Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի համաժողովի հռչակագրի ձեւակերպումների պատճառով չի մեկնել Չիկագո


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է չմասնակցել Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ համաժողովի հռչակագրի նախագծում ներառված մտահոգիչ ձեւակերպումների պատճառով։ Չիկագոյի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ մայիսի 19-ին այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախարարի խոսքով, համաժողովի հռչակագրի նախագծում ներառված էր Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում, որը հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին։

«Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա», - մասնավորեցրել էր արտգործնախարար Նալբանդյանը՝ հավելելով. - «Հաշվի առնելով այս մտահոգությունը` Հայաստանի Հանրապետության նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը»:

Նախագահի փոխարեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցում է Հայաստանի արտգործնախարարը։ Հռչակագրի նախագիծը, որի մասին Չիկագոյի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսել էր արտգործնախարար Նալբանդյանը, Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին մասնակից երկրների ղեկավարներն ու կառավարությունների ներկայացուցիչները պաշտոնապես ընդունեցին երեկ՝ մայիսի 20-ին։

Այլ հարցերի շարքում հռչակագրում հիշատակվում է նաեւ ղարաբաղյան խնդիրը։ Կառույցը, մասնավորապես, մտահոգություն է հայտնում Հարավային Կովկասում եւ Մոլդովայում առկա սառեցված հակամարտությունների առնչությամբ եւ ընդգծում, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը եւ շարունակում է սատարել տարածաշրջանային այս հակամարտությունների կարգավորմանը նպաստող ջանքերին՝ միջազգային իրավունքի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր մասնակցել նաեւ 2010-ի նոյեմբերին անցկացված ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովին։ Երկու տարի առաջ էլ պաշտոնական Երեւանը մտահոգված էր գագաթնաժողովում ընդունվելիք հռչակագրով, որտեղ պաշտպանվում էր տարածքային ամբողջականության սկզբունքը, բացակայում էր ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը։

«Հայաստանը Ռուսաստանին մեսիջ հղեց»


Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չմասնակցելով, Սերժ Սարգսյանը սխալ որոշում է կայացրել։

«Երբ այդ գագաթնաժողովի ընթացքում անդրադարձ լիներ ղարաբաղյան հարցին, Հայաստանի նախագահը պետք է լիներ այնտեղ՝ Հայաստանի դիրքորոշումը պաշտպանելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, թե Չիկագոյում ընդունված հռչակագիրը հավասարակշռված է եւ այնքան վատը չէ, ինչքան հայկական կողմն է ներկայացնում։

«Մեր երկիրը ՆԱՏՕ-ի հետ լայն խաղաղապահ առաքելություններ է իրականացնում, եւ այս օրերին անցկացվող գագաթնաժողովի ուշադրությունը Աֆղանստանի վրա է կենտրոնացված, որտեղ նաեւ հայ խաղաղապահներ են ծառայում», - հիշեցրեց Կիրակոսյանը, - «Ուստի, չմասնակցելով այդ գագաթնաժողովին, Սերժ Սարգսյանը կորցրեց նաեւ դիվանագիտական շահ ունենալու հնարավորությունը»։

Վերլուծելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չմասնակցելու՝ Ռուսաստանի որոշումը, Կիրակոսյանը նաեւ կարծիք հայտնեց, թե Հայաստանը վախենում է պաշտոնական Մոսկվայի քայլերից տարբերվող գործողություններ անել։

«Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է եւ պետք է սկսի այդպես գործել», - նաեւ ասաց Կիրակոսյանը։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով էլ՝ Սերժ Սարգսյանի Չիկագո չմեկնելը անխուսափելի էր, բայց այդ քայլը չի վնասի ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին։ Նրա կարծիքով, Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող ձեւակերպումը, որը մտահոգել էր պաշտոնական Երեւանին, Թուրքիայի լոբբիստական գործունեության արդյունքն է։

«Զարմանալի չէ, որ երկրորդ անգամ է արդեն հայտնվում շրջանառության մեջ ՆԱՏՕ-ի համաժողովների արդյունքում», - փաստեց քաղաքագետը, - «Որեւէ լուրջ վտանգ չի պարունակում, բայց դրա հետ մեկտեղ նաեւ այն տրամաբանությանը եւ այն մոտեցմանը, որը Հայաստանը ունի եւ որը երկու տասնամյակ բանակցային գործունեության արդյունք է, չի համապատասխանում»։

Մինասյանը նույնպես կարծում է, որ չմեկնելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ Հայաստանը Ռուսաստանին դրական մեսիջ հղեց։

«Ռուսաստանի նախագահը չի մասնակցում, եւ Ռուսաստանը միշտ չափազանց խանդով է նայում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններին։ Եվ ես կարծում եմ, որ դա իսկապես փոքր նվեր էր մեր կողմից», - նշեց Սերգեյ Մինասյանը։

Բայց այդ քայլը, քաղաքագետների գնահատմամբ, չի վնասի Հայաստան - ՆԱՏՕ հարաբերություններին։

«Բոլորին հասկանալի է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանը ունի շատ լուրջ պոտենցիալ՝ զարգացնելու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։ Եվ այս դրվագը որեւէ ձեւով չի անդրադառնա Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունների վրա», - հավելեց Սերգեյ Մինասյանը։

XS
SM
MD
LG