Մատչելիության հղումներ

Մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի ուսուցիչները դժգոհ են աշխատավարձի չափից


Այսօր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի մի խումբ մանկավարժներ պարգեւատրվեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից:

Սակայն ուսուցիչնեչը նշում են, որ իրենք այնքան էլ գնահատված չեն պետության կողմից:

Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Հասաթաղ գյուղի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անյուտա Գրիգորյանն արդեն 16 տարվա մանկավարժական ստաժ ունի, Երեւան է եկել խրախուսական պարգեւ ստանալու: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում մանկավարժը նշեց, որ գյուղի դպրոցում սովորում է 20 աշակերտ, դասավանդում` 9 ուսուցիչ:

Աշակերտների թվով պայմանավորված` այսօր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գյուղերի մանկավարժների աշխատավարձը բավարար չէ ընտանիքի ծախսերը հոգալու համար:

«Ես աշխատանքից հետո հողագործությամբ եմ զբաղվում, ինչպես շատ շատերը: Մեր այգու պտուղներ վաճառում ենք: Միայն աշխատավարձով հնարավոր չէ ապրել», - ասաց Գրիգորյանը:

Զբաղվածության խնդիրն այստեղ բավական լուրջ է, աշխատանք ունեն դպրոցի եւ գյուղապետարանի աշխատակիցները, նրանց թիվը, սակայն, այնքան էլ մեծ չէ:

Ստեփանակերտում աշխատանքի ու աշխատավարձի չափը եւս խնդիր է: Արցախի եւ Երեւանի բուհերն ավարտում են մեծ թվով երիտասարդներ, սակայն նրանցից քչերն են կարողանում աշխատանքի տեղավորվել:

Ստեփանակերտի թիվ 85 հիմնական դպրոցի քիմիայի եւ կենսաբանության ուսուցչուհի Վերա Հաիրյանը պատմեց, որ դպրոցի աշխատանքից զատ նաեւ մասնավոր պարապում է դիմորդների հետ, երկրորդ աշխատանքը պարտադիր է ֆինանսական խնդիրները լուծելու համար:

Ալավերդիի թիվ 8 դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանը նշեց, որ մայրաքաղաքի համեմատ շրջաններում նույնիսկ կրթական համակարգն է կաղում: Կան մի շարք խնդիրներ դասագրքերի, լրացուցիչ նյութերի, նյութատեխնիկական բազայի հետ կապված: Նրա խոսքով` Կառավարությունը հնարավորություն տալիս է ուսուցչին միջին աշխատավարձ տրամադրել, սակայն իրականում դրա հնարավորությունը չկա:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի պնդմամբ, սակայն` մեր ուսուցիչներն այսօր գնահատված են, մեկ դրույքը կազմում է 120 000 դրամ, ուսուցիչների համար մշակվում են սոցիալական փաթեթներ:

200 հազարական դրամով պետք է պարգեւատրվեին նաեւ Ջավախքի ուսուցիչերը, սակայն նրանք միջոցառմանը ներկա չէին: Կազմակերպիչները նշեցին, որ Վրաստանի կրթության նախարարությունը դեռեւս իր համաձայնությունը չի տվել:

«Մաքսլիբերթի»-ի հարցին, թե արդյոք Վրաստանի կառավարության հետ լուծվեցին հարցերը կապված դպրոցների հետ համագործակցության, դասագրքեր Ջավախքի դպրոցներ ուղարկելու խնդիրների հետ, Աշոտյանը պատասխանեց. - «Բոլոր խնդիրները կա'մ լուծվել են, կա'մ լուծման փուլում են: Դասագրքերի խնդիրները եւս հարթվում են` ըստ իրենց առաջնահերթությունների»:
XS
SM
MD
LG