Մատչելիության հղումներ

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մինչ այս պահը հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու ծրագրի շրջանակում նախատեսված 12 600 տոննայի փոխարեն հանրապետության մարզեր է առաքվել 8317 տոննա դիզվառելիք:

Նախատեսված ծավալից քիչ իրացման վերաբերյալ գյուղատնտեսության փոխնախարարն ասում է, որ առաքվել է այնքան դիզվառելիք, որքանի դիմաց գյուղացին վճարել է:

Արարատի մարզի Լուսառատ համայնքի բնակիչ Ժյուլվեռն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղում դիզվառելիք է առաջարկվել ոչ միայն կառավարության ծրագրով, այլեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է նման ծրագիր իրականացրել: ԲՀԿ-ն դիզվառելիքը կառավարության հատկացրած 350-ի փոխարեն, մեկ լիտրը 300 դրամով է տրամադրել:

«Ես Բարգավաճից եմ վերցրեց, տեղյակ էի, որ կառավարությունն էլ է տալիս, բայց Բարգավաճը ավելի էժան տվեց: Բարգավաճը սիլիտրան էլ 5000-ով տվեց, իսկ կառավարությունը 6000-ով էր տալիս», - ասաց Սիմոնյանը:

Լուսառատի գյուղապետ Դանիել Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ գյուղում նախատեսվածից քիչ դիզվառելիք է իրացվել: Սակայն նա ժխտեց, որ դա կարող է պայմանավորված լինել ԲՀԿ-ի տրամադրած դիզվառելիքի ավելի ցածր գնով:

«Շատ լավ գին էր 350 դրամը, նորմալ էր, կապ չուներ դա, ուղղակի ժողովրդի ձեռքը փող չկար», - ասաց գյուղապետը:

Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Ոսկանյանն էլ է կարծում, որ ԲՀԿ-ի կողմից ավելի ցածր գնով դիզվառելիքի տրամադրումը չի խանգարել կառավարության ծրագրին:

«Ովքեր ցանկացել են մեզ մոտից վերցնել, նախապես գումարը տվել են, մենք մուտք ենք արել», - ասաց գյուղապետը:

Ի դեպ, մեկ, երկու մարզում նախատեսված չափաբաժինը ամբողջությամբ իրացվել է: Սյունիքի մարզում նույնիսկ նախատեսված 300 տոննայից բացի եւս 500 տոննայի պահանջարկ է եղել:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը ասաց, որ հաջորդ տարի ծրագիրն իրականացնելիս՝ հաշվի կառնեն այս տարվա սպառման ծավալները:

Հիշեցնենք, որ դիզվառելիքի մատակարարումն ապահովում է «Ֆլեշ» ընկերությունը: Կառավարության եւ «Ֆլեշ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, կառավարությունը 1 լիտր դիզելային վառելանյութը «Ֆլեշից» գնում է 440 դրամով, իսկ գյուղացուն հատկացնում 350 դրամով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG