Մատչելիության հղումներ

logo-print
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի միջնորդությամբ Աթենքում մոտ մեկ շաբաթ շարունակվող բանակցություններն այսօր վերջնականապես տապալվեցին:

Երկրի քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան կոալիցիոն կառավարություն ձեւավորել: Բանակցությունների տապալման մասին առաջինը լրատվամիջոցներին տեղեկացրեց Համահունական սոցիալիստական շարժման առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը:

Աթենքից ստացված լուրը պատճառ դարձավ, որ եվրոպական բոլոր առաջատար բորսաներում մի քանի ժամում զգալի անկում արձանագրվի:

Նման պայմաններում Եվրամիության մի շարք ներկայացուցիչներ զգուշացնում են, որ եթե տեսանելի ապագայում Հունասատանը չկարողանա կառավարման քիչ թե շատ ամուր համակարգ ձեւավորել, ապա այդ երկիրն այլեւս եվրոյի գոտում որեւէ անելիք չի ունենա:

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն անցած շաբաթավերջին հայտարարել էր. - «Եվրոյի գոտին կդիմանա առանց Հունաստանի»:

«Իրական վտանգ կա, որ արդեն հաջորդ ամիս հունական պետական գանձարանի միջոցները պարզապես կսպառվեն: Այդ դեպքում կդադարի գործել հասարակական տրանսպորտը, հնարավոր չի լինի վճարել աշխատավարձերը, պետությունն ի վիճակի չի լինի կարգի բերել ենթակառույցները: Մի խոսքով` քաոսի հավանականությունը երկրում բավական մեծ է», - նշում է Capital Economics ընկերության տնտեսագետ Ջոնաթան Լոյնսը:

Նախնական հաշվարկների համաձայն, եթե Հունաստանը վերադառնա իր ազգային տարադրամին` դրահմային, ապա մի քանի ամսում ծայրահեղ աղքատների թիվը երկրում կկրկնապատկվի` 25-ից հասնելով 50 տոկոսի, գործազրկության ցուցանիշը կհասնի 40 տոկոսի, իսկ արտաքին պարտքի ծավալը կկազմի երկրի համախառն ներքին արդյունքի 300 տոկոսը:

Եվրոպացի պաշտոնյաների մեկ այլ խումբ, սակայն, նկատում է, որ Հունաստանի փրկությանն ուղղված գործողություններն անհրաժեշտ են ոչ միայն Աթենքին, այլեւ Եվրամիությանը: Ֆրանսիական Լիլ քաղաքի Կառավարման բարձագույն դպրոցի անցկացրած հետազոտության համաձայն, օրինակ, միայն Ֆրանսիան Հունաստանի` եվրոյի գոտին լքելու դեպքում կարող է կորցնել շուրջ 67 միլիոն եվրո:

«Անգամ մեկ վայրկյանով ես չեմ կարող դիտարկել մի տարբերակ, որի դեպքում Հունաստանը կարող է լքել եվրոյի գոտին: Բոլոր այդ խոսակցությունները կատարյալ հիմարություն են եւ պարզ քարոզչություն: Ես կոչ են անում հարգել հունական ժողովրդավարությունը», - հայտարարել է Լյուքսեմբուրգի վարչապետ եւ եվրոյի գոտու պետությունները միավորող «Եվրո Գրուպ»-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը երեկ Բեռլինում հստակորեն հայտարարել է, որ Հունաստանը կարող է հավակնել եվրոպական օգնությանը` քանի դեռ հավատարիմ է ստանձնած պարտավորություններին:

«Որեւէ մեկը կասկածի տակ չի առնում Հունաստանի հետ մեր համերաշխությունը, Հունաստանը միշտ էլ մնալու է Եվրամիության կազմում: Այդ համերաշխությունը կարող է խաթարվել միայն մի դեպքում` եթե Հունաստանը հանկարծ որոշի խախտել կնքված համաձայնագրի դրույթները», - հայտարարել է Անգելա Մերկելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG