Մատչելիության հղումներ

Կենսաչափական անձնագրերը «կդյուրացնեն ելքի վիզա ստանալու գործընթացը»


Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան
Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան
Հունիսի 1-ից Հայաստանի քաղաքացիները, վճարելով 25 հազար դրամ, կարող են ստանալ կենսաչափական անձնագրեր, որոնք պարունակում են անձնագրի տիրոջ էլեկտրոնային ստորագրությունը, լուսանկարը եւ մատնահետքերը:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի խոսքով` նոր անձնագրերը կդյուրացնեն ելքի վիզա ստանալու գործընթացը եւ կնվազեցնեն մերժում ստանալու հավանականությունը:

«Մենք ակնկալում ենք, որ համակարգի ներդրմամբ կնվազեցվի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը, հնարավորություն կտրվի պարզեցնել ու ավտոմատացնել անձի նույնականացման գործընթացը, կմեծանա անցանկալի անձանց հայտնաբերման հավանականությունը եւ քաղաքացիները հնարավորություն կունենան Եվրամիության անդամ պետությունների մուտքի վիզաներ ստանալ պարզեցված ընթացակարգով», - երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց Քոչարյանը:

Հունիսի 1-ից կտրամադրվեն նաեւ նույնականացման քարտերը, որոնք կգործեն միայն Հայաստանի ներսում: Դրանք ճամփորդության համար պիտանի չեն, սակայն դրանց շնորհիվ շրջանառությունից կհանվեն սոցիալական քարտերը:

«Ամենակարեւորը` իջնում են կոռուպցիոն ռիսկերը, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն կունենան նույնականացման քարտերի միջոցով պետական մարմինների հետ շփվել ուղղակի ինտերնետի միջոցով` առանց ֆիզիկապես ներկա գտնվելու այս կամ այն հիմնարկում կամ այս կամ այն պաշտոնատար անձի մոտ, եւ բնականաբար, նույն ձեւով էլ վերահսկել իրենց դիմումների ընթացքը», - ասաց Անձագրայինի պետը:

Նույնականացման քարտերը կտրամադրվեն 3000 դրամով, իսկ հին նմուշի անձնագրերի համար պետական տուրքը կշարունակի մնալ 1000 դրամ:

Կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտեր ունենալը պարտադիր չէ, դա քաղաքացու իրավունքն է, ոչ թե պարտականությունը:

«Կենսաչափական անձնագրերը եւ նույնականացման քարտերը շրջանառության մեջ են մնալու հին անձնագրերի հետ միասին: Հին անձնագրերը վավերական են լինելու ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս», - տեղեկացրեց Հովհաննես Քոչարյանը:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է վերաբերվում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերահսկման միասնական շտաբի եւ, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ ընտրողների ստորագրած ցուցակները չհրապարակելը զրկում է դրանցում անճշտությունների հայտնաբերման հնարավորությունից եւ, այդպիսով, «ընտրակեղծիքների լայն հնարավորություն տալիս»: Հիշեցնենք` Օսկանյանի խոսքով` այդ անճշտությունները հատուկ հանձնարարականով են ստեղծվել, եւ խախտումներն ընտրացուցակում հարյուր հազարից ավելի են:

«Ցավում եմ, որ նման հայտարարություններ եղան քաղաքական գործիչների կողմից: Ես ուղղակի տարակուսում եմ, թե ինչպե՞ս կարելի է նման հայտարարություններ անել եւ որեւէ ապացույց չներկայացնել կամ գոնե չփաստարկել: Քվեարկության օրը Անձնագրերի եւ վիզաների վարչությունը մեկ բողոք է ստացել ընտրացուցակի անճշտության վերաբերյալ մի քաղաքացուց, ընդ որում հասցեն էր սխալ, բայց դրանից ընտրական տեղամասը չէր փոխվում: Քվեարկության օրը Անձագրերի վարչությունը տրամադրել է 160 տեղեկանք այն քաղաքացիներին, ովքեր ցուցակից դուրս են մնացել: Այդ ցուցանիշները երբեւէ մենք ունեցե՞լ ենք: Սա բացառիկ, աննախադեպ ցուցանիշ է եղել: Ընտրացուցակների ճշգրտությունը կասկած չի հարուցել», - արձագանքեց Քոչարյանը:

Քոչարյանն ասում է` սակավաթիվ անճշտություններ են եղել` կապված գրանցման վերականգնման եւ մահացած մարդկանց գրանցումից չհանելու հետ, որոնք շտկվել են:

«Մահվան վկայականների մասին ռեգիստրը ինֆորմացիա չի ունեցել այս կամ այն պատճառներով: Չնայած որ այդ տվյալները ցուցակում թողնելը ռեգիստրի կանոնների խախտում չէր, բայց ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու նկատառումներով մենք գնացինք այդ քայլին եւ ցուցակներից հանեցինք», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG