Մատչելիության հղումներ

Ֆրանսուա Օլանդը ստանձնում է նախագահի պաշտոնը


Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը ողջունում է իր աջակիցներին, Փարիզ, 7-ը մայիսի, 2012թ.

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը ողջունում է իր աջակիցներին, Փարիզ, 7-ը մայիսի, 2012թ.

Ֆրանսահայերի հետ հանդիպումների ժամանակ նա հավաստիացրել է, որ պայքարելու է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ։

Երեքշաբթի օրը Փարիզում տեղի կունենա Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը։

1954 թվականի օգոստոսի 12-ին ծնված Օլանդը ժամանակին զբաղեցրել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնը, եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի հարավում գտնվող Կոռես անվամբ վարչատարածքային միավորի (դեպարտամենտ) գլխավոր խորհրդի նախագահ։ Անցյալ տարվա մարտի 11-ին վերընտրվելով այդ պաշտոնում` Ֆրանսուա Օլանդն ասել է, որ առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահության թեկնածու։

Սոցիալիստների հզոր թեկնածուներից էր համարվում Արժույթի միջազգային հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը, սակայն Նյու Յորքում նրա անվան հետ կապված սեռական սկանդալից եւ ձերբակալությունից հետո Ստրոս-Կանի քաղաքական կարիերան գործնականում ավարտվեց, եւ նրան չօգնեց նույնիսկ մեղադրանքն անհիմն ճանաչվելու հանգամանքը։ Դրանից հետո սոցիալիստների նախընտրած թեկնածուն հենց Օլանդը դարձավ։

Այս տարվա փետրվարի 15-ին գործող նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Նա քննադատեց Օլանդին` ասելով, թե սոցիալիստ թեկնածուի առաջարկների իրականացումը «Ֆրանսիայում երկու օրում կհանգեցնի տնտեսական աղետի»։

Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ ապրիլի 22-ին։ Դրա արդյունքների համաձայն` Սարկոզին եւ Օլանդը դուրս եկան երկրորդ փուլ, որը տեղի ունեցավ մայիսի 6-ին եւ ավարտվեց Օլանդի հաղթանակով, ով ստացավ ընտրողների 51.7 տոկոսի ձայները։

Սարկոզին ճանաչեց իր պարտությունը եւ, քաղաքական ավանդույթի համաձայն, հաջողություն մաղթեց Օլանդին։

Թե՛ Սարկոզին եւ թե՛ Օլանդը պայքարել են ֆրանսահայ ընտրողների քվեների համար։

Նրանք հանդիպել են համայնքի ներկայացուցիչներին, մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին։

Երկուսն էլ հայտնել էին, որ պայքարելու են ցեղասպանության ժխտման դեմ։

«Հետամուտ եմ լինելու, որպեսզի ձեր պատմությունը երբեք չմոռացվի, քանի որ այն չի կարող վիճարկվել», - ֆրանսահայերի հետ հանդիպմանը հավաստիացրել էր Ֆրանսուա Օլանդը։

Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները հավանություն են տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, սակայն այն հետագայում ճանաչվել է սահմանադրությանը հակասող։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին:

«Դուք մշտապես հանդես եք եկել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման օգտին, եւ վստահ եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել խորացմամբ եւ սերտ համագործակցության զարգացմամբ», - նշել է Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ առաջ Ֆրանսուա Օլանդին հասցեագրած ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG