Մատչելիության հղումներ

Մեծամասնական թեկնածուներից ամենաշատ գումար ծախսել է Սամվել Ֆարմանյանը


Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյան
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված տվյալների` նախընտրական քարոզչության ընթացքում ամենաշատ գումար ծախսել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Նրանց շարքում առաջատարը Սամվել Ֆարմանյանն է, ով աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, Հայաստանի նախագահի աշխատակազմում:

Ըստ օրենքի, թեկնածուի հիմնադրամը համալրվում է երեք աղբյուրից` թեկնածուի անձնական միջոցներից, առաջադրած կուսակցության տրամադրած միջոցներից եւ ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:

Թիվ 2 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ֆարմանյանը նախընտրական քարոզչության համար ծախսել է օրենքով թույլատրվող առավելագույն չափով` մոտ 10 միլիոն դրամ: Ֆարմանյանն ասում է, որ գումարի հիմնական մասը իր ընկերների նվիրատվություններից էր գոյացել: Նա իր մրցակցից 20 անգամ ավելի շատ գումար է ծախսել: Ֆարմանյանի մրցակիցը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն էր, ով քարոզարշավին ծախսել է մոտ կես միլիոն դրամ:

Փաստորեն Ֆարմանյանն ավելի շատ գումար է ծախսել, քան իրենց կարողություններով աչքի ընկնող այլ թեկնածուներ ինչպես Հանրապետականից, այնպես էլ այլ կուսակցություններից:

Ֆարմանյանն այս դիտարկման վերաբերյալ, անուններ չտալով, նշում է, որ հենց քաղաքացիները կարող են իրականությունն ասել չհայտարարագրված գումարների մասին. - «Ընդհանրապես գումարների մասին հարցրեք պարզ քաղաքացիներին, թե ով ինչքան է ծախսել: Եվ նաեւ ձեզ համար հետաքրքիր բաներ կբացահայտեք, թե չհայտարարագրված գումարները որոշ դեպքերում ինչ ուղղությամբ են ծախսվել եւ ում կողմից»:

Հանրապետականի կողմից առաջադրված ու խորհրդարան անցած Սամվել Ալեքսանյանը ծախսել է մոտ 2.5 միլիոն դրամ` 4 անգամ պակաս, քան Ֆարմանյանը:

Իր կարողությամբ աչքի ընկնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տասն անգամ քիչ գումար է ծախսել, քան Ֆարմանյանը: Փոխարենը Ծառուկյանի ղեկավարած բարեգործական հիմնադրամը քարոզարշավի ընթացքում տրակտորներ նվիրեց գյուղերին:

Միջազգային դիտորդներն անդրադարձան այս հանգամանքին` նշելով, որ դա փաստացի կուսակցության քարոզարշավի բաղադրիչ է: «Բարգավաճ»-ը հետագայում հայտարարեց, թե տրակտորներ տրամադրելը ընտրակաշառք չէ:

Ֆարմանյանին ծախսած գումարի մեծությամբ հաջորդում է կրկին հանրապետական Արթուր Ստեփանյանը` 9 928 000 դրամ (նա Ֆարմանյանից ընդամենը մոտ 60 հազար դրամ է քիչ ծախսել): Ստեփանյանը «Քեթրին» բարեգործական կազմակերպության նախագահն է:

Գրեթե նույնքան գումար է ծախսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը: Նա պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից: Բալասանյանը մրցակից չուներ:
Նա եւ նրա ընտանիքը հայտնի են որպես Գյումրիի գարեջրի գործարանի սեփականատերեր:

Խորհրդարան անցած «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ծախսել է 285.000 դրամ` գովազդային պաստառների պատրաստման ու տեղադրման համար: Կուսակցության մյուս փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, համաձայն ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերի, իր նախընտրական հիմնադրամում առկա կես միլիոն դրամից որեւէ գումար չի ծախսել: Բիշարյանը, սակայն, արտաքին գովազդի համար պայմանագիր է կնքել ու պարտավոր է կես միլիոն դրամն էլ վճարել այդ ծառայության համար:

Խորհրդարան անցած «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների ծախսած գումարները չեն գերազանցում 5 միլիոն դրամը:

Ընտրություններում գումար չեն ծախսել ու նախընտրական քարոզչության շրջանակներում որեւէ միջոցառում չեն անցկացրել երկու թեկնածուներ` «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներ Հայկ Հովհաննիսյանը եւ Իշխան Խաչատրյանը: Նրանք, սակայն, իրենց նախընտրական հիմնադրամներում որոշակի գումար ունեցել են: Այս երկու թեկնածուներն էլ խորհրդարան չեն անցել:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ Հայաստանում ամենեւին կապ չունի, թե նախընտրական քարոզչության շրջանում ով որքան գումար է ծախսում: Բադալյանն ասում է, որ թեկնածուները պարզապես գումարներ ծախելով` ցույց են տալիս, թե իբր կատարում են օրենքի պահանջները. - «Հանրապետականների կողմից ստեղծվել է մի համակարգ, որը ապահովում է ցանկալի արդյունք: Այդ իսկ պատճառով էական չէ հաշվել, թե ՀՀԿ-ն, մեծամասնական պատգամավորը ծախսել է 1 միլիոն դրամ, թե 101 միլիոն դրամ»:

Բադալյանը նշում է, որ իշխանության թեկնածուներն իրականում ավելի շատ գումար են ծախսում, քան ցույց են տալիս փաստաթղթերում. - «Դրանք հիմնականում ուղղվում են ընտկաշառքների վրա»:

please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG