Մատչելիության հղումներ

«Երեւան ջուր» ընկերության լուծարված բաժնի 40 աշխատողները շարունակում են վիճարկել ընկերության նախկին տնօրենի որոշումը:

2005 թվականին «Երեւան ջուր» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնվեց ֆրանսիական Veolia Water ընկերությանը: Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հավաստմամբ, ջրամատակարարման կորուստներն այդ ժամանակ կազմում էին 83 տոկոս: Ժամանակի ընթացքում կորուստներեը նվազելու փոխարեն աճեցին` հասնելով 85-ի, իսկ վերջին տվյալներով, դրանք կազմում են 82, 6 տոկոս: Սա, Պողոսյանի խոսքով` Երեւան քաղաքի համար ահռելի մեծ թիվ է, որտեղ նա նաեւ կոռուպցիոն անսպառ ճյուղ է տեսնում:

«Երեւան ջուր» ընկերության Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության բաժինը 11 ամիսների ընթացքում կազմել է 15 000 ակտ, որից 5000-ը միայն վերաբերել է ապօրինի ջրամիացումներին: Բաժինը նաեւ վերլուծություններ է կատարել ու զեկույցներ ներկայացրել տնօրինությանը ջրային եւ առեւտրայի կորուստների պատճառների ու դրանց վերացման շուրջ: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշում է, որ պատասխան տնօրինության կողմից աշխատակիցները չեն ստացել, նույնիսկ եղել են դեպքեր, երբ այդ ակտերը ճանաչվել են անվավեր, ավելին` բաժինը լուծարվել է, 40 աշխատողներն էլ հեռացվել են աշխատանքից:

Բաժնի նախկին տնօրեն Միքայել Դավթյանի խոսքով, 2008 թվականին իրենք նամակով դիմել են նախկին տնօրեն Պասկալ Ռուայեին` տեղեկացնելով, որ Veolia Water ընկերությունը չի կարողանում ճիշտ աշխատել եւ ջուրը փոշիացնում է:

«Մենք համարձակություն ունեցանք խախտումների մասին բարձրաձայնելու, դրա պատճառով մեզ հետ հաշվեհարդար տեսան ու 40 հոգու ազատեցին աշխատանքից», - ասաց Դավթյանը:

Փաստաբանի հավաստմամբ, լուծարված բաժինը «Երեւան ջուր» ընկերությանը ամիսը բերել է 25-30 միլիոն դրամ եկամուտ: Հարցին, թե այդ դեպքում որն էր եկամուտ բերող բաժինը լուծարելու պատճառը, բաժնի նախկին տնօրեն Միքայել Դավթյանը պատասխանեց. - «Մենք խախտումները բացահայտեցինք իրենց դա ձեռք չտվեց»:

«Երեւան ջուր» ընկերության աշխատակիցները դիմել էին դատարան` բողոքարկելով Ռուայեի որոշումը, որը նրանց համոզմամբ ապօրինի է: Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը եւ գործն այժմ Վերաքննիչ դատարանում է: Փաստաբանի խոսքով, այստեղից էլ մեծ ակնկալիքներ չունեն:

Խնդրի շուրջ «Մաքսլիբերթի»-ն պարզաբանումներ ստացավ նաեւ «Երեւան ջուր» ՓԲԸ օրինական շահերի լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանից: Նա ասաց. - «Այդ անգամ մեր ընկերությունը կատարել է հերթական կառուցվածքային եւ հաստիքային փոփոխություններ, եւ ՀՀ-ն չունի մի օրենքը, որը որեւէ իրավաբանական անձի արգելի կատարել կառուցվածքային փոփոխություն: Բաժնետիրական ընկերությունները, այդ թվում եւ «Երեւան ջուրը» կոմերցիոն կազմակերպություն է եւ ամենից առաջ ինքն է շահագրգռված այնպիսի ստորաբաժանումների ստեղծմամբ ու պահպանմամբ, որոնք եկամտաբեր են եւ չէր լուծարի եկամուտ բերող ստորաբաժինը»:

Պետրոսյանը փաստում է, որ հայցվորների կողմից աշխատանքի պետական տեսչություն ներկայացրած բողոքից հետո տեսչությունը շուրջ մեկ ամիս կատարել է ստուգումներ. - «Ես կարող եմ տրամադրել ստուգման ակտի բնօրինակը, որը նաեւ հետազոտվել է առաջին ատյանի դատարանում: Որեւէ խախտում, որը վերագրվի ընկերության գլխավոր տնօրենին, չի հայտնաբերվել: Իրենք որպես բողոք-դիմումի հեղինակ հրավիրվել են վարչական վարույթի, չեն գնացել, չեն մասնակցել, բայց ստացել են որոշումը: Դե թող բողոքարկեին որոշումը, եթե մտածում էին, որ ստուգումները եղել են թերի»:

Իսկ այն մեղադրանքին, թե ընկերությունն աշխատում է խախտումներով, եւ հայցվոր կողմը բացահայտել է այդ խախտումներն ու արժանացել տնօրինության հաշվեհարդարին, Պետրոսյանն արձագանքեց. - «Մենք Հայաստանում իրականացնում ենք պայմանագրային գործունեություն, որի թիվ մեկ շահագրգիռ անձը հենց ՀՀ-ն է եւ եթե «Երեւան ջուր» ընկերությունը չկատարի իր պայմանագրային պարտականությունները կամ ոչ պատշաճ կատարի, կառավարությունն առանց կաշկանդվածության կլուծի պայմանագիրը: Կոնկրետ վարձու աշխատողներին աշխատանքից ազատելու խնդիրը նրանք փորձում են ավելի շատ հասարակայնացնել, պետականացնել եւ փորձել հակադրություն սերմանել կառավարություն - «Երեւան ջուր» փոխհարաբերություններում, ինչն ամենեւին էլ այդպես չէ, ընդհակառակը վերջին շրջանում կառավարության գնահատականը ընկերության գործունեության վերաբերյալ շատ ավելի բարձր է եւ չի համապատասխանում իրենց ասածին»:

XS
SM
MD
LG