Մատչելիության հղումներ

Մայիսի 18-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք «Բարգավաճ Հայաստանի» վրա ճնշումների ավելացման: Մյուս կողմից, սակայն, ամենեւին չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը եկել են համաձայնությունների, պարզապես դրանցից առաջինը առայժմ այն է, որ երկարաձգում են ինտրիգը մի փոքր էլ եւ նպաստում, որ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի մասին քննարկումները, ենթադրություններն ու կանխատեսումները մի փոքր էլ շարունակվեն, որոնց հետեւում կողմերին գուցե առավել հարմար է շարունակել պայմանավորվածությունները իշխանությունն ու ձայները բաժան-բաժան անելու հարցում: Սակայն անգամ դա վկայում է, որ իշխանության մեջ իրավիճակը շարունակում է մնալ որոշակիորեն լարված, չնայած ընտրական պաշտոնական արդյունքները երեւի թե պետք է հակառակ իրավիճակ ապահովեին, եւ ՀՀԿ-ն պետք է հանգիստ, առանց ավելորդ ինտրիգների եւ ձգձգումների կազմավորեր իր իշխանությունը: Մինչդեռ ստեղծված իրավիճակն, ըստ էության, վկայում է, որ իրականում խորհրդարանի ընտրության արդյունքը այն չէ, ինչ արտացոլված է պաշտոնական թվերով, եւ ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին հայտնի է մեկ այլ արդյունք, որի շուրջ էլ տեղի են ունենում ներիշխանական զարգացումները»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը շարունակում է թեման. - «Հայաստանում ոչ մի անգամ հետընտրական այսպիսի խաղաղություն չի եղել: Նույնիսկ 1991 թվականին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտ 80 տոկոսով ընտրվեց նախագահ, Պարույր Հայրիկյանը սեւ դրոշներով երթեր էր կազմակերպում: Իսկ հիմա ամեն ինչ խաղաղ է: Նույնիսկ կուսակցություններն են ալարում հայտարարություններ անել. մի երկու հերթապահ միտք են հայտնում, եւ վերջ: Այսինքն ներհասարական «կոնսենսուսի» տարրերն ակնհայտ են: Բայց այս կոնսենսուսը կայունության վկայություն չէ: Նման հանդարտությունը սովորաբար իջնում է անբուժելի հիվանդի վրա` դիագնոզի վերջնական հաստատումից հետո, երբ հասկանալի է դառնում, որ ելք չկա: Վերջին հաշվով նույնպիսի «կայունություն» էր նաեւ Խորհրդային Միությունում: Եվ ի՞նչ. հսկայական կայսրությունը համարյա առանց ցնցումների փլուզվեց, իսկ գործընթացը տեւեց ընդամենը 2-3 տարի` չնչին մի ժամանակահատված այդպիսի հսկայական երկրի համար»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. -«Ըստ էության, մենք՝ ընտրողներս, մեր ձայնը տվեցինք մարդկանց մի խմբի, սակայն խորհրդարան են գնալու բոլորովին ուրիշները: Ինքնաբացարկներ կոչվող երեւույթն անշուշտ մեզանում նոր չէ՝ դեռ անցած ընտրություններից էր հայտնի, բայց այսքան շատ ու այսքան չպատճառաբանված դրանք երբեւէ չեն եղել: Կուսակցությունների առաջնորդները, փաստորեն, հանրությանը ներկայացրած ցուցակներում ընտրություններից հետո կամայական փոփոխություններ արեցին, եւ դրա արդյունքում էլ կձեւավորվի նոր խորհրդարանը: Բայց չէ՞ որ ընտրողն առաջնորդվել է նախկին ցուցակի՝ գոնե առաջին 50 տեղերում գրված անուններից ելնելով: Եվ ընտրողի համար լրիվ մեկ է, թե ով ինչքան ձայն է բերել իր կուսակցությանը, ինչպես է կատարել «վոժդի» հանձնարարությունները, ինչպես է ծառայել նրան»:

«Երկիր»-ը գրում է. - «Ստացվում է, որ եթե մեծամասնական ընտրակարգը վերացված լիներ, Հանրապետական կուսակցությունն ընդամենը 44 տոկոս ձայն էր ստանալու` այն էլ վարչական ռեսուրսի գերկենտրոնացման, ընտրացուցակային մանիպուլյացիաների եւ ընտրակաշառքների տոտալ բաժանման ողջ ռեսուրսն օգտագործելու պարագայում: ՀՀԿ-ին անգամ ՕԵԿ-ի պես գրպանային կուսակցության 5 տոկոսը չէր օգնելու` բացարձակ մեծամասնություն կազմելու երազանքն իրականություն դարձնելու համար: Եվ հասարակության ու քաղաքական մյուս ուժերի ակնկալիքը` գոնե ձերբազատվել ՀՀԿ-ի քաղաքական ու ռեսուրսային մենաշնորհից, հնարավոր կլիներ ապահովել, եթե գործեր միայն համամասնական ընտրակարգը: Այսինքն` ընտրակեղծարարության թաքնված միջոցներն ու նոր տեխնոլոգիաները օգնեցին ՀՀԿ-ին ընդամենը մյուսներից շատ քվեներ ձեռք գցել: Իսկ վերարտադրվել, իշխանությունը վերանվաճել ապահովել է մեծամասնական ընտրակարգը»:

«Հայոց աշխարհ»-ի ուշադրության կենտրոնում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն է. - «Հետընտրական օրերին Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի գլխին կուտակվող սեւ ամպերը գնալով թանձրանում են: ՀԱԿ առաջնորդն ու նրա մերձավորագույն զինակիցները կանգնած են վտանգավոր մարտահրավերի առջեւ, ինչը հազիվ թե նրանց հաջողվի հաղթահարել: Կոնգրեսը փլուզվում է այնպիսի արագությամբ, որ նույնիսկ դժվար է ասել, թե նոր խորհրդարան մուտք գործելու պահին յոթ մանդատավորներն իրենց թիկունքում կզգա՞ն դաշինքի գոյությունը: Քանզի դատելով ՀԱԿ-ի ներսում սրընթաց զարգացող իրադարձություններից, հավանականությունը մեծ է, որ մինչ խորհրդարանի առաջին նիստը, այդ դաշինքից, ինչպես ասում են, միայն ֆուտլյարը մնացած լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG