Մատչելիության հղումներ

logo-print

Երեւան քաղաքում կանաչ տարածքների կրճատումը, մեքենաների թվի ավելացումը եւ անվերջ ընթացող շինարարությունները օդի աղտոտվածության պատճառ են հանդիսանում:

«Հիմնական պատճառը ես կնշեի քաղաքաշինությունը, որովհետեւ բացարձակ չեն պահպանում էկոլոգիական նորմերը», - նշում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:

Մթնոլորտի աղտոտվածության մեջ ավտոտրանսպորտի արտանետումները կազմում են ընդհանուր զանգվածի 75-90 տոկոսը եւ հանդիսանում են կարեւոր հիմնախնդիր: Բնապահպանության նախարարության տվյալների համաձայն` 2000-2008թթ. վնասակար արտանետումները մթնոլորտ կազմել են տարեկան 150-210 հազար տոննա, 2010 թվականին այդ թիվը փոխվել է 263.9 հազարի:

«Փոշու քանակը մի քանի անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի արժեքները, եւ գերազանցում օզոնը, իսկ դա ցուցանիշ է, որ ֆոտոքիմիական թունամշուշը Երեւանում միշտ առկա է», - նշում է Կարինե Դանիելյանը եւ հավելում, որ Երեւանում սկսել են գործել որոշ արտադրություններ, որոնց արտանետումները կարող են խիստ վնասակար լինել:

Ըստ «Հայ Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տվյալների` Երեւան քաղաքի մթնոլորտում ազոտի երկօքսիդի եւ ազոտի օքսիդի միջին տարեկան սահմանային թույլատրելի նորմերը գերազանցել են 1.3 անգամ:

«Կենտրոնը համարվում է ամենաբարձր կանաչապատ տարածքը, որովհետեւ Հրազդանի կիրճի ողջ տարածքը, Ծիծեռնակաբերդի հարակից տարածքը մտնում է Կենտրոնի տարածքի մեջ», - ասում է Կարինե Դանիելյանը եւ հավելում, որ թեեւ Կենտրոնը համայնքը համարվում է 100 տոկոսանոց կանաչապատ, սակայն այդ կանաչապատ տարածքները չեն կարող լիովին մաքրել կենտրոնի օդը:

Երեւանաբնակներից ոմանք գիշերը աստղերի չերեւալը կապում են քաղաքի աղտոտվածության հետ: Կարինե Դանիելյանի խոսքով` շատ մեծ աղտոտվածություն պետք է լինի, որ գիշերը չերեւան աստղերը:

«Տխուր է, որ Երեւանի կենտրոնի բնակիչները գիշերը աստղերը պարզ տեսնելու հնարավորություն չունեն: Մենք անձամբ դիտումներ կազմակերպելու համար ստիպված ենք լինում դա անել ծայրամասում կամ քաղաքից դուրս: Խնդրի պատճառներից կարելի է նշել քաղաքի վառ լուսավորությունը եւ օդի աղտոտվածությունը: Ես կարծում եմ` ներկայումս ամենամեծ խնդիրը քաղաքի վառ լուսավորությունն է, որը խոչընդոտ է հանդիսանում դիտումներ կազմակերպելու համար», - ասում է Armscoop հայկական գիտական համագործակցության համահիմնադիր Արմեն Մարտիրոսյանը:
XS
SM
MD
LG