Մատչելիության հղումներ

«Բայերն» - «Չելսի». անկանխատեսելի եզրափակիչ


ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը

Վաղը Մյունխենի «Ալյանս» շքեղ ու գերարդիական մարզադաշտում գերմանացի եւ անգլիացի ֆուտբոլիստները կխաղարկեն Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթը։

Տանտիրոջ կարգավիճակով հանդես եկող «Բայերն»-ը Գերմանիայի Բավարիա երկրամասի լավագույն թիմն է, այն հիմնադրվել է 1900 թվականին։

«Բայերն»-ը 2011 - 2012 թվականների մրցաշրջանն է ավարտել` Բունդեսլիգայում գրավելով «ընդամենը» երկրորդ տեղը։ Բավարացի մեկնաբանները ասում են «ընդամենը», քանի որ ամեն մրցաշրջանից առաջ թիմը պնդում է, որ ունի սոսկ մեկ նպատակ` դառնալ չեմպիոն։

Երկրորդ, առավել եւս երրորդ տեղը երկրպագուներին չի ուրախացնում եւ, որպես կանոն, դառնում է մարզիչներին պաշտոնանկ անելու առիթ։

Սակայն այս տարի մարզիչ Յուփ Հեյնքեսի բախտը կարող է բերել, քանի որ Չեմպիոնների լիգայի գավաթի նվաճումը կսրբագրի բոլոր սխալներն ու ներում կապահովի։

Forbes հանդեսի գնահատմամբ` «Բայերն»-ը մոլորակի 5-րդ ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է։

Առաջինը «Մանչեսթր Յունայթեդ»-ն է, երկրորդը` Մադրիդի «Ռեալ»-ը, երրորդը «Բարսելոնա»-ն է, չորրորդն էլ Լոնդոնի «Արսենալ»-ն է։

«Բայերն»-ի վաղվա մրցակիցը` Լոնդոնում 1905 թվականին հիմնադրված «Չելսի»-ն, այդ ցանկում 7-րդն է։

Ի տարբերություն բավարացիների, լոնդոնցիներն անգլիական պրեմիեր-լիգայում այս տարի է՛լ ավելի անհաջող են խաղացել` գրավելով ընդամենը 6-րդ տեղը։

Ռոբերտո Դի Մատեոն այսօրվա դրությամբ ունի ընդամենը մարզչի պաշտոնակատարի կարգավիճակ։ Վերջին տարիներին Ռոման Աբրամովիչի թիմն անընդհատ մարզիչներ է փոխում` Կլաուդիո Ռանիերի, Ժոզե Մոուրինյո, Ավրամ Գրանթ, Լուիս Ֆելիպե Սկոլարի, Գուս Հիդինկ, Կարլո Անչելոտի, Անդրե Վիլլաս-Բոաշ. վերջինս էլ հենց այս մրցաշրջանում հեռացավ։

Մեկնաբանների համոզմամբ` մարզչի պաշտոնակատար իտալացի Ռոբերտո Դի Մատեոն լավ է աշխատել, համենայն դեպս` թիմը հասցրել է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Հոգ չէ, որ փորձագետների եւ բուքմեյքերների զգալի մասի կարծիքով` կհաղթի «Բայերն»-ը։ Նրանք ասում են, թե բավարացիների հաղթանակի հավանականությունը մոտ 70 տոկոս է կազմում, եւ մատնանշում են երկու վճռական հանգամանք. բավարացիները հանդես են գալու հարազատ հարկի տակ, իսկ վնասվածքների եւ խախտումներին հաջորդած որակազրկումների հետեւանքով լոնդոնցիները ոչ ամենամարտական կազմով դուրս կգան «Ալյանս» մարզադաշտ։

Bloomberg տնտեսական հանդեսը հետաքրքիր զուգահեռ է անցկացնում` գրելով. - «Եթե ուզում եք հասկանալ գերմանական տնտեսության հաջողության մոդելը` ուսումնասիրեք «Բայերն»-ի ֆենոմենը»։

Դա շատ գերմանական «ընկերություն» է, ոչ մի անիմաստ ծախս, 19 տարի շարունակ ֆինանսական առումով կորուստ չի գրանցել, մինչդեռ «Չելսի»-ի համար ավելի քան 1 միլիարդ դոլարի ծախս է արվել։

«Բայերն»-ը գերմանական տնտեսական կառավարման փոքրիկ պատճենն է։

«Անգլիայում, Իտալիայում, Իսպանիայում լճացում է եւ ճգնաժամ, իսկ Գերմանիայում զարգացում եւ գործազրկության ցածր աստիճան», - ասել է ING վերլուծական կենտրոնի փորձագետ Կարստեն Բրեզսկին եւ ավելացրել. - «2010-ին «Բայերն»-ը հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ պարտվել է Միլանի «Ինտեր»-ին, որն այդ տարին 80 միլիոն եվրոյի կորուստով է ավարտել։ Երեք տարում երկու անգամ եզրափակիչ դուրս գալը վկայում է ակումբի պինդ առողջության մասին»։

«Բայերն»-ը 4 անգամ է շահել Չեմպիոնների գավաթը, 4 անգամ էլ պարտվել է եզրափակիչում, իսկ վաղվա հանդիպումը կլինի 9-րդ եզրափակիչը։

«Չելսի»-ի կենսագրությունն ավելի համեստ է. թիմը մեկ անգամ` 2007 թվականին է դուրս եկել եզրափակիչ եւ 11-մետրանոցներով պարտվել է «Մանչեսթր Յունայթեդ»-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG