Մատչելիության հղումներ

Նարեկ Կազազյանը դասական «Եվրատեսիլ 2012»-ում զբաղեցրեց 3-րդ տեղը


Հասյատանը ներկայացնող 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը դասական «Եվրատեսիլ 2012» մրցույցթում զբաղեցրեց երրորդ տեղը:

Այս տարի Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում այս մրցույթին: Դասական «Եվրատեսիլ 2012» մրցույթին 3-րդ տեղը զբաղեցրած Վանաձորում սովորող եւ բնակվող Նարեկ Կազազյանը Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի առաջին կուրսի ուսանող է:

«Ճիշտն ասած՝ մի փոքր մտավախություն ունեինք, քանի որ դասական գործիք չէինք ներկայացնում: Բայց, ինչպես տեսաք, հաշվի առնվեց զուտ կատարողական արվեստը, զուտ տաղանդը, որի համար իրոք շնորհակալ եմ: Կիսաեզրափակչին ավելի գոհ էի ելույթիցս, քան եզրափակչին: Միշտ կարելի է ասել, որ կարող ես ավելի լավ նվագել», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Նարեկը:

Մինչ մենք զրուցում էինք Նարեկի հետ, անցորդները ճանաչում էին Նարեկին, մոտենում ու շնորհակալական կամ գովասանքի խոսքեր ասում:

«Նարեկը սկզբում սկսել է նվագել ինքնուրույն: Ոչ ոք իրեն ցույց չի տվել՝ այդ գործիքը ինչպես են նվագում: Մտածում էինք՝ ժամանակավոր բան է, փոքր է, երեխա է, կանցնի: Իսկ հետո շատ սիրեց գործիքը, եւ մենք տվեցինք իրեն քանոնի, որպեսզի սովորի մասնագետի մոտ», - ասաց Նարեկի մայրը:

15-20 տարեկան երաժիշտ կատարողների այս մրցույթը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:
Այս տարի առաջին տեղը զբաղեցրել է Նորվեգիայի ներկայացուցիչը, իսկ երկրորդը կրկին մեր հայրենակից, բայց Ավստրիան ներկայացնող Էմանուել Ճգնավորյանն էր: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել են 14 երկրների երաժիշտներ:

«Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ այս մրցույթը տարբերվում է իր տեսակով, քանի որ այստեղ չի կարեւորվում շոուն կամ բեմական կերպարը, եւ 5 անդամներից բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրին է ընտրում մասնակիցներից լավագույններին. - «Մեծ էր ուրախությունը, երբ անցանք կիսաեզրափակիչ: Չեք պատկերացնի, իսկապես, որքան ենք հուզվել: Շատ-շատ ավելի ենք հուզվել, քան, երեւի թե, որ տեղ զբաղեցրեցինք: Որովհետեւ անցնել յոթնյակի մեջ, նվագել Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, հայտնվել այդ բեմում, արդեն մեծ հաղթանակ է»:

Գոհարի հավաստմամբ՝ չնայած մեր մասնակիցը 3-րդ տեղն է զբաղեցրել եւ ոչ առաջին, այնուամենայնիվ, հանդիսատեսի ու լրագրողների ուշադրության կենտրոնում Նարեկն էր:

Գոհարը հավելեց, որ միայն ժյուրիի քվեարկությունն այստեղ առավելություն է, քանի որ ոչ բոլորը կարող են ճիշտ ընտրություն կատարել SMS քվեարկությամբ, դասական երաժշտությունն ունի այլ նրբություններ, որոնք պետք է գնահատեն համապատասխան մասնագետները:

Ավստրիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու հայազգի դաշնակահարուհի Անահիտ Դիլբանդյանի նվագակցությամբ Նարեկ Կազազյանը եզրափակիչ փուլում կատարեց Խաչատուր Ավետիսյանի քանոնի համար գրված երկրորդ կոնցերտը:

XS
SM
MD
LG