Մատչելիության հղումներ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն վերջերս իրականացրել է Հայաստանի պետական մարմինների ու կայքերի ուսումնասիրություն, որում 52 կայքեր դիտարկվել են 177 չափորոշիչներով ու գնահատվել 100 միավորով:

«Տեղեկատվության ազատության օրենքի համաձայն` եթե պետական կառույցը ունի իր կայքը, ապա հանրային նշանակություն ունեցող տեղեկատվությունը պետք է տեղադրվի նաեւ կայքում: Իսկ կայքերը պետք է դառնան հուսալի աղբյուր հասարակության համար պետական կառույցներից տեղեկատվություն ստանալու համար», - հայտնում է կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Կայքերի մոնիթորինգի հիմնական չափանիշներն են` պահանջված տեղեկության առկայությունը, տեղեկության ամբողջականությունը, օպերատիվությունը եւ մատչելիությունը:

Կայքերը բաժանվել են երեք խմբերի, որոնցից առաջինում ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր եւ այլ պետական մարմինների կայքերն են, երկրորդում` Հայաստանի մարզերի պաշտոնական կայքերը, իսկ երրորդում ՀՀ նախագահի, ԱԺ-ի, Կառավարության, Սահմանադրական դատարանի ու Դատախազության, Երեւանի քաղաքապետարանի եւ Մարդու իրավունքների պաշտպանի կայքերն են:

Առաջին խմբում առաջատարը Տարածքային կառավարման նախարարությունն է 57,20 միավորով, ապա Տրանսպորտի եւ կապի նախարարությունը` 48,36 միավորով: Վերջին` 34-րդ եւ 35-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (26,69 միավոր) եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (21,05 միավոր):

Մարզերից համեմատաբար ամենալավ կայքը ունի Սյունիքի մարզը, վերջին հորիզոնականում Վայոց Ձորն է:

Երրորդ խմբում ՀՀ նախագահի կայքը 100-ից ստացել է 28,6 միավոր, ինչը շատ ցածր ցուցանիշ է, ցածր է նաեւ Երեւանի քաղաքապետարանի ցուցանիշը` 32 միավոր: Այս խմբում լավ է աշխատում ՀՀ դատախազության կայքը, որը գնահատվել է 55,58 միավորով:

Զեկույցը այս խմբի մասին նշում է. - «Այս խմբի կայքերում բացակայում են հանրային նշանակություն ունեցող մի շարք տեղեկություններ: Մասնավորապես, այս կայքերի այցելուներին հասանելի չեն բյուջեն կատարելու, այսինքն` տվյալ մարմնի գործունեության ապահովման համար հատկացված բյուջետային միջոցների ծախսի մասին տեղեկությունները, գրեթե ոչինչ նշված չէ իրականացված ստուգումների եւ դրանց արդյունքների մասին: Բացակայում է նաեւ թափուր պաշտոնների ցանկը, չկան տեղեկություններ դրանք զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության անցնելու կարգի վերաբերյալ եւ այլն»:

ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը ապահովվում է եւ ՀՀ Սահմանդրության 27.1 եւ 33.2 հոդվածներով եւ Տեղեկատվության ազատության մասին օրենքով:

XS
SM
MD
LG