Մատչելիության հղումներ

Հայաստանին եւ Ղարաբաղին 2013-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը հավանաբար կաճի


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հանձնաժողովի հատկացումների ենթահանձնաժողովը առաջարկում է շեշտակի` 150 տոկոսով, բարձրացնել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական աջակցությունը եւ ներկայիս 2 միլիոն դոլարից 2013 թվականի ֆինանսական տարում այն հասցնել 5 միլիոնի։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի փոխանցմամբ, ենթահանձնաժողովի հանրապետական նախագահ Քեյ Գրենջերը Թեքսասից եւ նրա դեմոկրատ տեղակալ Նիթա Լոուին Նյու Յորքից առաջարկում են 2013-ի ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել առնվազն 40 միլիոն դոլար, ինչը 7.5 միլիոնով գերազանցում է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացրած առաջարկը։

Ենթահանձնաժողովի առաջարկած փոփոխություններով նախատեսվում է նաեւ պահպանել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության հավասարությունը` 2.7-ական միլիոն դոլար` որպես արտաքին ռազմական ֆինանսավորում, եւ եւս 600-հազարական դոլար` միջազգային ռազմական կրթության եւ վարժանքների համար։

Կոնգրեսական ենթահանձնաժողովը վարչակազմին կոչ է անում Վրաստանի հայաբնակ Ջավախք տարածաշրջանին հասցեական օգնության ռազմավարություն ձեւակերպել։

Բացի այդ, ենթահանձնաժողովը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ է անում շարունակել աջակցությունը Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով այդ տարածաշրջանում վտանգի ենթարկված հայ եւ քրիստոնյա մնացյալ բնակչությանը։

2013 թվականի ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագծում ներառված այդ առաջարկները ենթահանձնաժողովը փոխանցել է Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովին։ Օրինագիծը հանձնաժողովում այսօր է քվեարկվելու։

Ամերիկայի հայկական կազմակերպությունները ողջունել են Կոնգրեսի ենթահանձնաժողովի առաջարկած փոփոխությունները։

«Ամերիկահայերը` Կալիֆորնիայից եւ ամբողջ երկրից, շնորհակալություն են հայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին, ով եռանդով եւ վճռականորեն աշխատել է հանուն այս նախագծի ընդունման», - ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ու ավելացրել. - «Մենք ցանկանում ենք նաեւ երախտագիտությամբ նշել մեր բարեկամ կոնգրեսական Սթիվ Ռոթմանի, ենթահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Նիթա Լոուիի, կոնգրեսականներ Ֆրենք Վոլֆի եւ Ջեսի Ջեքսոնի եւ, իհարկե, ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերի անունները»։

ԱՄՆ-ի Սենատի հատկացումների հանձնաժողովն արտաքին օգնության օրինագիծը կքննարկի, հավանաբար, հաջորդ շաբաթասկզբին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG