Մատչելիության հղումներ

logo-print

Անսպասելի իշխանափոխություն Սերբիայում


Տոմիսլավ Նիկոլիչը (կենտրոնում) տոնում է իր հաղթանակը Սերբիայի նախագահական ընտրություններում, Բելգրադ, 20-ը մայիսի, 2012թ.

Տոմիսլավ Նիկոլիչը (կենտրոնում) տոնում է իր հաղթանակը Սերբիայի նախագահական ընտրություններում, Բելգրադ, 20-ը մայիսի, 2012թ.

Բոլոր կանխատեսումներին հակառակ` սերբական ազգայնականների առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչը հաղթանակ է տոնում երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Սերբիայի առաջադիմական կուսակցության առաջնորդն իր հաղթանակի մասին հայտարարեց կիրակի երեկոյան Բելգրադում, երբ հաշվարկված էր քվեների ընդամենը 30 տոկոսը:

«Սերբիայի քաղաքացիների քվեների շնորհիվ ես հաղթել եմ նախագահական ընտրություններում: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր հայրենակիցներիս», - հայտարարեց հաղթած թեկնածուն։

Գործող նախագահ Բորիս Տադիչի շտաբից մի քանի ժամ շարունակ որեւէ արձագանք չկար, ինչը պատահական չէր. սերբ սոցիոլոգները շաբաթներ շարունակ պնդում էին, որ Տադիչը համոզիչ հաղթանակ է տոնելու` ստանալով քվեների 58 տոկոսը: Պաշտոնական տվյալները, սակայն, տրամագծորեն հակառակ պատկերն են ի հայտ բերում. արեւմտամետ Տադիչի օգտին քվեարկեց ընտրողների 47, իսկ ազգայնական Նիկոլիչի օգտին` մոտ 50 տոկոսը։

Կեսգիշերին մոտ միայն Տադիչն իր մեջ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփվելու ուժ գտավ։ «Սերբիայի քաղաքացիները որոշել են, որ երկրի նոր նախագահ պետք է լինի Տոմիսլավ Նիկոլիչը: Ես շնորհավորում եմ նրան եւ հաջողություն մաղթում այս խիստ դժվարին առաքելության իրագործման ճանապարհին», - հայտարարեց նա:

Նախագահական ընտրությունների հաղթողը բավական հարուստ քաղաքական, նաեւ` ռազմական կենսագրություն ունի: 2000 թվականից ի վեր նա չորս անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին, դրանից առաջ էլ` Սլոբոդան Միլոշեւիչի կառավարման տարիներին, Նիկոլիչը մասնակցել է Խորվաթիայի դեմ պատերազմին, մոտ մեկ տարի պաշտոնավարել է որպես Հարավսլավիայի փոխվարչապետ:

Արեւմուտքում մտավախություններ կան, որ ազգայնական Նիկոլիչը կսառեցնի պաշտոնական Բելգրադի եւ Բրյուսելի միջեւ աստիճանաբար կարգավորվող հարաբերությունները:

Ինքը Տոմիսլավ Նիկոլիչն իր հաղթական ճառում փորձեց փարատել այդ մտավախությունները։ «Ես դեռ նախընտրական շրջանում եմ խոստացել, որ Սերբիան չի շեղվի Եվրամիություն տանող ուղուց: Այս ընտրությունները ոչ թե Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե էին, այլ հնարավորություն` լուծել այն բոլոր ներքին խնդիրները, որ ծագել են Բորիս Տադիչի եւ նրա Դեմոկրատական կուսակցության մեղքով», - հայտարարեց նա:

Բրյուսելից եւս հնչել են առաջին արձագանքները:

«Մենք կոչ ենք անում նախագահ Նիկոլիչին եւ նոր ձեւավորվելիք կառավարությանը շարունակել անշեղորեն շարժվել եվրաինտեգրման ուղով, ինչն ի վերջո հնարավորություն կտա Սերբիայի` Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը տալ», - երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը` հատուկ հիշեցնելով, որ Սերբիան ԵՄ-ի թեկնածու պետության կարգավիճակը ստացավ ընտրություններից բառացիորեն մի քանի շաբաթ առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG