Մատչելիության հղումներ

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» կվերցնեն իրենց մանդատները


Ալեքսանդր Արզումանյան
Ալեքսանդր Արզումանյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» կգնան խորհրդարան, մանդատներից հրաժարվելու հարց երկու կուսակցություններում էլ չի քննարկվել:

Արզումանյանի խոսքով՝ հունիսի 2-ին նշանակված «Ժառանգության» համագումարը պետք չէ կապել այդ հարցի հետ, համագումարի անցկացումը վաղուց էր ծրագրված:

«Դա ոչ մեր տեսակետն է, ոչ «Ժառանգության»: Կարծում ենք` չարժե չօգտվել այն հնարավորությունից, որը այդ ամբիոնը տալիս է», - ասաց Արզումանյանը:

Երկու կուսակցությունները խորհրդարանում հինգ տեղ կունենան: Ցուցակի անցողիկ տեղերում երեք ժառանգականներ են հայտնվել` Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, «Ազատ դեմոկրատներից»՝ Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Լուրեր են պտտվում, որ «Ժառանգությունում» դժգոհ են պատգամավորական տեղերի փոքր թվից: Խոսվում է նաեւ ինքնաբացարկների հնարավորության մասին: Ալեքսանդր Արզումանյանը նորմալ է վերաբերում եւ խոսակցություններին, եւ ինքնաբացարկների հնարավորությանը, ինչը նա չբացառեց: Արզումանյանը եւ Քոքոբելյանը ինքնաբացարկ չեն ներկայացնի:

«Կան կարծիքներ սոցիալական ցանցերում` «Ժառանգության» կուսակցության որոշ անդամներ ափսոսում են, որ շատ փայլուն, հայտնի պառլամենտականներ չեն անցել, նույնը կարելի է ասել, որ «Ազատ դեմոկրատների» շրջանակում կա, որ ընդամենը երկու հոգի են անցել: Բայց դա շատ նորմալ, հասկանալի գործընթաց է: Պետք է աշխատենք անել այն, ինչ կարող ենք անել այս հինգ հոգով: Իսկ եթե որեւէ մեկը ինքնուրույն որոշում կայացնի, որ պետք է ինքնաբացարկ հայտնի, դա իր իրավունքն է», - ասաց Արզումանյանը:

Արզումանյանը նաեւ համոզված հայտարարեց, որ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» Հանրապետականի հետ կոալիցիա չեն կազմի:

«Դա բացառված է: «Ազատ դեմոկրատները» բազմիցս հայտարարել են դա: «Ժառանգությունն» էլ է մշտապես այդ մասին խոսել: Ես բացառում եմ որեւէ հնարավորություն այն ռեժիմի հետ կոալիցիա ստեղծել, որը մարտի 1 է կազմակերպել, որը մարդանց հարյուրներով բանտերն է նետել եւ որեւէ բան չի փոխել եւ շարունակում է վերարտադրվել», - ասաց Արզումանյանը:

Ընտրությունների արդյունքները թե «Ժառանգությանը», թե «Ազատ դեմոկրատներին» չեն գոհացնում: Արզումանյանն ասաց՝ վստահ էին, որ ընտրություններ կեղծվելու էին, բայց ավելի բարձր ցուցանիշ էին ակնակալում: «Ժառանգության» ներկայացուցիչները նախընտրական շրջանում բազմիցս հայտարարել են՝ եթե իշխանությունը ազատ եւ արդար ընտրություններ չանցկացնի, իրենք պատրաստ են նաեւ ապստամբության: Հարցին, թե հնարավո՞ր է, որ դուրս գան փողոց, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն էր ձեւակերպել, Արզումանյանը պատասխանեց. - «Խոսքը այն մասին էր, որ եթե բիրտ կեղծիքների միջոցով, այսինքն լցոնումներով, արտառոց խախտումներով դա լիներ… մշակվել է նոր տեխնոլոգիա, որը կիրառվում է, եւ դրա ռեպետիցիան տեղի ունեցավ փետրվարին Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Դրսում են կեղծիքները… Ինչպես այդ պահին նպատակահարմար կգտնենք, չի բացառվում անշուշտ փողոցներում հանրահավաքներ անցկացնելը եւ պայքարը շարունակելը»:

Երկու կուսակցությունների ներկայացուցիչները խորհրդարանում ընդգրկված կլինեն «Ժառանգություն» խմբակցության կազմում, սակայն, Արզումանյանի խոսքով, դեռ չեն որոշել, թե ով կղեկավարի այդ խմբակցությունը:

Հարցին, թե խորհրդարանում Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության հեռանկար տեսնո՞ւմ են, Արզումանյանը պատասխանեց. - «Անշուշտ, բոլորի այն ուժերի հետ, որոնք կաջակցեն օրենսդրության բարելավմանը, եւ, իհարկե, նրանք էլ օպոզիցիոն ուժ են, մենք էլ, խնդիր չեմ տեսնում»:

please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG