Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ին «չի մտահոգել» երկու կուսակցությունների դուրս գալը դաշինքի կազմից


ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմից «Հանրապետություն» եւ Հայաստանի լիբերալ կուսակցությունների դուրս գալով «Կոնգրեսը բացարձակապես չի տուժում», «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ այս վերջին զարգացումներն իրենց «բացարձակապես չեն մտահոգել»:

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունն ու Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած Հայաստանի լիբերալ կուսակցությունը մայիսի 18-ին հայտարարեցին ՀԱԿ-ի շարքերը լքելու իրենց որոշումների մասին: Նրանք վկայակոչում են քաղաքական հարցերում դաշինքի հետ ունեցած «սկզբունքային տարաձայնությունները»: Մինչդեռ Լեւոն Զուրաբյանը հերքում է «սկզբունքային եւ խորացող» տարաձայնությունների մասին պնդումները:

«Տարակարծություններ միշտ էլ եղել են, բայց որ անհաղթահարելի տարաձայնություններ կան, որոնց պատճառով որեւէ ուժ ցանկացել է դուրս գալ ՀԱԿ-ից, դրա մասին երբեւիցե ոչ ոք չի բարձրաձայնել քաղխորհրդում: Ավելին ասեմ՝ ՀԱԿ-ից դուրս գալու որոշման մասին մենք իմացել ենք մամուլից: Մեզ հետ ոչ ոք չի խոսել, ոչ ոք չի զգուշացրել նման քայլի մասին. սա արդեն ինչ-որ բան նշանակում է», - ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է այս կուսակցությունների դուրս գալու պատճառը, հնարավո՞ր է Կոնգրեսի համամասնական ցուցակում տեղերի բաշխումն է ժամանակին դժգոհությունների առիթ դարձել եւ հիմա է բարձրաձայնվում, Զուրաբյանը պատասխանեց. - «Ես չեմ ցանկանում մտնել փոքր եսասիրական հարցերի քննարկման մեջ: Իրենք թող բացատրեն, թե ինչն է իրենց որոշման հիմքում ընկած»:

Հակադարձելով դաշինքը լքած Հայաստանի լիբերալ կուսակցության այն հայտարարությանը, որ Կոնգրեսը պետք է վայր դներ պատգամավորական 7 մանդատները, քանի որ յոթ մանդատը համարժեք չէ մարտի 1-ին 10 զոհ եւ քաղբանտարկյալներ ունեցած շարժման նպատակներին, Կոնգրեսի համակարգողը հայտարարեց, որ «այդ տրամաբանությունն իր համար բացարձակապես անընդունելի է»:

«Մեր մանդատները զուլալ, ժողովրդի ձայնով ձեռքբերված մանդատներ են: Ոչ գողացված են, ոչ ընտրակաշառքով են ձեռքբերված, ոչ էլ սպառնալիքով ու քաղաքական հետապնդումով: Անգամ այս փոքր հաղթանակը մեծ կարեւորություն ունի եւ ժողովրդին հույս է ներշնչում: Իսկ մանդատները վայր դնելը կլիներ ամենամեծ արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ», - ասաց ՀԱԿ համակարգողը:

Զուրաբյանն, այնուհանդերձ, Կոնգրեսի շարքերում սկսված այս գործընթացները «շատ տրամաբանական» է համարում այն տեսանկյունից, որ 2008-ին մեկ տասնյակից ավելի ուժեր Կոնգրեսին շարքերում միավորվել են կոնկրետ նպատակների շուրջ` այդ թվում քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատ անցկացման, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման եւ այլն:

«Այդ նպատակներից մի մասը կատարվել են, մյուս մասը՝ ոչ, եւ այժմ նոր հանգրվանային իրավիճակում անդամ կուսակցությունները վերագնահատում են իրենց անցած ուղին եւ փորձում են գտնել իրենց քաղաքական ծրագրերի համար ավելի նպատակահարմար ճանապարհ», - ասաց Զուրաբյանը. - «Իմ կարծիքով` այդ մարտավարությունը իրենց ոչ մի բան չի տալու: Բայց ժամանակը ցույց կտա, թե իրականում այս գնահատականներում ով է ճիշտ: ՀԱԿ-ը, վստահ եմ, նման քայլերից բացարձակապես չի տուժում, որովհետեւ Կոնգրեսն արդեն վաղուց կայացել է որպես ոչ թե ընդամենը տասնը…քանի կուսակցությունների ֆորմալ դաշինք, այլ շատ վաղուց վերածվել է համաժողովրդական շարժման, որտեղ անկուսակցականները մի քանի անգամ ավելի մեծ թիվ են կազմում, քան կուսակցականները: Կոնգրեսը ապահովել է թարմ, երիտասարդ, դինամիկ ուժերի մուտքը, ուստի բնական եմ համարում, որ որոշ քաղաքական ուժեր, որոնք եւ սպառված են, եւ հոգնած են, ի վիճակի չեն նման գործունեությամբ զբաղվել»:

Զուրաբյանը չբացառեց, որ Կոնգրեսի շարքերում էլի կարող են լինել դաշինքը լքող ուժեր. - «Շատերը հույսեր են փայփայել, որ նստելով Կոնգրեսի գնացքը, հասնելու են իրենց քաղաքական կարիերայում ինչ-որ բարձունքների, բայց երբ տեսնում են, որ պրոցեսը մի քիչ դանդաղ է ընթանում առաջ, չեն դիմանում, դա էլ է շատ բնական: Այդ առումով շատ կարեւոր եմ համարում, որ շարժումը զուլալվում է. պատեհապաշտները, թույլերը, հուսահատվածները, վհատվածները, հեռանկար չտեսնողները կամաց-կամաց գնում են շարժումից ՝ ճանապարհ բացելով էներգիայով լի, նոր մտածողություն ունեցող մարդկանց

Նշենք, որ Գառնիկ Մարգարյանի գլխավորած «Հայրենիք եւ պատիվ», Պետրոս Մակեյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները քաղխորհրդի նիստերում քննարկումներ են անցկացրել եւ որոշել են մնալ ՀԱԿ-ի կազմում: «Ժողովրդավարական հայրենիք»-ը այսօր տարածած հայտարարության մեջ նաեւ ընդդիմությանը դատապարտելով իրավիճակը փոխել չկարողանալու, ավելին՝ միասնական շտաբի աշխատանքներին մասնակցելու մեջ, առաջարկում է «նոր ուժային կենտրոն ձեւավորել»:

«Նոր ուժային կենտրոն կարող են ձեւավորել ՀԱԿ-ը, մնացած ընդդիմադիր ուժերը, ինչու ոչ՝ իշխանական կուսակցություններում էլ կարող են լինել այս մտահոգությունը կիսողներ, եւ ի վերջո՝ անկուսակցական հայ մարդիկ կարող են այս ուժային կենտրոնում տեղ ունենալ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, մենք մնում ենք ՀԱԿ-ի կազմում: Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտավոր է 2008-ին սկսած գործընթացն ավարտին հասցնել», - իր ղեկավարած կուսակցության հայտարարությունը այսպես մեկանաբանեց Պետրոս Մակեյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG