Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն «սկզբունքային համաձայնության են հանգել»


Նախագահ Սերժ Սարգսյան եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյան եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները սկզբունքային համաձայնության են հանգել նոր կոալիցիայի ձեւավորման վերաբերյալ եւ այժմ կողմերի միջեւ բանակցությունները գնում են դետալների շուրջ: Այս մասին երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցրած Հմայակ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, ԲՀԿ անդամ չէ, սակայն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե իրեն համարում է «ԲՀԿ քաղաքական թիմի անդամ»:

«Այսօր, ըստ էության, խոսքը գնում է այն մասին, որպեսզի ճշգրտվեն պայմանները, եւ այստեղ է, որ այն մեկնաբանությունների տարբերությունը, որը արտաբերում են Հանրապետական կուսակցության ղեկավարները, ԲՀԿ-ի ներկայացուցիչները, վերաբերվում է դետալներին, եւ, ըստ էության խոսքը, կարող է գնալ համաձայնագրի մասին... պարտադիր չէ, որ անվանակոչվի կոալիցիա, կարող է լինել եւ համաձայնագիր», - ասաց Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ` այժմ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փորձում են ճշտել մոտեցումները ամենառանցքային` վարչապետի թեկնածության հարցում:

«ԲՀԿ-ն, իհարկե, ցանկանում է, որպեսզի վարչապետի պաշտոնը տրվի ԲՀԿ-ին, եւ դրանով իսկ ՀՀԿ-ն անուղղակի ձեւով ընդունի, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտահայտում քաղաքական ուժերի ժողովրդի կողմից աջակցության իրական պատկերը, ուստի ՀՀԿ-ն, դա գիտակցելով, այդ հարցում ընդառաջ է գնում ԲՀԿ-ի պահանջին», - ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով` եթե ՀՀԿ-ն չհամաձայնվեց վարչապետի աթոռի հարցում զիջման գնալ ԲՀԿ-ին, հնարավոր է, որ կառավարությունում ԲՀԿ-ական նախարարների թիվը աճի, քանի որ ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում ընդարձակվելու է ԲՀԿ-ի ներկայությունը` 26-ից հասնելով 37 պատգամավորի:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահը փոխանցեց, թե ՀՀԿ-ականները ցանկանում են պայմանավորվել ԲՀԿ-ի հետ, որովհետեւ նրանց հարկավոր է, որ մյուս տարի կայանալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն աջակցի Սերժ Սարգսյանին: Հարցին, թե ընտրությունների արդյունքում խորհրդարանում միայնակ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ին ինչո՞ւ է հարկավոր ԲՀԿ աջակցությունը նախագահական ընտրություններին, Հովհաննիսյանը պատասխանեց. - «ՀՀԿ-ն երեւի թե համոզված չէ, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները արտացոլում են իրական հանրային տրամադրությունները, եւ գուցե համոզված է ճիշտ հակառակում: Այդ դեպքում այդ անլիարժեքության բարդույթը, որը բխում է այդ գիտակցումից, ստիպում է ՀՀԿ-ին գնալ այդպիսի համագործակցության: Բացի դրանից ՀՀԿ-ն գիտակցում է, որ նախագահական ընտրությունները հեշտ չեն կարող լինել, եթե հաշվի առնեն, որ գոյություն ունի դժգոհություն` հասարակության մեջ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից»:

Հիշեցնենք` ընտրություններից հետո` մայիսի 11-ին, ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը, որի կազմի մեջ էին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, ՀՅ Դաշնակցությունը եւ ԲՀԿ-ն, հանդես եկավ հայտարարությամբ, ուր արձանագրվում է, թե մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը «չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը»:

Անդրադառնալով այս հայտարարությանը` Հովհաննիսյանն ասաց, թե այն փաստորեն վերջինն է անցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, քանզի դրանից հետո ԲՀԿ-ն հանդես չի եկել նոր հայտարարությամբ, ուր ներկայացված կլիներ կուսակցության դիրքորոշումը: Ուստի, ըստ Հովհաննիսյանի, ՀՀԿ-ի գնալով պայմանավորվածության, ԲՀԿ-ն ցանկանում է սահմանազատվել միասնական շտաբի վերը նշված հայտարարությունից, ուր կա նաեւ իր անդամի` Վարդան Օսկանյանի ստորագրությունը:

«Այդ հայտարարությունից ինչ-որ ձեւով սահմանազատվելու խնդիրը կա: Լավագույն ձեւը այն է, որ այն ԲՀԿ-ական գործիչները, ովքեր միասնական շտաբի աշխատանքներին մասնակցել են, դուրս դրվեն թիմային աշխատանքից այս փուլում», - ասաց Հովհաննիսյանը` հավելելով, թե չի ցանկանում կանխատեսումներ անել Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ:

Հմայակ Հովհաննիսյանը նաեւ հավելեց, թե դեռ վերջնական որոշում չի կայացրել իր պատգամավորական մանդատը վերցնելու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG