Մատչելիության հղումներ

logo-print
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) բավարար հիմքեր չունի «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նա ընդգծեց, որ եթե այդ հեռուստաընկերությունների նկատմամբ տույժեր կիրառվեն, ապա կարելի է այդտեղ նաեւ քաղաքական ենթատեքստ տեսնել:

Համապատասխանաբար «Բարգավաճ Հայաստան» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հետ սերտ առնչություններ ունեցող «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը ՀՌԱՀ-ը քննարկելու է ուրբաթ օրը։

Հանձնաժողովը մայիսի 11-ին արդեն մեկ միլիոն դրամով (շուրջ 2.5 հազար դոլար) տուգանել է «Կենտրոն»-ին` խորհրդարանական ընտրությունների օրը օրենքի խախտմամբ քարոզչության տարրեր պարունակող հաղորդում հեռարձակելու համար, ինչին հեռուստաընկերությունը համաձայն չէր։

Իսկ այս անգամ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ «Կենտրոն»-ից, ՀՌԱՀ-ը պնդում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում հեռուստաընկերությունը, խախտելով Ընտրական օրենսգիրքը, պատգամավորության թեկնածուների եւ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող ուժերի համար չի ապահովել «ոչ խտրական» պայմաններ: Նույն հիմնավորմամբ հանձնաժողովը մտադիր է նաեւ «Երկիր Մեդիա»-ին վարչական պատասխանատվության ենթարկել:

Երկու հեռուստաընկերությունները մտադիր են իրենց հակափաստարկները ներկայացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում:

Մեկնաբանելով այս իրավիճակը` Երեւանի մամուլի ակումբի նախագահը ընդգծեց. - «Այն հարցադրմամբ, որ այնտեղ է, հիմք չկա։ «Անհավասար հնարավորություններ քարոզչության համար»` դա ապացուցելու համար ոչ միայն պետք է ունենալ տվյալներ, թե ում ինչքան եթեր է հատկացվել, այլ նաեւ ապացույցներ լինեն, որ դա խտրականության դրսեւորում է»։

«Որովհետեւ, ի վերջո, մի կուսակցությանը կարող են հրավիրել հարցազրույցի՝ չգա, մյուս կուսակցությունը կարող է չտեղեկացնի իր հանրահավաքի մասին: Այսինքն` մեկին մի քիչ շատ եթեր տալը, կամ մյուսին` քիչ, դա դեռ չի նշանակում, որ օրենքի խախտում է տեղի ունեցել», - մանրամասնեց Բորիս Նավասարդյանը` պարզաբանելով. - «Օրենքի խախտում կարող է լինել, եթե դա զուգակցվում է նաեւ խտրական վերաբերմունքի հետ, որովհետեւ այդ անհամաչափությունը` եթերի տրամադրումով, տարբեր չափի, իհարկե, կա բոլոր հեռուստաալիքներում: Այսինքն, զուտ, մաքուր օրենքի տեսակետից «Երկիր Մեդիա»-ն եւ «Կենտրոն»-ը ոչ մի բանով չեն տարբերվում մյուս բոլոր հեռուստաալիքներից»:

Նավասարդյանը, այնուհանդերձ, կարեւորեց ՀՌԱՀ-ում քննարկումը, որը հնարավորություն կտա այս երկու հեռուստաընկերություններին ներկայացնել իրենց հակափաստարկները։

«Քննարկումը երբեք չի խանգարում, բայց եթե կիրառվեն այդ երկու հեռուստաընկերությունների նկատմամբ տույժեր, իսկ մյուսների նկատմամբ չկիրառվեն, դա միանգամայն ընտրանքային մոտեցման արտահայտում կլինի, չի բացառվում, որ նաեւ՝ քաղաքական ենթատեքստով», - ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG