Մատչելիության հղումներ

Այսօր կանցկացվի «Թանգարանային գիշեր»


Միջոցառման շրջանակում հայաստանյան մի շարք թանգարաններ բաց կլինեն ժամը 18-ից մինչ կեսգիշեր: Այցելությունն անվճար է:

Որոշ սրահներում, օրինակ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում եւ Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում, առավոտյան ժամը 10-ից անվճար ցուցադրություններն արդեն սկսվել են:

Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտը չունի մշտական ցուցասրահ:
Տնօրենի՝ Արշակ Գրիգորյանի խոսքով, հանրությանը լավ չեն տեղեկացնում այս կամ այն ցուցահանդեսի ու միջոցառման մասին, այլապես այցելուներն ավելի շատ կլինեին:

Ճարտարապետությունը արվեստի ճյուղ է, ասում է Արշակ Գրիգորյանը, եւ չպետք է շփոթենք այն շինարարության հետ:

Թանգարան-ինստիտուտն այսօր ներկայացրել է հայ միջնադարյան ճարտարապետության նմուշներ, իսկ երեկոյի համար նախատեսել են քննարկում ուսանողների հետ:

«Երիտասարդ սերունդը, ուսանողական տարիներից ի՞նչ է մտածում ճարտարապետության մասին: Հրավիրել ենք երկխոսության արվեստաբան ուսանողների մի խումբ, հիմնականում ԵՊՀ-ի արվեստաբանության բաժնի ուսանողներից, որոնք պիտի փորձեն ճարտարապետության մասին իրենց պատկերացումները կամ իրենց ուսումնասիրությունները ներկայացնեն՝ հիմքում ունենալով օրվա կարգախոսը՝ հայ գիրը հայ ճարտարապետությունում», - ասում է Արշակ Գրիգորյանը:

2009-ին «Թանգարանային գիշեր»-ին Հայաստանի մոտ 100 թանգարանից մասնակցել է 26-ը, 2010-ին` 42-ը, իսկ 2011-ին`60-ը: Այս տարի թանգարանների թիվը անցել է 60-ից:

Գաֆեսճէան արվեստի կենտրոնը Թանգարանային գիշեր օրվա կապակցությամբ ներկայացնում է նոր ցուցահանդես՝ «Երեւանյան կոլեկցիոներների ընտրությունը» խորագրով: Ցուցադրված է արվեստագետ Պողոս Հայթայանի, ճարտարապետ Օշին Եղիազարյանցի եւ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի մասնավոր հավաքածուների ընտրանին: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի համակարգող Լիլիթ Սոխակյանը մեզ հետ զրույցում նշեց. - «Ցուցադրությունը յուրահատուկ է եւ հետաքրքիր նրանով, որ կան աշխատանքներ, որոնք ընդհանրապես չեն ցուցադրվել Հայաստանում»:

Ցուցահանդեսին ներկայացված էր շուրջ 60 աշխատանք:
please wait

No media source currently available

0:00 0:05:39 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG