Մատչելիության հղումներ

Մայիսի 25-ին Հայաստանի 1400 դպրոցներում կհնչի վերջին դասի վերջին զանգը: Դպրոցն այս տարի կավարտի շուրջ 40 հազար շրջանավարտ:

Հունիսի մեկից միասնական քննությունների հետ կմեկնարկեն նաեւ դպրոցների ավարտական քննությունները: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում նշեց, որ վերջին զանգի հետ կապված դրամահավաքության ընդամենը 3 ահազանգ են ունեցել, որոնց հետքերով գնացել են եւ կանխել: Հարցին, թե չկա արդյո՞ք խոշոր չափերի դրամահավաք, թե պարզապես ծնողները չեն ահազանգում, Հովհաննիսյանը պատասխանեց.- «Հիմնականում ծնողներ են նախաձեռնում եւ գումարները ծախսվում են խնջույքների վրա»:

Նա տեղեկացրեց, որ տնօրեններին եւ ծնողներին հորդորել են ուշադիր լինել, երեխաներին չտրամադրել մեքենաներ: Նախարարությունը համագործակցում է նաեւ ոստիկանության հետ, որպեսզի օրն անցնի առանց միջադեպերի:

Անդրադառնալով վերջերս համացանցում հայտնված տեսանյութերին, որտեղ աշակերտուհիները վիճում են, հայհոյում, անցնում ձեռնամարտի, վարչության պետն ասաց, որ մոտ 500 հազար աշակերտ ունենալու դեպքում այդ մի քանի դեպքերը կարող են լինել:

«Նման դեպքերում դեպքը քննարկվում է դպրոցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների հետ, հարթվում է, հանդուրժողականության կոչ է արվում, որպեսզի այլեւս այն չկրկնվի: Ոստիկանությունը եւս աշխատում է», - ասաց Հովհաննիսյանը:

Այս տարի ավագ դպրոցը կտա իր առաջին շրջանավարտները: Հովհաննիսյանը, սակայն, նշում է, որ արդյունքներից դեռ վաղ է խոսելը: Դպրոցների միջեւ պետք է մրցակցություն սկսվի, որպեսզի աշակերտը շահի:

Տարիներ առաջ, երբ ոսկե մեդալակիրները ընդունելության քննությունների ժամանակ ունեին արտոնություններ, հազարավոր աշակերտներ տարբեր ճանապարհներով փորձում էին ստանալ այն: Արտոնությունները վերացնելուց հետ պատկերը փոխվել է, մեդալ ստանալու համար դիմել է ընդամենը 67 աշակերտ:

Լրագրողական ակումբներից մեկում էլ բարձրագույն կրթության բարեփոխումներին անդրադարձան «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը եւ պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը: Վերջինս նշեց,որ բուհում մշակվել է օմբուդսմենի համակարգ, որը պաշտպանելու է ուսանողի շահերը: Առաջիկայում համալսարանում կկայանա ուսանողական օմբուդսմենի ընտրություն:

Ըստ Հարությունյանի` անհրաժեշտ է անցնել էլեկտրոնային կառավարման համակարգի: Անցել են այն ժամանակները, երբ դասախոսությունները թելադրվում են, գնահատականները դրվում են միայն մատյանում, ուսանողն ու դասախոսը նյութերը քննարկում են միայն լսարանում:

XS
SM
MD
LG