Մատչելիության հղումներ

Նիկոյանը չընդունեց զոհված զինվորների ծնողներին


Բանակում մահացած 30-ամյա սպա Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:
Բանակում մահացած 30-ամյա սպա Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:
Անցած տարիներին հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողներից 5-ի ծնողներն այսօր Ազգային ժողովի ընդունարանում պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

Ծնողները վկայակոչում էին 2011 թվականի սեպտեմբերի 30-ին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում (այն ժամանակ ԱԺ փոխնախագահ) Սամվել Նիկոյանի, Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության, ինչպես նաեւ Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումը:

Սամվել Նիկոյանն ութ ամիս առաջ հայտարարել էր, թե պատգամավորները պետք է բողոքներ գրեն: Զոհվածների ծնողները խորհրդարանից պահանջում են պատասխանները:

Զինվորների ծնողներն ԱԺ էին գնացել ապրիլի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրությունը ձեռքներին: Պաշտպանն ԱԺ նախագահից, ինչպես նաեւ 8 ամիս առաջ տեղի ունեցած քննարկմանը մասնակցած պատգամավորներ Արամ Սաֆարյանից, Լարիսա Ալավերդյանից, Հրայր Կարապետյանից ակնկալել էր, որ մինչեւ չորրորդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտը նշված պատգամավորները կներկայացնեն գնահատականներ:

«Նվազագույնը խնդրում ենք այդ ութ զինծառայողների հարազատներին իրազեկել մեր սեպտեմբերյան հանդիպման, դրան հետեւած մեր տեղեկանքների եւ ձեր հարցումների արդյունքների, ինչպես նաեւ ընթացող ու սպասվող գործընթացների մասին», - գրել էր Կարեն Անդրեասյանը:

«Մեր բարձրացրած հարցերի պատասխանները իմ տղայի գործով 5 տարի է ես դատարաններից, իրավապահ մարմիններից ստացել եմ, որոնք ինձ չեն բավարարել: Ես մտածում եմ, որ իրենք պատասխան չունեն մեզ տալու, դրա համար մեզ չեն կանչում, մենք պետք է հետաքրքրվենք: Մենք պիտի ստիպենք», - ասաց 2007 թվականի օգոստոսի 31-ին Կարճաղբյուրի զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը:

«2 տարի 2 ամիս է` իմ տղայի գործը նախաքննության փուլում է: Քանի՞ տարի պիտի սպասեմ, որ գործը բացահայտեն, մեղավորներին պատժեն», - ավելացրեց 2010 թվականին բանակում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը:

ԱԺ նախագահի հետ հանդիպում պահանջողներից էր նաեւ Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի դիրքերից մեկում 2010 թվականի հուլիսի 27-ին մահացած 30-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը: Այս գործով դատավարությունն ամիսներ շարունակ ձգձգվում է, հարազատները դժգոհ են դատաքննությունից:

Սամվել Նիկոյանի աշխատակազմից ծնողներին փոխանցեցին, թե նա զբաղված է: Ծնողներին ընդունեց ԱԺ քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի վարիչ Հակոբ Հարությունյանը` խոստանալով, որ այդ տեղեկանքները ծնողներին կուղարկվեն փոստով:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դատախազությանը, պետական մյուս բոլոր իրավասու մարմիններին դիմումներ էինք հղել, որպեսզի այս գործերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ տան: Մի մասը ստացվել է եւ ուղարկել ենք պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողով: Նախընտրական շրջան էր, հանձնաժողովի նախագահն արդեն ցուցակում չէր, այդպես մնաց: Հիմա այդ նյութերը, ինչ որ կա, ես կփոխանցեմ ծնողներին: Զինդատախազի հետ պայմանավորվածություն ունենք. եթե նրանք ցանկություն ունեն յուրաքանչյուրը առանձին զինդատախազի ներկայությամբ, մարդու իրավունքների պաշտպանի, իմ եւ համապատասխան քննիչի եւ ծնողները իրենց փաստաբանի հետ հանդիպել, կարող ենք այդ գործընթացը սկսել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ԱԺ ստացած տեղեկանքներն արդյո՞ք տալիս են զինվորների ծնողների հարցերի պատասխանները, Սամվել Նիկոյանն արձագանքեց. - «Ես մասնագետ չեմ, որ կարողանամ դրան պատասխանել: Այդ տեղեկանքները նրա մասին են, թե մինչեւ հիմա ինչ է արվել եւ ինչ է արվելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG