Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսից հեռանում է Գյումրու կառույցի ղեկավարը


Հայաստան -- Աշոտ Զաքարյանը հայտարարում է ՀԱԿ-ից դուրս գալու մասին, Գյումրի, 14-ը մայիսի, 2012թ․

Հայաստան -- Աշոտ Զաքարյանը հայտարարում է ՀԱԿ-ից դուրս գալու մասին, Գյումրի, 14-ը մայիսի, 2012թ․

Հայ ազգային կոնգրեսի Գյումրու տարածքային գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը այսօր հայտարարեց, որ դադարեցնում է ՀԱԿ-ում իր քաղաքական գործունեությունը։

Գյումրիում հրավիրած ասուլիսում իր որոշումը Աշոտ Զաքարյանը պատճառաբանեց Հայ ազգային կոնգրեսի վարած ներքին քաղաքականության հետ անհամաձայնությամբ, որը, ըստ նրա, «կասկածի տակ դրեց ՀԱԿ վարկանիշը»։

«Վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսի կողմից իրականացվող ներքաղաքական կուրսը ոչ միայն լրջագույն խնդիրներ ստեղծեց ՀԱԿ-ի ներսում, այլեւ կասկածի տակ դրեց ՀԱԿ վարկանիշն ու հասարակության մոտ ունեցած վստահությունը, ինչն իր արտացոլումը գտավ 2012թ-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներում», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը։

Հիշեցնենք՝ մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով Հայ ազգային կոնգրեսը համամասնական ընտրակարգով ստացել է քվեների 7.08 տոկոսը։ Կոնգրեսի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել։

Զաքարյանը նշեց, որ իր համար ամենակարեւոր խնդիրը իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցություն սկսելու՝ ՀԱԿ-ի փորձերն էին։

«Կարծում եմ, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության ձախողումների, համատարած կոռուպցիայի, մշտապես կեղծվող բոլոր մակարդակների ընտրությունների, ազգային աղետի հասնող արտագաղթի, ինչպես նաեւ մնացած բոլոր ոլորտներում տիրող աղետալի վիճակի համար, ԲՀԿ-ն հավասարապես պատասխանատվություն է կրում», - հայտարարեց Աշոտ Զաքարյանը։ - «Ավելին` գաղտնիք չէ, որ Բարգավաճ-Հայաստան կուսակցությունը համարվել եւ համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին: Նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին՝ կներեք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որեւէ ցանկություն չունեմ»։

Աշոտ Զաքարյանը հավելեց, որ իր այս որոշումը վաղուց էր կայացված, սակայն այն չի հրապարակել՝ չցանկանալով նախընտրական շրջանում Հայ ազգային կոնգրեսի համար լրացուցիչ խնդիրներ ստեղծել։

Հայ ազգային կոնգրեսի Գյումրու տարածքային գրասենյակի՝ արդեն նախկին համակարգողը «Հանրապետություն» կուսակցության անդամ է: Անցած շաբաթ այդ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարեց իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին եւ ակնարկեց, որ կարող է դուրս գալ ՀԱԿ-ի կազմից։ Զաքարյանը, սակայն, այսօր հայտարարեց, որ իր որոշումը «Հանրապետություն» կուսակցության ղեկավարության հետ համաձայնեցված չէ եւ պայմանավորված չէ Արամ Սարգսյանի՝ մանդատից հրաժարվելու որոշմամբ։

XS
SM
MD
LG