Մատչելիության հղումներ

«Հայաստանը նայում է Եվրոպային», - հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականում հրապարակած հոդվածում՝ մանրամասնելով, թե ինչով է հատկապես գայթակղիչ եվրաինտեգրումը Հայաստանի համար եւ ինչ դժվարություններ ու խնդիրներ կան ԱՊՀ տարածքում նույն՝ ինտեգրացիոն խնդիրների հետ կապված։

«Ինտեգրումը՝ հանուն ինտեգրման, անիմաստ է», - պարզաբանում է Հայաստանի վարչապետը՝ հավելելով. - «Ինտեգրման գործընթացներից պետք է շահեն բոլորը, հակառակ դեպքում կորչում է դրանց տնտեսական եւ քաղաքական բովանդակությունը»։

Անդրադառնալով ԱՊՀ տարածքում ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրին, որն այսօրվա դրությամբ վավերացրել է միայն Ռուսաստանի խորհրդարանը` Տիգրան Սարգսյանը ընդգծում է, որ փաստաթուղթը մեծ օգուտներ է խոստանում անդամ պետություններին, սահմանվում են լավագույն պայմաններ՝ մեկ միասնական տնտեսական տարածքում ապրանքների եւ ծառայությունների իրացման համար: Մյուս կողմից, ըստ վարչապետի, առկա են մի շարք չլուծված խնդիրներ. - «Համագործակցության նոր ձեւերը, եթե կուզեք՝ սրում են արդարության զգացումը ԱՊՀ անդամ երկրների հարաբերություններում: Մասնակիցներից որեւէ մեկի համար ընդունելի չէ, որ այս կամ այն երկիրը չարաշահի խաղի կանոնները, մինչդեռ անդամների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների զգալի տարբերության պայմաններում հավասարության հասնելը չափազանց բարդ է»։

Վերլուծելով հոդվածի այս շեշտադրումները` քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծիք է հայտնում, թե վարչապետի՝ արդարության եւ հավասարության մասին ուղերձները առաջին հերթին հասցեագրված են Ռուսաստանին. - «Ռուսաստանը հետխորհրդային ցանկացած ֆորմատում միշտ իրեն համարում է հավասարների մեջ ավելի հավասար, ինչն էլ դժգոհություններ է առաջ բերում։ Միայն Ռուսաստանի գլխավոր սանիտարական տխրահռչակ բժիշկը կարող է ցանկացած ապրանք համարել հակասանիտարական եւ ցանկացած միջպետական պայմանագիր դրանով իսկ հօդս ցնդի»։

Հոդվածում Տիգրան Սարգսյանը նաեւ մատնանշում է ընդարձակ եւ փոխշահավետ համագործակցության անցնելու «անցավ դեղատոմսը». անհրաժեշտ է առաջին հերթին ներդնել միասնական չափորոշիչներ մասնակից բոլոր պետությունների համար, սահմանել խիստ վերահսկողության կանոններ, ինչպես նաեւ աջակցել, որպեսզի հետ մնացող երկրները բացահայտեն իրենց տնտեսական աճի ներուժը։

Չտանելով ուղիղ զուգահեռներ՝ վարչապետը, այդուամենայնիվ, փաստում է, որ Եվրամիության հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացները զարգանում են այս ուղղությամբ:

«Եվրամիության հետ բանակցությունների էությունը հետեւյալն է. եվրոպական չափանիշներին համապատասխանեցնել ե'ւ մեր օրեսդրական դաշտը, ե'ւ վերահսկողությունը արտադրության անվտանգության նկատմամբ։ Սա շատ ծավալուն եւ ջանքեր պահանջող աշխատանք է, սակայն, այն առաջին հերթին մեզ է անհրաժեշտ», - փաստում է Հայաստանի վարչապետը՝ ընդգծելով, որ Եվրամիության հետ ազատ առեւտրի համաձայնագիրը Հայաստանի համար էական առաջընթաց կապահովի` զգալիորեն կավելանան արտահանումն ու ներմուծումը, կկրճատվի արտաքին առեւտրի դեֆիցիտը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, Հայաստանի վարչապետը ներկայացնում է երկու մրցակցող ծրագրեր՝ ցույց տալով մեկի առավելությունը մյուսի նկատմամբ. - «Փաստորեն այստեղ մեսիջը հետեւյալն է. պարոնայք, դուք էլ ամեն ինչ բերեք եվրոպական մակարդակի, հետո նոր կարող ենք խոսել, իսկ մենք առայժմ քանի որ դա չենք տեսնում, տեսնում ենք միայն այն, ինչ տալիս է Եվրոպան, եւ այստեղից էլ հոդվածի վերնագիրը՝ «Նայում ենք Եվրոպային»։ Թեեւ հարկ է փաստել, որ նայելն ու գնալը՝ իրարից բավական տարբերվող հասկացություններ են»։

«Վեդոմոստի»-ում հրապարակած հոդվածում Տիգրան Սարգսյանը նաեւ բացահայտ աննպատակահարմար է համարել ԱՊՀ տարածքում սկսված մեկ այլ ծրագրին՝ «Մաքսային միությանը» Հայաստանի անդամակցության հեռանկարը՝ ընդգծելով, որ դա բովանդակային չէ, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի այդ միության անդամների՝ Ռուսաստանի, Ղազախստանի կամ Բելառուսի հետ:

Մեկնաբանելով հոդվածի այս դրույթը՝ Մեհրաբյան փաստում է. - «Կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին առաջին անգամ հայաստանյան իշխանությունները հրապարակայնորեն հակադրվում են ռուսաստանյան այն առաջարկներին, որոնք մինչ այդ մերժել անհնարին էր` իհարկե, դրա համար ներկայացնելով տնտեսագիտական, քաղաքական բացատրություններ, որոնք, կարծում եմ, շատ հեռու չեն ճշմարտությունից»։

Խոսելով Եվրամիության հետ սկսված տնտեսական մերձեցման մասին՝ Տիգրան Սարգսյանը միաժամանակ փաստել է, որ այն որեւէ կերպ չի հակասում ԱՊՀ տարածքում սկսված ինտեգրացիոն գործընթացներին, եւ ընդգծել է, որ այժմ Եվրամիության հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու մտադրություն ունեն նաեւ Ուկրաինան ու Մոլդովան։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG