Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը այսօր դիմեց Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով:

Ընդդիմադիր դաշինքի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց ՀԱԿ-ի փաստարկները: Նրա պնդմամբ` ընտրությունների հավասարության պայմանը, մասնավորապես, «բացահայտ եւ անթաքույց» խախտվել է նախընտրական քարոզչության ողջ ընթացքում. - «Առաջնահերթությամբ` Սերժ Սարգսյանի կողմից, որը լինելով միակ պաշտոնատար անձը, որը պարտավոր է հետեւել Սահմանադրության պահպանմանը, ուղղակիորեն ներգրավված է եղել նախընտրական քարոզչությանը` իր պաշտոնեական լիազորությունների իրականացմանը համընթաց` ուղղակիորեն ներգործելով ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա»:

Փաստաբանը հավելեց, որ նույն կերպ գործել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մի շարք նախարարներ, գործադիր իշխանության այլ պաշտոնյաներ, Երեւանի եւ Գյումրիի քաղաքապետները:

Ըստ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի` ընտրական իրավունքի խախտում է նաեւ այն հանգամանքը, որ պետությունը «մեկ ընտրող` մեկ ձայն» սկզբունքի շրջանակներում չի ապահովել կրկնաքվեարկության բացառման իր պարտականությունը:

«Օրենքի խախտման հանգամանքին մեծապես նպաստել է նաեւ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման ձեւական արգելքը», - նշված է Կոնգրեսի դիմումի մեջ:

Ընտրական օրենսգրքով սահմանված դրոշմակնքումը չիրականացնելու եւ մի քանի րոպե անց ցնդող կնիքով անձնագրերը կնքելու պայմաններում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձինք զրկվել են օրենսդրությամբ տրված այն «միջոցից», որով հնարավոր կլիներ բացահայտել եւ թույլ չտալ կրկնակի քվեարկության դեպքերը:

Հաջորդ հիմնավորումն այն է, որ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու բողոքարկման գործընթացն առհասարակ արդյունավետ պաշտպանության միջոց չէ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը, թե մեզանում արդեն կարծես ավանդույթ է ընտրություններից հետո դրանց արդյունքները ՍԴ-ում վիճարկելը, եւ երբեւէ դատարանի վճիռը չի գոհացրել ընդդիմությանը` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասաց. - «Հույսեր չենք փայփայում, բայց պարտավոր ենք այդպես անել, որովհետեւ Հայաստանում տեղի է ունեցել իր ընտրակեղծիքների մասշտաբով դեռեւս անհայտ մի հանցագործություն: Մեր հաշվարկներով` մոտ 700 հազար ձայն ապահովվել է բազմակի քվեարկության հետեւանքով, կամ մարդկանց ուղղակի սպառնալիքի կամ ընտրակաշառքի ազդեցության ներքո բերել են ընտրատեղամասեր եւ հետեւել են, որ նրանք վերահսկողության ներքո քվեարկեն պահանջված ձեւով»:

Նա հայտարարեց, թե «ռեժիմը պետք է պատասխան տա». - «Մենք պատասխանը, բնականաբար, ավելի շատ փնտրում ենք ժողովրդի ճնշման, քաղաքական մեթոդներով, բայց պետք չէ անտեսել իրավական մեթոդները»:

Զուրաբյանի խոսքով, դիմելով Սահմանադրական դատարան, Կոնգրեսը հնարավորություն կունենա հրապարակավ ապացուցել, որ ընտրությունները կեղծվել են. - «Եթե մենք չդիմենք Սահմանադրական դատարան, որը իսկապես ապացուցել է ռեժիմի կցորդը լինելու իր կարգավիճակը, այդ նույն ռեժիմը ամենուրեք տարածելու է, որ որեւէ ապացույց չի եղել, որեւէ իրավական հիմք չի եղել, որեւէ նյութ չեն ունեցել ընտրակեղծիքների վերաբերյալ, եւ դա ուղղակի դատարկ պնդումներ են: Մենք ներկայացնելու ենք Սահմանադրական դատարան բազմաթիվ անհերքելի ապացույցներ այս խայտառակ ընտրությունների մասին»:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ես հասկանում եմ ընդդիմության վիճակը: Իսկապես նրանց ակնկալիքները եւ ժողովրդի կողմից նրանց տրված վստահությունը էական խզում էին: Նրանք չէին ակնկալում, որ ունեն այդքան ցածր վարկանիշ… Սա ընդամենը քաղաքական քայլ է. ինձ համար դա շատ հստակ է: Հակառակ դեպքում նրանք կկարողանային գոնե որոշակի լուրջ փաստարկներ ներկայացնել, որ առ այս պահը չեն ներկայացրել եւ, վստահ եմ, որ չեն էլ ներկայացնելու: Որովհետեւ այդպիսի փաստարկներ ուղղակի չկան»:

Սահմանադրական դատարանն այսօր մուտքագրած դիմումի կապակցությամբ պետք է որոշում կայացնի 15 օրվա ընթացքում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG