Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են


Արխիվ -- Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը կոալիցիոն հուշագիրը ստորագրելիս, 17-ը փետրվարի, 2011
Արխիվ -- Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը կոալիցիոն հուշագիրը ստորագրելիս, 17-ը փետրվարի, 2011
Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այս տեղեկատվությունն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատեց ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք երեկվա հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկել են կոալիցիոն կառավարություն կազմելու խնդրի շուրջ, Սահակյանն ասաց, որ այդ եւ մյուս հարցերի պատասխանները կտրվեն այսօր երեկոյան ՀՀԿ-ում կայանալիք գործադիր մարմնի նիստում:

«Իրոք հանդիպումներ եղել են, այսօր գործադիր մարմնի նիստ տեղի կունենա, արդյունքները կամփոփվեն, ըստ այդմ էլ արդեն հանդես կգանք պաշտոնական տեսակետով», - ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը` հավելելով, թե չի կարող այլ մանրամասներ փոխանցել հանդիպումից, քանի որ ինքը չի մասնակցել դրան. - «Բայց եթե որոշակի ընդգծված խնդիր առաջացած լինի, այսօր երեկոյան հանդիպելու են գործադիր մարմնի նիստում, խոսք կգնա նաեւ այդ մասին»:

Հարցին, թե ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ նոր կառավարության կազմում ԲՀԿ-ի տեղերը ավելանալու են, Գալուստ Սահակյանն ասաց, որ դա կախված է այն հանգամանքից, թե ՀՀԿ- եւ ԲՀԿ-ն համագործակցության ինչ ձեւ կընտրեն:

«Ո՞րն եք առավել հավանական համարում, կլինի՞ կոալիցիա, թե այսպես կոչված համաձայնագիրը» հարցին ի պատասխան, Գալուստ Սահակյանն ասաց. - «Նայած թե ինչպիսի սկզբունքներ կընտրվեն... եթե սկզբունքները, բեռը ծանր լինի, բնական է, [կընտրեն] դեպի կոալիցիայի ճանապարհը, եթե այդ բեռը կուսակցության տեսակետից ավելի թեթեւ պիտի լինի, կարծում եմ` համաձայնություններ կլինեն»:

Գլխավոր ինտրիգը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ըստ էության այն է, թե արդյո՞ք ԲՀԿ ղեկավարը ի վերջո կհայտարարի, որ 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածություն: Վերջին շրջանում Ծառուկյանը խույս էր տալիս այս հարցից եւ պատասխանում արդեն թեւավոր դարձած արտահայտությամբ` «այդ մասին հաջորդ դասին»:

Արդյո՞ք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համագործակցությունը ենթադրում է, որ Ծառուկյանը պետք է Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարությամբ հանդես գա. - «Հինգ տարիների ամենակարեւորագույն ծրագրերից մեկը երկրի հետագա ճակատագրի համար դա նաեւ նախագահական ընտրություններն են: Բնականաբար, եթե կոալիցիոն համագործակցություն լինի, դա առաջին խնդիրներից մեկն է», - այս առնչությամբ ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը:

Ինչ վերաբերում է մյուս կարեւոր հարցադրմանը, թե ո՞վ կզբաղեցնի վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնները, ապա Գալուստ Սահակյանն ասաց, թե այդ հարցում դեռեւս վերջնական որոշում չկա: Արձագանքելով այն պնդումներին, թե արդեն իսկ որոշված է, որ Տիգրան Սարգսյանը շարունակելու է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, իսկ Հովիկ Աբրահամյանին կրկին բաժին կհասնի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, ապա Սահակյանն ասաց, թե եւ Աբրահամյանը, եւ Սարգսյանը պետք է ունենան մեծ դերակատարում:

«Կարծում եմ` երեկոյան այդ խնդիրներն էլ կլինեն: Հնարավոր է դա էլ քննարկվի: Կարծում եմ, որ երեկոյան պատրաստ կլինի նաեւ մեր համամասնականի ցուցակը, որը պիտի ներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով», - ասաց նա:

Հիշեցնենք, մայիսի 6-ին կայացած ընտրություններից հետո ԲՀԿ-ն ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ միասին համատեղ հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ խորհրդարանական ընտրությունները համատարած ընտրախախտումներով են անցել եւ խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերին տված աջակցության իրական պատկերը: Հարցին, թե այս հայտարարությունից հետո հնարավո՞ր է սերտ համագործակցություն, Սահակյանը պատասխանեց, թե խնդիրն այն չէ, թե ով ում մասին ինչ մտածում, պետք է վեր կանգնել կուսակցական խնդիրներից եւ մտածել երկրի արտաքին եւ ներքին խնդիրների մասին:

«Մի փոքր հեգնանքով են նման իրողություններին վերաբերվում, որովհետեւ մեր քաղաքական դաշտում դեռեւս պարտվողները շատ ցավագին են ընդունում [պարտությունը], բացի այդ ամբողջ գործընթացում մեծ նշաձող էին վերցրել, որ կեսից ավելին կունենան, դրան հավատացել էին եւ հանկարծ ընտրություններից հետո մի փոքր հուսախաբություն է տիրում: Դիմացել ենք ամբողջ ընտրությունների ժամանակ մեր դեմ ուղղված նույնիսկ հայհոյանքներին, կդիմանանք նաեւ հետընտրական ժամանակաշրջանում», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG