Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը միայնակ կպայքարի «Եվրո - 2020»-ը հյուրընկալելու համար


Վրաստանի ամենամեծ մարզադաշտը` Թբիլիսի Բորիս Պայչաձեի անվան ստադիոնը

Վրաստանի ամենամեծ մարզադաշտը` Թբիլիսի Բորիս Պայչաձեի անվան ստադիոնը

Ադրբեջանը հրաժարվել է 2020 թվականին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը Վրաստանի հետ համատեղ հյուրընկալելու` ամիսներ առաջ հնչեցված գաղափարից: Այդ մասին երեքշաբթի օրը Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Վլադիմիր Վարձելաշվիլին:

«Ադրբեջանն արդեն իսկ դիմել է 2020 թվականի օլիմպիական խաղերն իր տարածքում անցկացնելու հայտով, եւ նույն տարի անցկացվող Եվրոպայի առաջնության համար հայտ ներկայացնելը Բաքվում ոչ նպատակահարմար են գտել: Այնպես որ, մեր երկիրը միայնակ է պայքարելու ֆուտբոլի առաջնությունը կազմակերպելու իրավունքի համար», - ասաց վրաց նախարարը:

Համատեղ ադրբեջանա - վրացական հայտի մասին առաջինը մարտի 7-ին Բաքվում խոսել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` դիմելով Ադրբեջանի խորհրդարանի անդամներին:

«Երեկ նախագահ Ալիեւի հետ մենք շատ կոնկրետ ու տպավորիչ ծրագրեր քննարկեցինք, որոնք կնպաստեն մեր երկու պետությունների ու ժողովուրդների զարգացմանը: Մասնավորաբար, մենք պայմանավորվեցինք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման համատեղ հայտ ներկայացնել», - նշել էր Սահակաշվիլին:

Այժմ, երբ Ադրբեջանը հրաժարվում է առաջնությունն իր տարածքում անցկացնելու մտքից, Վրաստանը պետք է միայնակ պայքարի հայտ ներկայացրած եւ ֆուտբոլային շատ ավելի զարգացած ենթակառույցներ ունեցող այնպիսի երկրների դեմ, ինչպիսին են Թուրքիան, Իռլանդիան, Շոտլանդիան եւ Ուելսը:

ՈւԵՖԱ-ի կանոններով` ֆուտբոլի առաջնության անցկացման համար պետությունները պետք է 50 հազար հանդիսատեսի համար նախատեսված առնվազն երկու մարզադաշտ ունենան, երեքը` 40 հազար տարողունակությամբ, եւ եւս չորսը` նախատեսված 30 հազար ֆուտբոլասերի համար: Վրաստանն առայժմ այդ պահանջներին չի բավարում. երկրում միայն մեկ մեծ մարզադաշտ կա` Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան 55 հազար տեղանոց ստադիոնը:

Վլադիմիր Վարձելաշվիլին, սակայն, նշում է, որ շուտով մարզադաշտերի վերակառուցման ու նորերի շինարարության լայնածավալ գործընթաց է մեկնարկելու:

«Արդեն այս տարի Բաթումիում կմեկնարկի գերժամանակակից մարզադաշտի շինարարությունը: Նոր մարզադաշտեր են կառուցվելու Գորիում, Գուրիայի շրջանում եւ Զուգդիդիում: Թբիլիսում գտնվող մարզադաշտերը, ինչպես նաեւ Քութայիսիի կենտրոնական ստադիոնը հիմնանորոգվելու են», - հայտարարում է Վրաստանի սպորտի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG