Մատչելիության հղումներ

Մայիսի 19-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը ներկայացնում է հետընտրական իրողությունները. - «Ներկայումս ոչ մի քաղաքական ուժ չի հիշում հասարակությանը, բացի իհարկե ընտրակաշառքի մասին հիշեցնելուց, որը դարձրին իրենց ալիբին: Այս իրավիճակը, ըստ էության, խորհրդանշում եւ բնորոշում է Հայաստանի ներկայիս քաղաքական եւ կուսակցական համակարգի սնանկությունը ու ոչ ադեկվատությունը հասարակության պահանջներին, ժամանակի պահանջներին եւ պետության առաջ կանգնած մարտահրավերներին: Հայաստանի քաղաքական եւ կուսակցական համակարգի համար Հայաստանի քաղաքացին ընդամենը ունկնդիր է, ոչ թե թելադրող, ընդամենը դիտորդ է, գործիք, ոչ թե պահանջող, ոչ թե սեփականատեր` պետության սեփականատեր, որն այն կառավարելու լիազորությունը փոխանցում է այս կամ այն քաղաքական ուժին` մեկին որպես իշխանություն, մյուսին` որպես ընդդիմություն»:

«168 ժամ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Եվս մեկ հետընտրական շաբաթ Հայաստանն ապրեց առանց կոալիցիայի: Դրանից կարծես ոչինչ չփոխվեց, ինչպես որ, վստահաբար, չի փոխվելու` եթե նոր կոալիցիա ձեւավորվի կամ չձեւավորվի: Այս ժամանակահատվածը ցույց տվեց նաեւ, որ կոալիցիան իրականում պետք է բացարձակ մեծամասնություն ստացած ՀՀԿ-ին ու վերջինիս քննադատող ԲՀԿ-ին: Խորհրդարան անցած մյուս ուժերը եւս, ամենայն հավանականությամբ, դեմ չէին լինի մասնակցել կոալիցիոն «մասհանումներին», սակայն ժանրի կանոններին հավատարիմ մնալով` դա իրենց թույլ տալ չեն կարող: Սակայն, եթե մինչեւ վերջին օրերը կոալիցիոն քննարկումները ընթանում էին առավելապես ներքին` իշխանության բաժանման հարթության մեջ, ապա ՀՀԿ-ի գործադիր մարմնի` նախօրեին տեղի ունեցած նիստից հետո ուրվագծվեց նաեւ իշխանության` «կոալիցիոն մտադրությունների» արտաքին կողմը: Այդ նիստից հետո նախ հայտարարվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»:

Թեման շարունակում է «Երկիր»-ը. - «Վերջին օրերին հայկական մամուլը հաճախակի անդրադառնում է Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի հոբելյանական նստաշրջանին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին, որի շրջանակներում ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին արարողակարգային հանդիպումներ էր ունեցել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի նախագահների հետ, մինչդեռ Հայաստանն այդ ցանկում չկար: Բնական է` պիտի հնչեին եւ հնչեցին տարատեսակ մեկնաբանություններ, արվեցին հեռուն գնացող ենթադրություններ, նույնիսկ կարծիքներ եղան, որ Պուտինը «պատժում»է Ս. Սարգսյանին` վերջինիս նոր` արեւմտյան կողմնորոշման համար: Մոսկվայի հետ միշտ ջերմ հարաբերությունների սովոր հայ հանրությունն ակնթարթորեն որսաց մոսկովյան «սառնությունը» եւ ուշադրությամբ սկսեց հետեւել զարգացումներին»:

Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը քաղխորհրդի ընդլայնված նիստում որոշել է դուրս գալ Հայ ազգային կոնգրեսից: Մեկնաբանելով այս լուրը` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Փաստորեն ոչ թե ավազակապետական բուրգն է կազմաքանդվում, այլ Կոնգրեսը: Չնայած Կոնգրեսում գերակշռում է այն տեսակետը, թե դա ոչ թե կազմաքանդում է, այլ բյուրեղացում: Նայած թե հարցին ինչ տեսանկյունից ես մոտենում: Երկու անգամ քաշած արաղը միշտ ավելի մաքուր է լինում, բայց ծավալով քիչ: Փաստորեն 2012-ի մայիսի 6-ը «երկրորդ բերան» քաշելու պես բան էր: Իսկ գուցե Կոնգրեսի նավը իսկապես խորտակվում է… Այս ենթադրությունները մի կողմ թողնենք, որովհետեւ սիրուն բան չի ստացվում. բոլորն էլ գիտեն, թե ովքեր են առաջինները թողնում խորտակվող նավը: Մնում է ենթադրել, որ լավ էլ պինդ նավ է, բայց սխալ ուղղությամբ է գնում: Իսկ այդ դեպքում, համաձայնեք, ցանկացած ուղեւոր իրավունք ունի ինքն իրեն ծովը նետել ու ինքնուրույն լողալ ճիշտ ուղղությամբ: Ափին, իհարկե, դժվար թե հասնի, բայց կարեւորը սկզբունքայնությունն է»:

«Ժողովուրդ» թերթի թղթակիցը ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «ՀՀԿ-ականներն արդեն ինքնաբացարկ են ներկայացնում, մեր տեղեկություններով` 69 հոգի իրենց մանդատը վայր են դնելու»: Պատասխան. - «Ձեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Որպեսզի ավելի պարզ լինի ձեր ընթերցողների համար, ասեմ` պառլամենտում 131 տեղ է, եթե մենք ներկայացրել ենք 253 հոգանոց ցուցակ, ապա հավակնություն չենք ունեցել 131 հոգու տեղ ունենալու, բնականաբար, շատ պարզ էր, որ ցուցակից ոչ բոլորը կլինեին պառլամենտում: Եվ տրամաբանական է, որ մեր հաղթանակից հետո հիմնականում ինքնաբացարկի դիմումներ կգրեն մարզպետներ, փոխմարզպետներ եւ այլն»:

please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG