Մատչելիության հղումներ

Մասնագետները փաստում են, որ աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին տառապում է ավելորդ քաշով: 1-ից 5 տոկոսի դեպքում ավելորդ քաշի պատճառը հորմոնալ խախտումներն են, մնացած 95 տոկոսի դեպքում` սխալ սննդակարգը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` սա հոգեսոմատիկ հիվանդություն է, որի հիմնովին բուժումն առանց հոգեթերապեւտի միջամտության հնարավոր չէ:

Էնդրոկրինոլոգ Բամինա Բաղրամյանը նշում է, որ համաձայն մարմնի զանգվածի ինդեքսը հաշվող բանաձեւի` յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի պարզելու սեփական մարմնի ճարպակալման աստիճանը, որն էլ կօգնի ժամանակին կանխել այն:

«Օրինակ, մարդու հասակը 1մ 65սմ է, քաշը 80կգ: 80կգ-ը բաժանում ենք 1.65-ի քառակուսու վրա եւ ստանում ենք ինչ-որ թիվ: Եթե այդ թիվն ընկնում է 18-24-ի սահմանահատվածում, դա համարվում է նորմալ քաշ, եթե 18-ից ցածր է`քաշի դիֆիցիտ, եթե 24-ից ավելի` արդեն ճարպակալում: Սա վերաբերում է չափահաս մարդկանց, ոչ հղիներին ու հիվանդներին», - ասում է Բաղրամյանը:

Վերջին տարիներին Հայաստանում եւս նկատվում է ճարպակալած մարդկանց թվի աճ. էնդոկրինոլոգ Բամինա Բաղրամյանի հավաստմամբ` թիվն ավելի բարձր է հատկապես մայրաքաղաքում, մասնագետը դա կապում է նաեւ կենցաղային պայմանների բարելավման հետ:

«Ճարպակալումը համարվում է նաեւ ցիվիլիզացիայի արդյունք. ավելանում է մեր սննդի տեսականին, խախտվում է ռիթմը աշխատանքային ռեժիմի արդյունքում, պակասում է ֆիզիակական ակտիվությունն` ի հաշիվ տրասպորտի, սեփական փոխադրամիջոցի, կենցաղային սարքերի», - ասում է էնդոկրինոլոգը:

Էնդոկրինոլոգի հավաստմամբ` ճարպակալման արդյունքում առաջացած առաջնային խնդիները կապված են հենաշարժական ապարատի ու սիրտանոթային հիվանդությունների հետ: Վերջինս ավելի վտանգավոր է ու որոշ դեպքերում` նաեւ մահաբեր:

Հոգեբան Արմինե Փաշինյանն էլ նշում է, որ բացի ֆիզիկական ու ֆիզիոլոգիական խնդիրներից` գիրության դեպքում չպետք է մոռանալ նաեւ հոգեբանական խնդիրների մասին:

«Առաջ են գալիս մի շարք հույզեր, անելանելի վիճակ, անօգնականություն, տագնապ, միայնակության, չհասկացվածության զգացում, հոգեբանական բարդույթներ միջանձնային շփման մեջ, առօրյայում, սեռական կյանքում, որը մեկ բառուվ ասած իջեցնում է կյանքի որակը», - ասում է նա:

Այն տարածված կարծիքը, թե գիրությունը նաեւ գենետիկական առանձնահատկություն է, մասնագետները միանշանակ ժխտում են, նշելով, որ դա ավելի շատ ընտանեկան սնվելու սովորույթ է, այսինքն երեխան ծնվելուց հետո սնվում է այնպես, ինչպես իրեն կերակրում են փոքր տարիքում եւ հետագայում այն ռեժիմով, որով սնվում են ծնողները:

Մասնագետները նաեւ հավաստիացնում են, որ ճարպակալման գեն գոյություն չունի եւ սա գենետիկ հիվանդություն լինել չի կարող:

Հարցին, թե ո՞րն է ճիշտ սնվելու եւ չգիրանալու լավագույն տարբերակը, հոգեբանը պատասխանեց. - «Ամեն 4-4.5 ժամը մեկ մարդը գտնվում է քաղցած վիճակում, եթե ուտելն ուշացրեց նյութափոխանակությունը դանդաղում է, խախտվում է: Օրը մեկ-երկու անգամ ուտելով շատ արագ կարելի է խախտել նյութափոխանակությունը եւ առաջացնել ճարպակալում: Ամենակարեւորը պայմաններից մեկն է սնվել հաճախակի, անհրաժեշտ է ուտել կենդանի սպիտակցուներ, բարդ ածխաջրեր, միս, հետո նոր քաղցրեղեն»:

Անդրադառնալով 21-րդ դարի, այսպես կոչված, գլամուրային հիվանդությանը` անորեքսիային, մասնագետները նշում են, որ Հայաստանում էլ արդեն գրանցվում են անորեքսիայով տառապողներ, խոցելի խումբը հասունացման տարիքում գտնվող աղջիկներն են, իսկ մեղավորները` ծնողների ու շրջապատող անձանց անմիտ դիտողությունները` կապված քաշի ավելացման հետ:

«Նրանք սկսում են նվազեցնել` քաշը հրաժարվելով սննդից, գնալով ստամոքսը փոքրանում է եւ գալիս է մի պահ, երբ ուզում է ուտել, ուտում է, բայց ստամոքսը էլ չի ընդնում: Ցավոք սրտի, դա սովորաբար ուշ է նկատվում, երբ արդեն կան մտավոր, ֆիզիկական խնդիրներ, աղջիկների մոտ դաշտանային ցիկլի խախտում ու միշտ ուտելու ժամանակ փսխումներ: Անորեքսիան արդեն հենց այդ վիճակն է համարվում, իսկ դա արդեն պահանջում է երկարատեւ բուժում բժիկների ու հոգեբանների համատեղ աշխատանք», - նշում է հոգեբանը:
XS
SM
MD
LG