Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրություններում յոթ տոկոս ձայն ստացած Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը մինչեւ մայիսի 18-ը համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան:

ՀԱԿ-ի ներկայացուցիչը դատարանում՝ փաստաբան Վահե Գրիգորյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ փաստեր ունեն, որոնք, ՀԱԿ-ի կարծիքով, հիմք են մայիսի 6-ին կայացած ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Ընտրական գործընթացն անցել է խախտումներով, ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները չեն հրապարակվել, ինչն անհնար է դարձրել ընտրակեղծիքների դեմ պայքարը, դրոշմակնիքների թանաքի արագ օքսիդացումը կրկնակի քվեարկության քվեարկություն է ընձեռել, պնդում է ՀԱԿ: Ըստ ընդդիմադիր դաշինքի՝ ընտրություններում ազատ մրցակցության պայմաններն են խախտվել: ՀԱԿ-ը ՍԴ ներկայացվելիք դիմումում նշելու է, որ ազատ ընտրությունների անցկացման համար լուրջ խոչընդոտ է հանդիսացել ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից նախագահի իրավասությունների իրականացման հետ համատեղ նախընտրական քարոզչությանը մասնակցելը:

«Ստացվել է մի իրավիճակ, երբ ՀՀԿ-ն, ամբողջությամբ օգտագործելով պետության գործադիր իշխանության ռեսուրսը, ինքն իրեն վերընտրել է օրենսդիր իշխանությունում: Նույն կուսակցությունը իրեն այդ օրենսդիր իշխանության միջոցով վերարտադրելու է գործադիր իշխանության պաշտոններում: Օրենսդիր եւ գործադիր իշխանությունների գործողությունների համակցությամբ շարունակվելու է ձեւավորվել նաեւ դատական իշխանությունը: Այսինքն իշխանության մի ճյուղին վերարտադրում է մյուս ճյուղը, եւ այստեղ այլեւս իշխանությունը ժողովրդից ստանալու կարիք չունի այդ իշխանությունը», - ասաց
Գրիգորյանը:

Փաստաբանի խոսքով՝ այս ընտրություններում Հայաստանի նախագահը եւ կառավարությունը ընտրությունների ընթացքում օրինականության խնդրի լուծմանը հետամուտ լինելու փոխարեն հետամուտ են եղել Հանրապետական կուսակցության ընտրության խնդրի լուծմանը:

«Այլ խոսքով, ՀՀԿ-ից զատ մնացած բոլոր քաղաքական ուժերի եւ թեկնածուների հետ մրցակցել է Հայաստանի Հանրապետությունը՝ օգտագործելով գործադիր իշխանության ողջ ռեսուսը», - ասաց Գրիգորյանը:

Համամասնական ընտրակարգով անցկացված Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին մի դիմում էլ ՀԱԿ-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել: Այն մերժվեց:

Արձագանքելով ՍԴ դիմելու ՀԱԿ-ի մտադրությանը՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե դա նրանց սահմանադրական իրավունքն է՝ հավելելով, թե ՀՀԿ-ի կարծիքով էլ՝ մայիսի 6-ի ընտրությունները 21-րդ դարում Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն են: Նրա խոսքով՝ եղել են թերություններ, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Չնայած անցած շաբաթավերջին ընտրությունների վերահսկողության համար ստեղծված միասնական շտաբը, արտահայտելով ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ «Բարգավաճ Հայաստանի» եւ Դաշնակցության կարծիքները, հայտարարել էր, թե ԱԺ ընտրությունները անցել են համատարած խախտումներով, այնուամենայնիվ, Վահե Գրիգորյանի խոսքով, ինքը տեղյակ չէ, թե արդյոք այդ կուսակցությունները միանալու են ՍԴ դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը: Դաշնակցությունը հաստատապես չի միանա ՍԴ ներկայացվող ՀԱԿ-ի դիմումին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը: ԲՀԿ-ն մինչ այս պահը դիմումին միանալու մասին որեւէ հայտարարություն չի արել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG