սպառնալով այլապես Հայաստանին զրկել հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ին մասնակցելու իրավունքից։

Ադրբեջանը մոտ 135 միլիոն դոլար է տրամադրել Բաքվում արդիական մարզահամերգային համալիր կառուցելու նպատակով։ Կառուցվել են նոր ճանապարհներ, շենքեր, սակայն, ըստ իրավապաշտպանների, հանուն այդ շինարարության տասնյակ հազարավոր բնակիչների վտարել են իրենց տներից։

Իրավապաշտպաններն ասում են նաեւ, թե բարեկեցիկ եւ ժողովրդավարական արեւմտյան երկրներն աչք են փակել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա, ոստիկանությունը բիրտ գործողություններով ցրել է ցույցերը։ Եվրոպական հեռարձակողների միությունը լռել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին եւ դրանով միայն քաջալերել է իշխանություններին` շարունակելու բռնությունները։

«Նրանք հիմա հասկանում են, որ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի։ Մենք տեսնում ենք նաեւ, որ Եվրամիությունն էլ գերադասում է չարծարծել Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը, քանի որ նավթի եւ գազի եկամուտ է ստանում այդ երկրից, քանի որ Ադրբեջանը Իրանի հետ սահման ունի եւ ճանապարհ է դեպի Աֆղանստան», - ասել է Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Մաքս Թաքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG