Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը չի բացառում ՀՀԿ-ի հետ կառավարության ձեւավորման հնարավորությունը:

Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որում նշելով, որ կոալիցիա կազմելը ԲՀԿ-ի համար ինքնանպատակ չէ` այդուհանդերձ ընդգծում է. - «Մի քանի նախարար ավել կամ պակաս ունենալը կամ չունենալը ԲՀԿ-ի համար որեւէ նշանակություն չունի: Մեր խնդիրը ավելի գլոբալ է` այնպիսի կառավարության ձեւավորումը, լինի դա կոալիցիոն, թե ոչ, որը օր առաջ ձեռնամուխ կլինի երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների լուծմանը, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, երկրում բիզնես միջավայրի, տնտեսական մթնոլորտի փոփոխմանը»:

Միեւնույն ժամանակ նա նշում է, որ իրենք այնպիսի քայլեր չեն անի, որոնք «կազդեն ԲՀԿ-ի հանդեպ ժողովրդի ունեցած վստահության վրա». - «Ի վերջո, ընտրությունների արդյունքներն ապացուցեցին, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ստացել է մեր հանրության զգալի հատվածի` մոտ կես միլիոն մեր հայրենակիցների վստահությունը, որը մեր համար ամենամեծ արժեքն է, եւ մենք չենք անելու որեւէ քայլը, որը կսասանի ժողովրդի հավատն ու վստահությունը մեր հանդեպ»:

ԲՀԿ-ի համամասնական ցուցակով պատգավամոր դարձած Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ երեկ հանդիպում է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, եւ քննարկված հարցերի թվում է եղել նաեւ ՀՀԿ-ի հետ կառավարություն կազմելու խնդիրը:

Հովհաննիսյանի փոխանցմամբ` այդ հարցում «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը «շատ ժողովրդավար է», հակված է որոշում կայացնելուց առաջ լսել բոլորի կարծիքները:

Նրա փոխանցմամբ, առայժմ խնդրի հետ կապված քննարկումներ են ընթանում ե'ւ ՀՀԿ-ում, ե'ւ ԲՀԿ-ում, որոնց կհաջորդեն արդեն միջկուսակցական քննարկումները:

Քաղաքագետների միության նախագահը նաեւ հիշեցրեց, որ այդ հարցով դեռեւս կարծիք չի հայտնել Հանրապետականի առաջնորդն ու երկրի նախագահը:

«Գնդակը, ինչպես ասում են` Սերժ Սարգսյանի դաշտում է: Սերժ Սարգսյանը ամիսներ անց մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին եւ խնդիր ունի հաջող հանդես գալ: Քանի որ գնդակը իր դաշտում է, պետք է որ այս հարցերի վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնի հանրությանը. ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի զարգացումը, քաղաքական ուժերի դասավորվածությունը, քաղաքական ուժերի փոխգործակցությունը», - ասաց Հմայակ Հովհաննիսյանը` շարունակելով. - «Ես կարծում եմ, որ այս երկու օրը արդեն Սերժ Սարգսյանը այդ գնդակը, որը իր դաշտում է, կուղղի որոշակի հասցեով»:

Մայիսի 6-ի ընտրություններից հետո, հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը հայտարարեցին, որ ընտրություններն անցել են համատարած խախտումներով:

Հարցին` նման կոշտ հայտարարությունից հետո որքանո՞վ է նպատահարմար կառավարության ձեւավորումը ՀՀԿ-ի հետ, եւ հասարակությունն ինչպե՞ս կընկալի այդ քայլը, Հմայակ Հովհաննիսյանն արձագանքեց. - «Ցանկացած կառավարման ձեւաչափ պետք է պատճառաբանված լինի ոչ թե նախարարական պորտֆելները կիսելու համաչափություններով, այլ լուրջ քաղաքական նպատակներով եւ խնդիրներով, որոնք պետք է դրվեն այդ համագործակցության հիմքում: Իհարկե, չպատճառաբանված համագործակցությունը` հանուն ընդամենը պորտֆելների բաժանման, չի կարող ընդունվել հասարակության կողմից»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG