Մատչելիության հղումներ

Ադամյան. Տեղական ընկերությունները չեն կարողացել մասնակցել «Հյուսիս-Հարավի» մրցույթին


Ասիական զարգացման բանկի ծրագրերի իրականացմանը հետեւող հասարակական կազմակերպությունների հայաստանյան ֆորումի համակարգող Սիլվա Ադամյանը պնդում է, որ Հյուսիս-Հարավ մայրուղու մի հատվածի վերակառուցման պայմանագրի կնքումը իսպանական ընկերության հետ, էստ էության, արվել է առանց մրցույթի:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության ու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերության միջեւ պայմանագիր ստորագրվեց, ըստ որի նշված ընկերությունը պետք է իրականացնի Հյուսիս-Հարավ մայրուղու Արարատ-Երեւան-Թալին հատվածի վերակառուցումը, որի երկարությունը կազմում է 91.3 կիլոմետր եւ որի համար ծախսվելու է մոտ 280 միլիոն դոլար: Այդ 280 միլիոնից 230 միլիոնը վարկի տեսքով հատկացնելու է Ասիական զարգացման բանկը, իսկ մնացած գումարը` Հայաստանի կառավարությունը:

Սիլվա Ադամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ փոխանցեց, թե Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իրենց ասել են, թե արգելվել է, որպեսզի հայաստանյան որեւէ ընկերություն մասնակցի մրցույթին:

«Մեզ բանկի աշխատակիցները պատասխանեցին, որ իրենք ունեցել են գյուղական ծրագրեր, որոնք նախատեսել են գյուղական ճանապարհների վերանորոգում եւ այդ ճանապարհների վերանորոգման շրջանակներում աշխատել են հայկական ընկերություններ, որոնք, ըստ իրենց, վատ են պատրաստել ճանապարհները, եւ դրա համար, երբ Հյուսիս-Հարավի ճանապարհաշինական տենդերը պետք է անցկացվեր, իրենք որոշել են, որ հայկական կողմին այդ հնարավորությունը ընդհանրապես չտան», - հայտարարեց Ադամյանը:

Մինչդեռ, ըստ Ադամյանի, մրցույթի վերջնական փուլ անցած չինական չորս ընկերությունների նախկինում արված աշխատանքի որակը չի կարելի գոհացուցիչ գնահատել, քանի որ ասիական տարբեր երկրներում այդ ընկերությունների իրականացրած ճանապարհաշինարարական աշխատանքներում հետագայում թերություններ են հայտնաբերվել:

«Իսկ այս իսպանական ընկերության մասին ընդհանարապես ոչ մի տեղեկատվություն չկա, մենք չգիտենք՝ ինչ ընկերություն է, որտեղ է աշխատել, ինչ է արել», - ասաց Ադամյանը:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես արձագանքեց Սիլվա Ադամյանի պնդումներին. - «Չգիտեմ՝ տիկին Ադամյանը որտեղից է այդ տեղեկատվությունը վերցրել, որ հայկական ընկերություններին արգելել են մասնակցել մրցույթին: Նման բան չկա: Մենք 2011 թվականի օգոստոսի 20-ին հայտարարել ենք բաց միջազգային մրցույթ: Դա նշանակում է, որ բոլոր ընկերությունները՝ միջազգային եւ հայկական, կարող էին այդ մրցույթին մասնակցել: Մրցութային փաստաթղթեր ձեռք են բերել 28 կազմակերպություններ, այդ թվում՝ հայաստանյան կազմակերպություններ: Դա նշանակում է այդ ընկերությունները ներկայացրել են իրենց հետաքրքրության հայտը, վճարել են դրա համար գումար, որը մեծ գումար չէ: Իրենք վերցնում են, հետո որոշում են՝ հարմար է իրենց մասնակցել մրցույթին, թե՝ հարմար չէ: Արդյունքում մասնակցեցին վեց կազմակերպություններ, որոնց մեջ, այո, տեղական ընկերություններ չկային»:

«Իմ կարծիքով՝ տեղական ընկերությունները չմասնակցեցին, որովհետեւ մրցութային փաստաթղթերով պահանջով աշխատանքի նման ծավալը ուղղակի որեւէ հայկական ընկերություն չի կարող ցույց տալ: Չի եղել նման ծավալի աշխատանք մեր երկրում», - շարունակեց նա:

Հովսեփյանը վստահեցրեց, որ մրցույթը շահած իսպանական ընկերությունը բավարարում է մրցույթի բոլոր պահանջներին, ունի շինարարական աշխատանքների մեծ փորձ, Իսպանիայի բացի աշխատանքներ իրականացրել է Հնդկաստանում, Պակիստանում, Մեքսիկայում եւ այլուր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG