Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու հարց դեռեւս չի քննարկել


ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նորընտիր խորհրդարանում այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու հարց ՀՀԿ-ն դեռեւս պաշտոնապես չի քննարկել:

«Մենք դեռեւս գործադիր մարմնի նիստ չենք հրավիրել: Շատ հավանական է, որ գործադիր մարմնի նիստ կհրավիրվի այս շաբաթվա երկրորդ կեսին: Դրանից հետո կխոսենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կոալիցիա կազմելուն, ապա, Շարմազանովի խոսքով` այդ մասին խոսակցությունները դեռեւս «տեսական բնույթ ունեն»:

«Կոնկրետ ես կողմ եմ, որպեսզի Հանրապետականը իրականացնի քաղաքականությունը, որը բխում է իր որդեգրած սկզբունքներից: Իսկ Հանրապետականի ղեկավարն էլ այն քաղաքական գործիչն է, այն պետական գործիչն է, որը միշտ եղել է համերաշխության, միասնականության եւ կոնստրուկտիվիզմի ջատագովը», - հավելեց նա:

«Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակում 9-րդ հորիզանականը զբաղեցնող Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը չի քննարկվում` հավելելով. - «Կարող էր քննարկվել, եթե նման առաջարկություն լիներ»:

Հովհաննիսյանի կարծիքով, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կարելի է կազմել միայն մեկ դեպքում, եթե Հանրապետականն ընդունի, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլել ժողովրդի իրական տրամադրությունները:

«Չի կարելի խրախուսել իշխող ուժի ձգտումը` քողարկելու սեփական պատասխանատվությունը արհեստածին կոալիցիոն ձեւաչափի ստեղծման միջոցով», - ասաց նա` հավելելով, որ եթե «ՀՀԿ-ն ազնիվ չգտնվի, կոալիցիայի ստեղծումը ինքնանպատակ կլինի». - «Գնդակը այսօր Հանրապետականի դաշտում է: Եթե Հանրապետականը չփորձեց անկեղծ եւ շիտակ գնահատել ստեղծված իրավիճակը, որ եղել են «տեխնիկական» պրոբլեմներ: Դա կարող են իրենք չպատճառաբանել, բայց ընդունել, որ չի արտացոլում: Ինչպես նաեւ խորամուխ լինել այն հայտարարության բովանդակությանը, որը հրապարակել էր միասնական ընտրական շտաբը, ապա այդ դեպքում կոալիցիայի ստեղծումը դառնում է ինքնանպատակ եւ դառնում է ընդամենը ստեղծված վիճակի համար բացարձակ պատասխանատվության քողարկման միջոց: Իսկ իրավիճակը շատ բարդ է, լուրջ է», - ասաց նա:

Հովհաննիսյանն «անտրամաբանական» է համարում, որ հնարավոր կոալիցիայի կազմում ընդգրված լինի նաեւ «Օրինաց երկիր»-ը, քանի որ վերջինիս ստացած ձայները «համեմատելի չեն» ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գրանցած արդյունքների հետ:

Հովհաննիսյանը կողմ է ոչ թե կոալիցիայի, այլ Ազգային ժողով անցած քաղաքական ուժերի մասնակցությամբ Ազգային համաձայնության կառավարության ձեւավորմանը:

Անցած շաբաթավերջին այս հարցին անդրադարձել էր համեմատաբար վերջիրս ԲՀԿ-ին անդամակցած Վարդան Օսկանյանը` կտրականապես դեմ արտահայտվելով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարին:

Անցած շաբաթավերջին ԲՀԿ-ի ցուցակից նաեւ ինքնաբացարկի բազմաթիվ դիմումներ եղան: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ շուրջ 20 դիմում են ստացել:

Ինքնաբացարկ ներկայացնողների թվում են Քաղաքակաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավորներ Արամ Սաֆարյանը, Ռուբեն Գեւորգյանը, Վահագն Մաքսուդյանը, Հրանտ Մադաթյանը, Մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը:

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ Խաչիկ Գալստյանը: Նրա խոսքով, այդպիսի որոշում է կայացվել «կուսակցական ներքին քննարկումների արդյունքում»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ինքնաբացարկի այդ դիմումները հանձնաժողովը դեռ չի ստացել:

please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG