Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Գյումրիի երկարամյա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց վերջին օրերին իր հրաժարականի մասին մամուլում ակտիվորեն շրջանառվող լուրերը:

Այդ լուրերը սկսեցին տարածվել խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Գյումրիում Հանրապետականը պարտվեց «Բարգավաճ Հայաստանին»:

«Ճիշտն ասած, նմանատիպ խոսակցություններ ընդհանրապես չկան: Դրանք լրատվական կառույցների հովանավորների մեկնաբանություններն են, ովքեր պատվիրում են. այն բանսարկուները, որ էս երկիրը խառնում են, դրանց մեկնաբանություններն են, թե չէ դա քննարկման առարկա ընդհանրապես չի էլ եղել, եւ ժողովուրդը ընդհանրապես նման բան չի էլ մտածում: Իսկ էս քաղաքապետը էն մարդն է, որ երբեք ժողովրդին… հետո մնացել է 3-4 ամիս [իմ պաշտոնավարմանը]: Ես փողոցային խոսակցություններին չեմ էլ ուզում պատասխանել... Հավանական է, որ արյունոտ ձեռքեր, դավադիր ապրելակերպ, սատանայական պաշտամունք... նմանատիպ ինչ-որ մի քանի հոգի նստել-մտածել են, եւ լրատվական կառույցներին խառնել են իրար: Դա աբսուրդ է, քննարկման առարկա չէ», - ասաց Վարդան Ղուկասյանը` շարունակելով. - «Հետո ես այնպիսի մարդ եմ, որ իմ ժողովրդին երբեք հուսախաբ չեմ արել, իմ ետեւում հսկայական զանգված կա: Եթե ես պետք է ճանապարհի կեսին լքեմ ու փախնեմ, չեն ասի՞` բա քեզ ընտրեցինք, ինչո՞ւ մեզ թողեցիր, գնացիր: Ինձ այդ հարցը տվել են 1996 թվականին, 2000-ականներին եւ 2007 թվականին, երբ խփվեցի: Ես այդ ժամանակ հրաժարական չեմ տվել, ես կարո՞ղ է հրաժարական տամ: Ես պայքարից փախչող չեմ, ինձ համար այնքան հետաքրքիր է պայքարի մեջ մտնել: Սովորական կյանքով որ ապրում եմ, լավ չի ստացվում ինձ մոտ»:

Հարցին, թե մի քանի ամիս հետո նորից լինելու է քաղաքապետի թեկնածու, արդյո՞ք իր համար դժվար չի լինելու, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. - «Նախ ինձ համար աթոռը պաշտամունք չէ, սա հորս աթոռը չէ, ոչ էլ որեւիցե մեկի հոր աթոռն է: Ձայն բազմաց, ձայն Աստծո: Ինչ արել եմ, ժողովրդի աչքի առջեւ է: Ինչ կատարել եմ եւ կատարելու եմ, ժողովրդի աչքի առջեւ է, եւ եթե ժողովուրդը կնախընտրի ինձ, իր քվեն կտա, ես անպայման նորից կծառայեմ իմ ժողովրդին: Եթե հանկարծակի քաղաքապետը չկարողացավ հավաքել այդքան ձայներ, ես արագ կարգով... եթե շատ ձայներ էլ չհավաքեմ, ասենք, հաղթեմ 1000, 2000 կամ 3000 ձայների տարբերությամբ, նոր հրաժարական կտամ, որովհետեւ ես չեմ տեսնում այն թեկնածուին, որն էնքան բան է արել էս քաղաքի համար, էնքան կյանք է դրել, որքան ես: Եվ ես գիտեմ, որ ժողովուրդն էլ երախտամոռ չէ»:

Խորհրդարանական ընտրություններից առաջ Վարդան Ղուկասյանը վստահ էր, որ ՀՀԿ-ն Գյումրիում հաղթելու: Նա մատնանշում էր իրականացվող բնակարանաշինական ծրագիրը: Ընտրություններում, չնայած Շիրակի մարզում ՀՀԿ-ն հաղթել էր ԲՀԿ-ին, այնուհանդերձ, Գյումրիում ՀՀԿ-ն շուրջ 12 հազար քվե պակաս էր ստացել ԲՀԿ-ից: Վարդան Ղուկասյանը դա պայմանավորեց նախ թիվ 35 ընտրատարածքում ՀՀԿ-ական թեկնածու չունենալու հանգամանքով: Այդ ընտրատարածքում միակ թեկնածուն Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն էր: Իսկ Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում ՀՀԿ-ական Արման Սահակյանը պարտվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին:

«Կա մի բաժակ ջուր, եւ կա մի ցիստեռն ջուր: Ցիստեռնը կգա, այդ բաժակը կտանի: Նմանատիպ ձեւով է Հանրապետականը պարտվել, եւ հետո սա ի խորոց սրտի չի եղել ժողովրդի մեջ: Ժողովուրդը խելագարված չէ Բարգավաճից, ժողովուրդը դեռ շատ ակնկալիքներ ունի այն հաղթականած կուսակցությունից, որը շատ խոստումներ է տվել: Հիմա մենք սպասելու ենք, թե իրենք ինչ են անելու, կամ ինչ են արել, որ բան չէին արել, ճիշտն ասած… հետո գյումրեցի ժողովուրդը իր խառնավածքով ընդդիմություն է: Երբ երեք կուսակցությունները դիմություն էին, մեկը ընդունեց ընդդիմադիր կեցծվածք, ժողովուրդը հավանական է, լավ չհասկացավ», - ասաց քաղաքապետը՝ մանրամասնելով. - «Գյումրիի ժողովուրդը խաբվեց, որովհետեւ իր համար բնակարան, կտուրներ, փողոցներ կառուցող, աշխատատեղեր ստեղծող կուսակցությունը, եթե երկրորդ տեղ է ընկել, ուրեմն ժողովուրդը խաբվեց: Ճարպիկ էր էն մյուսը, որ Մամոնայով խաբվեց: Իրենք էլ գիտեն, որ իրենց հարգանքը, իրենց ապրածը, իրենց կատարածը չի հաղթել: Մամոնան է հաղթել»:

Ընտրություններից հետո ՀՀԿ-ի պարտության համար մեղադրանքի սլաքն ուղղվեց դեպի Վարդան Ղուկասյանը. - «Ոչինչ, Թիֆլիսում, որ ֆայտոն շրջվեր, մանկապարտեզում ասում էին՝ քաղաքապետն է մեղավոր: Մենք սովոր ենք դրան», - այդ առնչությամբ ասաց քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG