Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի. «Մենք կատարել ենք տնային աշխատանքը»


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացում, 20-ը մայիսի, 2012

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացում, 20-ը մայիսի, 2012

Չիկագոյում գումարվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Վրաստանը ակնկալում է հստակ պարզաբանումներ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցում։

ՆԱՏՕ-ի ղեկավարների Չիկագոյում գումարած գագաթնաժողովի օրակարգում հիմնական հարցը Աֆղանստանի կացությունն է։ Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է ավարտել մեկ տասնամյակ տեւող պատերազմը եւ դուրս բերել զորքերը։

Այսօր` գագաթնաժողովի երկրորդ օրը, ՆԱՏՕ-ի ղեկավարները քննարկում են մարտական գործողությունների հրամանատարությունը 2013 թվականի կեսերին Աֆղանստանի բանակին փոխանցելու եւ մոտ 130 հազարանոց միջազգային ուժերի մեծ մասը մինչեւ 2014-ի տարեվերջ դուրս հանելու ծրագիրը։

ՆԱՏՕ-ն նաեւ քննարկում է Աֆղանստանի անվտանգության զորամիավորումների համար դաշինքի 28 անդամ երկրներից երկարատեւ ֆինանսավորման երաշխիքներ ապահովելու հարցը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների թվում են նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Սաակաշվլին եւ Իլհամ Ալիեւը։ Նրանք արդեն հանդիպել են Չիկագոյում եւ քննարկել են երկու երկրների սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի վիճահարույց հատվածի խնդիրը։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները հավաստիացրել են, թե այն կլուծվի հանգիստ եւ հետեւողական աշխատանքի միջոցով։

Չիկագոյում այսօր պետք է հանդիպեն ՆԱՏՕ-ի եւ դաշինքին միանալու մտադրության մասին հայտնած չորս երկրների` Վրաստանի, Չերնոգորիայի, Մակեդոնիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի արտգործնախարարները։

«Այն, որ Վրաստանն այդ բալկանյան երեք երկրների հետ մի ընդգրկվել է մի ցանկում` անկասկած առաջընթաց է»,- Չիկագոյում ասել է Միխեիլ Սաակաշվիլին։

Նրա խոսքերով, դա «յուրօրինակ աշխարհագրական հեղաշրջում է, որը վկայում է, որ իրականացնելով պահանջված բարեփոխումները, Վրաստանն արժանացել է իր պատկանելությունն Արեւմուտքում տեսնելու պատվին»։

Նա ասել է, թե Վրաստանը դժգոհ կլինի, եթե Չիկագոյում կրկնվի այն, ինչ 2008 թվականին տեղի է ունեցել Բուխարեստի գագաթնաժողովում, որտեղ ընդամենը հայտարարվել է, թե Վրաստանը մի օր կանդամակցի ՆԱՏՕ-ին։

«Կյանքը շարունակվում է, մենք էլ ենք առաջ գնում, մենք իրականացրել ենք բարեփոխումները, մենք կատարել ենք տնային աշխատանքը, մեր դուրը չի գա, եթե հայտնվենք այն աշակերտի դերում, ով լավագույնն է դասարանում, սակայն նրան հաջորդ դասարան չեն փոխադրում», - ասել է Սաակաշվիլին։

Չիկագոյում նա խոսել է նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի մասին` ասելով, թե ենթադրում է, որ վաղ թե ուշ Ռուսաստանը կփոխվի, եւ երբ դա տեղի ունենա` ռուսներն իրենք կհեռանան այդ տարածքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG