Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկացի սենատորները Ալիեւին հորդորում են ազատ արձակել ակտիվիստին


Ադրբեջանցի ազատազրկված ակտիվիստ Բախտիյար Հաջիեւ, Բաքու, ապրիլ, 2012թ.

Ադրբեջանցի ազատազրկված ակտիվիստ Բախտիյար Հաջիեւ, Բաքու, ապրիլ, 2012թ.

Նամակը ստորագրել են ամերիկյան Կոնգրեսի վերին պալատի հինգ անդամներ։

Միացյալ Նահանգների հինգ սենատորներ, որոնք ներկայացնում են թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցությունները, նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` վերջինիս հորդորելով ազատ արձակել ակտիվիստ Բախտիյար Հաջիեւին։

Նամակը ստորագրել են Մարկ Քըրքը, Բեն Քարդինը, Բարբարա Բոքսերը, Ռիչարդ Բլյումենթալն ու Մարկո Ռուբիոն:

«Բախտիյար Հաջիեւի ձերբակալությունը եւ դաժան վերաբերմունքը նրա արտահայտվելու ազատության իրավունքի ոտնահարում է», - ընդգծել են սենատորները։

Նրանք փոխանցում են իրենց լուրջ մտահոգությունը Հաջիեւի բանտարկության շարունակվելու կապակցությամբ եւ Ալիեւին հորդորում ապահովել, որ Ադրբեջանը գործի միջազգային օրենքների հանդեպ ստանձնած պարտավորություններին համապատասխան:

«2010 թվականի նոյեմբերին Ադրբեջանի ոստիկանությունը եւ կառավարական պաշտոնյաները սկսեցին հարցաքննել ու սպառնալ Հաջիեւին` պարտադիր զինվորական ծառայության պարտականությունը չկատարելու համար: Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հաջիեւը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հրապարակայնորեն քննադատեց Ձեր կառավարության շատ պաշտոնյաների», - գրում են սենատորները։ - «2011 թվականի մարտին նա ձերբակալվեց հակակառավարական խաղաղ ցույցից մի քանի օր առաջ, որի կազմակերպմանը օգնում էր: Չնայած միջազգային դիտորդների մտահոգություններին, դատարանը նրան դատապարտեց երկու տարվա ազատազրկման` զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով»։

Նամակի հեղինակներն ընդգծում են, որ ըստ հաղորդագրությունների՝ Բախտիյար Հաջիեւը ոստիկանների կողմից մի քանի անգամ ծեծի է ենթարկվել, եւ սպառնալիքներն ու դաժան վերաբերմունքը շարունակվել են մեկուսարանում:

Սենատորները շեշտում են, որ Հաջիեւի ձերբակալությունը եւ նրա նկատմամբ դաժան վերաբերմունքը հավաքների եւ արտահայտվելու ազատությունների նրա իրավունքների խախտում է: Նրանք նշում են, որ Հաջիեւը դիմել է այլընտրանքային ծառայության համար, բայց կառավարությունը մերժել է` չնայած երկրի Սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է։

Սենատորները, հայտնելով իրենց մտահոգությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ Հաջիեւը բուժման կարիք ունի եւ որ արդեն կրել է սահմանված պատժաչափի կեսը, Ադրբեջանի նախագահին հորդորում են օգնել, որ նա անհապաղ ազատ արձակվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG