Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը անցած տարվա իր որոշմամբ Նորագավիթի` Արտաշատի խճուղուն հարակից տարածքում մարզադաշտեր կառուցելու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 10 հեկտար հողամաս է տրամադրել:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ֆեդերացիան այդ տարածքում մարզադպրոց է կառուցելու:

Հայաստանի էկոլոգիական հասարակական դաշինքը հայտարարում է, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ վտանգված են այդ տարածքում գտնվող այգիները: Դրանք կազմում են 260 հեկտար, որից 10 հեկտարը, փաստորեն, արդեն կառուցապատվելու է: Մնացածի վերաբերյալ քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ որոշում դեռեւս կայացված չէ:

Քաղաքապետարանի որոշման հետեւանքով այդ տարածքի այգիները վերածվելու են մարզադաշտի:

Այս առիթով էլ Նորագավիթ թաղամասում տեղադրված տնակում եռուզեռ է: Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները տնակում մի քանի սեղան, աթոռ, համակարգիչ են տեղադրել, ու հերթով ընդունելով թաղամասի բնակիչներին` նրանց փոխհատուցում են հատկացնում տարիներով մշակած այգիների դիմաց:

Այգետերերը անձնագրերով ու փաստաթղթերով մոտենում էին քաղաքապետարանի աշխատակցին, տալիս իրենց համաձայնությունն ու ստանում հասանելիք գումարը:

Քաղաքապետարանի աշխատակիցները գումարի չափ չնշեցին: Իրենց հողը հանձնելու եկածները, չցանկանալով ձայնագրվել, ասում էին, որ դժգոհ չեն, իրենց կամքին հակառակ չեն եկել ու ուրախ են, որ գումար են ստանալու:

Տնակի առջեւ, սակայն, մի բնակիչ զայրացած հակառակը պատմեց, որ իրենց ստիպում են հանձնել տարիներով մշակած հողատարածքները, եւ իրենք անզոր են քաղաքապետարանի առջեւ: Բնակիչն ասում է, որ մեկ քառակուսի մետրի դիմաց 1.500 դրամ են հատկացնում այն դեպքում, երբ այգիները ավելի թանկ արժեն:

Ավելի քան 20 տարի այգիների տերեր համարվողների մի մասը եթե արդեն համաձայնել է հանձնել հողատարածքները, մյուս մասը շարունակում է ընդդիմանալ: 28 հոգի բողոքով դիմել է վարչապետին` խնդրելով պահպանել այգիները: Սպարտակ Գրիգորյանը նրանցից մեկն է: Նրա այգին հենց իր տան առջեւ է: 71-ամյա թոշակառուն ամայի հողը այգի է դարձրել 1992 թվականից: 20 տարի առաջ քաղաքային իշխանությունները հողատարածքը նրան ու նրա հարեւաններին են հատկացրել վարձակալական հիմունքներով:

Բնակիչների հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է 8 տարի առաջ` 2004 թվականին: Բայց, ինչպես այգիների մշակողներն են ասում, դրանից հետո ոչ ոք իրենց չի անհանգստացրել, իրենք շարունակել են մշակել այգիները, վճարել ոռոգման ջրի համար: Միայն վերջերս քաղաքապետարանից հայտնել են, թե պետք է հողերը հետ վերցնեն: Ի պատասխան, բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի առջեւ:

Սպարտակ Գրիգորյանը պատմում էր, որ բողոքի ակցիայից հետո իրենք հանդիպել են քաղաքապետարանի աշխատակիցներին, ովքեր ասել են, որ միեւնույն է` իրենց այգիները քանդելու են ու հողատարածքն էլ հատկացնելու Ֆուտբոլի ֆեդերացիային:

Նորագավիթի բնակիչներին ասում են, որ անմշակ տարածքը սեփական միջոցներով բերրի հողի են վերածել: Բանջարեղենով, պտղատու ծառերով հարուստ հողատարածքները նաեւ ապրուստի միջոց են: Գրիգոր Գրիգորյանը, ով եւս միացել է վարչապետին ուղղված նամակին, պատմում էր, որ անմշակ հողը բերրի են դարձրել ու երկար տարիներ ապրել հողի բարիքներով:

Տարիներով հող մշակած բնակիչները, ովքեր չեն ուզում հողատարածքները հանձնել քաղաքապետարանին, ասում են, որ շարունակելու են պայքարել այգիների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG