Մատչելիության հղումներ

ԵՄ-ն եւ Թուրքիան հայտարարում են «դրական օրակարգի» մասին


Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե, արխիվային լուսանկար
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե, արխիվային լուսանկար
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերջին տարիների տեղապտույտից հետո, հինգշաբթի օրը կողմերը հայտարարեցին բանակցությունները վերսկսելու դրական օրակարգի մասին:

Թուրքիա է այցելել Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս հանդիպումը մամուլի համար փակ է անցկացվել:

Ավելի վաղ Ֆյուլեն հանդիպել է Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար, բանակցությունների թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղըշի հետ, հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիս է անցկացվել:

«Սա հատուկ օր է մեր հարաբերություններում: Այս դրական օրակարգը պետք է թարմ զարգացում եւ նոր պահեր հաղորդի մեր հարաբերություններին», - ասուլիսում հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն` ընդգծելով. - «Մեր նպատակն է կենդանի պահել անդամակցության գործընթացը եւ այն պատշաճ ուղու վրա դնել լճացման փուլից հետո, ինչը երկու կողմում էլ հիասթափության աղբյուր է դարձել»:

Թուրքիան եւ եվրահանձնակատարը պայմանավորվել են աշխատանքային ութ խումբ ձեւավորել, յուրաքանչյուր խումբը կզբաղվի Եվրամիության պահանջների առանձին փաթեթներով` ջանքեր գործադրելով Թուրքիայի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականին, բայց մինչեւ հիմա Եվրամիության կողմից դրված 35 պահանջներից Թուրքիան կատարել է 13-ը:

«Նոր շարժումը չի փոխարինելու, այլ լրացնելու եւ օժանդակելու է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին», - նշել է Ֆյուլեն:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ են եվրաընտանիքի մի շարք անդամներ, այդ թվում` Ֆրանսիան: Բայց Նիկոլա Սարկոզիի պաշտոնավարման ավարտից հետո Թուրքիան կարծես առաջընթացի հույսեր է փայփայում:

Չլուծված է մնում նաեւ հիմնական խոչընդոտներից մեկը` Կիպրոսի հարցը: Թուրքիան փակ է պահում իր օդանավակայանները եւ ծովային նավահանգիստները Եվրամիության անդամ Կիպրոսի դեմ` արգելափակելով առեւտրատնտեսական համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG